Մխիթար Հերացի

Մխիթար Հերացի (Մոտ 1120 թ., Հեր,  Պարսկահայք  (այժմ՝ Խոյ, Իրանում), 1200 թ.) -  Մխիթար Հերացին միջնադարյան հայ բժշկության ամենաականավոր ներկայացուցիչն է, հայկական դասական բժշկական դպրոցի հիմնադիրը:Մասնագիտական կրթությունն ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ XII դ. 60-ական թթ. արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։ Բժշկի գործունեության հետ միաժամանակ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել մարդակազմության, ախտաբանության, ակնաբուժության, դեղագիտության ու բնագիտության հարցերի նկատմամբ, դարձել հայ բժշկության մի շարք ճյուղերի հիմնադիր և ստեղծել արժեքավոր երկեր, որոնցից պահպանվել են սոսկ մասունքներ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանումձեռ)։ 

Աչքի մասին  Հերացու ուսմունքը (որը հետագայում զարգացրեց Ամիրդովլաթ Ամասիացին) ն աչքի հիվանդությունների (Եղջերաթաղանթի բորբոքում, տրախոմա, գլաուկոմա) կլինիկական նկարագրություններն ու բուժման համար առաջադրած բարդ դեղատոմսերը գիտական մեծ հետաքրքրություն ունեն։ Դեղագիտության ու դեղագործության բնագավառների հայ ժողովրդական ու դասական բժշկության փորձն ի մի բերելով՝ այս շրջանում Մխիթար Հերացին արդեն շարադրել էր իր մեծահամբավ «Ախրապատինը» (մեզ չի հասել)։

XII դ. 80-ական թթ. Գրիգոր Դ Տղայի պատվերով Մ. Հերացին գրել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված և «երկրային ախտաբանություն» համարվող տենդային հիվանդություններին նվիրված «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը («անուանեցաք «Ջերմանց մխիթարութիւն», զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիվանդն՝ առողջութեամբ»)։ Գիրքը գրված է ժամանակի խոսակցական լեզվով՝ «գեղջուկ և արձակ բարբառով, զի դիւրահաս լիցի ամենայն ընթերցողաց», և նվիրված է տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության (կլինիկայի), կանխարգելման ու բուժման հարցերին։ Զբաղվել է այդ հիվանդությունների ախտաբանության հարցերով և ըստ ախտաբանական առանձնահատկությունների   ներկայացրել   ջերմերի դասակարգումը։ Զարգացնելով տենդային հիվանդությունների վերաբերյալ ուսմունքը՝ նա տարբերակել է երեք տեսակի ջերմեր՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» (հեկտիկ)։

Հետևելով անտիկ բնափիլիսոփայական պնևմատիկ տեսությանը՝ «միօրյա» (թռուցիկ բնույթի) ջերմերը կապել է հոգու (pneuma) ախտահարման հետ։ «Բորբոսային» հիվանդությունների բնութագրման հարցում Մ. Հերացին ցուցաբերել է ուրույն մոտեցում. անտիկ բժիշկներն այդ հիվանդությունները բացատրում էին չորս հեղուկների կամ հեղահյութերի (humor)՝ արյան, լորձի, դեղին ու սև մաղձերի նեխմամբ։ Մ. Հերացին, չհերքելով հումորալ տեսության ընդհանուր դրույթները, հիշյալ ջերմերի ծագումը բացատրել է արյան, մաղձի և լորձի մեջ «բորբոսային» գործոնի ներթափանցմամբ։ Ըստ Է. Ջեյդելի և Լ. Հովհաննիսյանի, մինչմանրէաբանական շրջանի բոլոր պատկերացումներից վարակական պրոցեսի արդի ընկալմանն ամենամոտ կանգնածը «բորբոսի» գաղափարն էր։ Մ. Հերացու կարծիքով «բորբոսային» գործոնը կարևոր դեր է կատարում նաև չարորակ ուռուցքների, մասնավորապես քաղցկեղի, առաջացման գործում։ Երրորդ՝ «հալևմաշ» խմբի ջերմերի գոյացումը, հեղահյութերից բացի, կապում էր նաև մարմնի պինդ մասերի (ոսկրերի, հոդերի, ջլերի) ախտահարման հետ։ Հետագա դարերի հայ բժիշկները (սկսած Գրիգորիսից) «բորբոսի» գաղափարը տարածեցին նաև այլ հիվանդությունների վրա և «հալևմաշ» ջերմերը նույնպես դասեցին «բորբոսայինների» կարգը։ Ջերմերը դասակարգելիս Մ. Հերացին զարգացրել է նաև պատճառագիտական ուսմունքը, որը մատերիալիստորեն հիմնավորել է դեռևս Հիպոկրաւոը՝ հիվանդությունների առաջացումը բացատրելով ինչպես արտաքին, այնպես և ներքին միջավայրի (շոգ, ցուրտ, անորակ սննդանյութեր, քիմիական նյութեր, հոգեկան ապրումներ) զանազան վնասակար գործոնների ազդեցությամբ։

«Բորբոսային» ջերմերից մեկի առիթով Մ. Հերացին զգուշացնում է վարակից զերծ լինելու համար հեռու մնալ հիվանդից։ Նրա համոզմամբ վարակ կարոդ Են տարածել նաև կենդանիները, ուստի պետք է օգտագործել միայն առողջ կենդանու կաթը։ Սա նոր խոսք էր ժամանակի բժշկության մեջ։ Տենդային հիվանդությունների վերաբերյալ նրա դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության՝ հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա, հաշվի առնելով անամնեստիկ (հիվանդության պատճառը, բնույթը, ուղեկցող երևույթները, հիվանդի տարիքը, խառնվածքը, սովորույթները, կենսական ուժերը, բնակավայրը, կլիմայական պայմանները) և օբյեկտիվ (հիվանդի արտաքին տեսքը, ներքին օրգանների վիճակը, պուլսը, մեզի, խորխի ևնի վիճակը) տվյալները՝ կիրառելով զննման, շոշափման և ընդբախման մեթոդները։ Մեծ բժշկապետը տենդային հիվանդություններից զատել է ալերգիաների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդային, հոգեկան և այլն) և կանխագուշակել ալերգոլոգիայի հետագա զարգացման ուղին։ «Բորբոսային» ջերմերը կազմում են երկի հիմնական մասը, ընդգրկում «բորբոսային» ջերմերի, այսինքն՝ բուն վարակիչ հիվանդությունների (մալարիա, տիֆ, սեպտիկ հիվանդություններ, կարմիր քամի, ծաղիկ, պալարախտ և այլն) վերաբերյալ տեղեկություններ։ Նկարագրել է տենդային հիվանդությունների զարգացման 4 փուլ, որը համապատասխանում է Հիպոկրատի դասակարգմանը, և բուժման ընթացքում հաշվի առել հիվանդի առանձնահատկությունները։

Մշակել է համակցված բուժման ուրույն համակարգ, որն ընդգրկում է դեղորայքային, սննդային և ֆիզիկական միջոցները (լոգանք, սառը շփում, մերսում, ինհալացիա)։ Հատկանշական է նրա առաջարկած դեղորայքային բուժումը, որ հենվում է նախ բույսերի, ապա կենդանական ու անօրգանական նյութերի բուժիչ հատկությունների վրա։ Վարակիչ-ալերգիական հիվանդությունների բուժման նպատակով առաջարկել է մի շարք բույսեր, ծաղիկներ (վարդ, մանուշակ, շուշան, նունուֆար), մրգեր (նուռ, Փշատ, սալոր, խնձոր), բանջարեղեն (բամիա, ավելուկ, կոտեմ, ռեհան, ծնեբեկ), վայրի բույսեր (կապար, ուրց, մատուտակ և այլն), որոնց մի մասը կիրառվում է նաև սննդաբուժության մեջ։ Բժշկության մեջ մեծ տեղ էր հատկացնում ծծմբին, հայքարին, հայկավին (լայնորեն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ), ցինկին, թանկարժեք քարերին և անօրգանական այլ նյութերի։Մ. Հերացու բուժական համակարգում կարևոր տեղ ունեն նաև պսիխոպրոֆիլակտիկայի ու պսիխոթերապիայի տարրերը, բժշկի ազդու խոսքը, երաժշտության բուժիչ ուժը և այլն։ Նա հայ միջնադարի բժշկության նորարար էր, կիլիկյան բժշկական դպրոցի հիմնադիրը, որի ավանդները հետագայում շարունակեցին անվանի բժշկապետներ Ստեփաննոսը, Գրիգորիսը, Ամիրդովլաթ Ամասիացին։ Մ. Հերացու բժշկագիտական երկերում արտահայտվել է նրա մատերիալիստական բնափիլիսոփայական աշխարհայացքը, որն ընդհանուր ոչինչ չունի աստվածաբանության հետ։

Հոգին («շունչը») մարդու իսկ մարմինն է, նրա մի մասը և կատարում է «բուսական», «կենդանական» ե «իմացական» ֆունկցիաներ։ Այդ հասկացություններում չկա ոչինչ գերբնական ու միստիկական։ Մարմնի հետ մահանում է և հոգին։ Մ, Հերացին շեշտում է փորձի դերը գիտական իմացության, առանձնապես բժշկագիտության մեջ, առաջարկում հիվանդության պատճառները բացահայտել փորձնական ճանապարհով։ Նա այդ պատճառները փնտրում է իրականության մեջ (արտաքին միջավայր, աշխատանքային պայմաններ և այլն)։ Մ. Հերացին թեև չկարողացավ լիովին հրաժարվել միջնադարում դոգմա դարձած հումորալ տեսության դրույթներից, սակայն նրա առաջադրած «բորբոսի» վարկածը վարակիչ հիվանդությունների ու քաղցկեղի առաջացման վերաբերյալ ժամանակակից տեսությունների կանխագուշակումն էր։ Զարգացրել է հարուցիչ գործոնների մասին Հիպոկրատի բնափիլիսոփայական ասմունքը («հակառակը հակառակով» բուժելու) և հիվանդության փուլերի  մասին նրա սկզբունքները։Մ. Հերացու երկերում «մեծ փիլիսոփա Սինայի որդու» (Աբու Ալի Իբն-Սինա) «Կանոնից» քաղումները բազմաթիվ են, ու նրա նման Մ. Հերացին ևս բնության երևույթների նկատմամբ մատերիալիստական մոտեցում, ինքնուրույն մտածողության և հելլենիստական դպրության նկատմամբ մեծ սեր է ունեցել։ Համաշխարհային բժշկության ու բնագիտության պատմության մեջ բժշկապետի դերը բարձր է գնահատել նրա երկի գերմաներեն թարգմանող է. Զեյդելը։Մ. Հերացու գիտական ժառանգության մեկուկես դար առաջ սկսված ուսումնասիրությունը թևակոխել է մի նոր փուլ, բուսաբուժության բնագավառում մեծ բժշկապետի հարուստ փորձը ժամանակակից բժշկության համար լուրջ ուշադրության և հետազոտման առարկա է դարձել։ «Ջերմանց մխիթարություն» աշխատությունն առաջին անգամ հրատարակվել է Վենետիկում՝ 1832-ին, 1955-ին՝ Երևանում (ռուսերեն) ընդարձակ ուսումնասիրությամբ և  ծանոթագրություններով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Տես նաև` Միթար Հերացու Մեդալ