Երիկամ

Երիկամները (rens) զույգ օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:

Երիկամի արտաքին տեսքը
Երիկամն ունի լոբու ձև: Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի: Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior): Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ: Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը (hilus renalis), որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը: Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ: Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին: Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը: Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ: Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է շարակցական հյուսվածքի մի միջնաշերտով: Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է լյարդին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը (impressio renalis): Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է հաստ աղիքի աջ ծունկը: Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է duodenum-ի վայրէջ հատվածը: Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է ստամոքսին, իսկ միջին երրորդականում` ենթաստամոքսային գեղձին: Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է փայծաղին: Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է նրբաղիքի գալաներին:

Երիկամների պատյանները
Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով(tunica fibrosa), որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին: Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից: Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ`մկանայաին պատյանը(tunica muscularis): Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը (capsula adipose): Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է: Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ` երիկամային փակեղը(fascia renalis), որն ունի երկու թերթիկ` առջևի (lamina prerenalis) և հետին (lamina retrorenalis): Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են:

Միջուկային նյութ և երիկամային բրգեր (Pyramides renales): Երիկամային մարմնիկը(կծիկը և Շումլյանսկ-Բոումենի պատիճը) և նրանից սկսվող միզային խողովակիկը նրա բաժինների հետ (առաջին կարգի ոլորուն խողովակը, հենլեյանԵրիկամ կանթը, երկրորդ կարգի ոլորուն խողովակը) կազմում են երիկամի կառուցվածքա-ֆունկցիոնալային միավորը` նեֆրոնը (nephron): Նեֆրոնի ֆունկցիաներն են` կծիկի էպիթելի միջով Շումլյանսկ-Բոումենի պատիճի մեջ են արտազատվում արյան շուրջը և հանքային աղերը, իսկ առաջին կարգի ոլորուն խողովակների էպիթելի միջով` մեզի օրգանական նյութերը: Յուրաքանչյուր երիկամում գտնվում է մինչև մեկ միլիոն նեֆրոն, որոնք միանալով կազմում են երիկամային նյութի հիմնական զանգվածը: Երիկամի և նրա կառուցվածքային միավորի` նեֆրոնի կառուցվածքը հասկանալու համար պետք է նկատի ունենալ նրա արյունատար համակարգը: Երիկամային զարկերակը սկիզբ է առնում աորտայից և ունի բավականին մեծ տրամագիծ, որը համապատասխանում է օրգանի մեծությանը, իսկ գլխավորը` նրա մեզարտազատիչ ֆունկցիա է, որը կապված է արյան ֆիլտրացիայի հետ: Երիկամային զարկերակը երիկամի դրունքի մոտ երիկամի բաժինների համապատասխան բաժանված է վերին բևեռի համար` aa. Polares superiores-ի, ստորին համար` aa. polares inferiors-ի և կենտրոնական մասի համար` aa. Centralis-ի: Երիկամի պարենքիմի մեջ այդ զարկերակները անցնում են բուրգերի, այսինքն` երիկամի բլթերի արանքներով և դրա համար կոչվում են միջբլթային զարկերակներ(aa. Interlobares): Բրգերի հիմերին մոտ կեղևային և միջուկային նյութերի սահմանում նրանք կազմում են զարկերակային աղեղներ`aa. arcuatae, որոնցից դեպի կեղևային նյութ են գնում միջբլթակային զարկերակները (aa. interiobulares),: Միջբլթակային զարկերակներից դուրս են գալիս զարկերակներ, որոնք անմիջապես մասնակցություն ունեն կծիկի կազմությանը: Սրանցից յուրաքանչյուրը կոչվում է առբերող անոթ (vas afferens), որը միզային խողովակի սկզբնական մասում` Շումլյանսկ-Բոումենի, պատիճում վեր է ածվում մազանոթային կծիկի (glomerulus): Այսպիսով, երիկամներում կան մազանոթների 2 համակարգեր, որոնցից մեկը զարկերակները միացնում է երակներին, իսկ մյուսը` հատուկ բնույթի է և ունի անոթային կծիկի ձև, որի մեջ արյունը պատիճի խոռոչից բաժանված է միայն երկշերտ տափակ բջիջներով` մազանոթների էնդոթելով և պատիճի էպիթելով: Այս հանգամանքը բարենպաստ պայմաններ է ստեղծում արյունից արտազատելու ջուրն ու նյութափոխանակության արգասիքները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին