Զարկերակ

Ըստ կառուցվածքի զարկերակները լինում են երեք տեսակի՝ առաձգական, մկանային ու խառը (մկանաառաձգական): Բոլոր զարկերակների և երակների պատերը կազմված են երեք շերտից՝ ներքին (tunica interna), միջին (tunika media) և արտաքին (tunica externa):  Առաձգական զարկերակ (arteriae elastotypica): Սրանք մեծ տրամաչափի անոթներն են, ինչպես աորտան և թոքային զարկերակը, որոնցով արյունը հոսում է բարձր ճնշման տակ (120–130 մմ սնդ. սյուն) և մեծ արագությամբ (0,5–1,3 մ)վրկ. (: Այդ անոթներում արյունը լցվում է անմիջապես սրտից կամ աորտայի աղեղից: Մեծ տրամաչափի զարկերակները հիմնականում փոխադրական ֆունկցիա են կատարում: Առաձգական տարրերի (թելերի, թաղանթների) մեծ քանակի առկայությամբ այդ անոթները կարող են լայնանալ սրտի կծկման և վերադառնալ ելման դրության թողանքի (դիաստոլա) ժամանակ:

Այսպես, օրինակ, աորտայի ներքին թաղանթը ներառում է էնդոթելը (endothelium), ենթաէնդոթելային շերտը (stratum subendotheliale) և առաձգական թելերի հյուսակը (plexus fibroelasticus): Մարդու աորտայի էնդոթելը կազմված է հիմային թաղանթի վրա դասավորված տարբեր ձևի ու չափսերի բջիջներից: Անոթի երկարությամբ բջիջների ձևն ու չափսերը նույնը չեն: Բջիջները երբեմն հասնում են մինչև 500 մկմ երկարության և 150 մկմ լայնության: Դրանք հիմնականում միակորիզ են, բայց լինում են նաև բազմակորիզ: Կորիզների չափսերը նույնպես տարբեր են: Էնդոթելային բջիջներում էնդոթելային ցանցը թույլ է զարգացած և ռիբոսոմների քանակը քիչ է: Միտոքոնդրիումները բազմաքանակ են (200–700), ձևով ու չափսերով բազմազան, միկրոֆիլամենտները՝ շատ: Ենթաէնդոթելային շերտը կազմված է փուխր, բարակ թելակազմ շարակցական հյուսվածքից, հարուստ՝ աստղաձև բջիջներով: Ենթաէնդոթելային շերտը աորտայում զգալիորեն հաստ է և կազմում է պատի հաստության 15–20 %–ը: Այդ շերտում հանդիպում են հարթ մկանային բջիջներ (հարթ միոցիտներ): Աորտայի ներքին թաղանթի, ինչպես նաև մյուս թաղանթների միջբջջային նյութում հատուկ մշակմամբ քիչ քանակով հայտնաբերվում են գլիկոզամինոգլիկաններ ու ֆոսֆոլիպիդներ: Հիմնական ամորֆ նյութը մեծ դեր ունի անոթի պատի սնման գործընթացում: Այդ նյութի ֆիզիկաքիմիական վիճակով է պայմանավորված անոթի պատի թափանցելիությունը: Միջին ու բարձր տարիքի անձանց միջբջջային նյութում հայտնաբերվում են խոլեստերին և ճարպաթթուներ: Ենթաէնդոթելային շերտից ավելի խոր՝ ներքին թաղանթի կազմում, կա առաձգական թելերի խիտ հյուսակ՝ ներքին շրջանաձև ու արտաքին երկայնական շերտերով: Ներքին թաղանթը աորտային սրտից դուրս գալու տեղում կազմում է գրպանաձև երեք փեղկ («կիսալուսնաձև փականներ»):Աորտայի միջին թաղանթը կազմված է 40–50 առաձգական թաղանթից (membranae elasticae fenestratae), որոնք իրար հետ կապված են առաձգական թելերով: Սրանք այլ թաղանթների առաձգական տարրերի հետ կազմում են միասնական հենքը: Թաղանթների միջև ընկած են հարթ մկանային բջիջներ, որոնք թաղանթներին զուգահեռ են և չունեն մեծ քանակությամբ ֆիբրոբլաստներ: Միջին թաղանթի այդպիսի կառուցվածքը պայմանավորում է աորտայի բարձր առաձգականությունը և սրտի ձախ փորոքի կծկման ժամանակ մեղմացնում է դեպի անոթները արտամղվող արյան հոսքը, ինչպես նաև նպաստում անոթապատի լարվածությանը թողանքի (դիաստոլա) փուլում: 

Աորտայի արտաքին թաղանթը կազմված է փուխր թելակազմ շարակցական հյուսվածքից՝ հաստ առաձգական ու կոլագենային թելերի մեծ պարունակությամբ, որոնք ունեն հիմնականում երկայնական ուղղություն: Աորտայի միջին և արտաքին թաղանթներով անցնում են սնող անոթներ (vasa vasorum) ու նյարդային ցողուններ (nervi vasorum): Արտաքին թաղանթը անոթը պաշտպանում է գերձգումից ու պատռվելուց: Խառը կամ մկանաառաձգական զարկերակներ (aa. mixtotypicae) կառուցվածքով ու ֆունկցիոնալ առանձնահատկություններով մկանային ու առաձգական տիպի անոթների միջև գտնվում են միջանկյալ դիրքում: Դրանցից են քնային ու ենթաանրակային զարկերակները: Այդ անոթների ներքին թաղանթը կազմված է հիմային թաղանթի էնդոթելից, ենթաէնդոթելային շերտից ու ներքին առաձգական թաղանթից (membrana elastica interna): Այդ թաղանթը գտնվում է ներքին և արտաքին թաղանթների սահմանին և անոթապատի այլ տարրերից ավելի հստակ է արտահայտված ու սահմանագծված: Խառը տիպի զարկերակի միջին թաղանթը կազմված է հարթ մկանային բջիջների, պարուրաձև առաձգական թելերի ու պատուհանավոր առաձգական թաղանթների մոտավորապես հավասար քանակներից: Հարթ մկանային բջիջների ու առաձգական տարրերի միջև հայտնաբերվում են քիչ քանակի ֆիբրոբլաստներ ու կոլագենային թելեր:

Զարկերակների արտաքին թաղանթում կարելի է առանձնացնել երկու շերտ՝ ներքին, որը առանձին հարթ մկանային բջիջների խրձեր է պարունակում, և արտաքին՝ կազմված գլխավորապես երկայնական ու թեք դասավորված կոլագենային ու էլաստիկ խրձերից, շարակցահյուսվածքային բջիջներից: Նրա կազմում կան անոթներ և նյարդաթելեր: Միջանկյալ դիրք գրավելով մկանային ու էլաստինային անոթների միջև՝ խառը տիպի զարկերակները (օրինակ՝ ենթաանրակայինները) ոչ միայն ուժեղ կծկվում են, այլ նաև ունեն մեծ առաձգականություն, որը հատկապես հստակ արտահայտվում է արյան ճնշման բարձրացման դեպքում: Մկանային տիպի զարկերակներ (aa. myotypicae): Սրանք բացառապես միջին ու փոքր տրամաչափի անոթներ են, այսինքն՝ զարկերակների մեծ մասը (մարմնի, վերջույթների ու ներքին օրգանների զարկերակներ): Այդ զարկերակների պատում կա հարթ մկանային բջիջների համեմատաբար մեծ քանակ, որն ապահովում է նրանց հավելյալ մղիչ ուժը և կարգավորում արյան հոսքը դեպի օրգաններ: Ներքին թաղանթը կազմում են էնդոթելը՝ հիմային թաղանթով, ենթաէնդոթելային շերտը և ներքին առաձգական թաղանթը: 

Էնդոթելային բջիջները ձգվում են անոթի երկայնական առանցքի ուղղությամբ: Ենթաէնդոթելային շերտը կազմված է առաձգական ու կոլագենային երկայնաձիգ թելերից, ինչպես նաև քիչ ձևավորված շարակցահյուսվածքային բջիջներից: Ենթաէնդոթելային շերտի հիմնական նյութում կան գլյուկոզամինոգլիկաններ: Ենթաէնդոթելային շերտը լավ զարգացած է միջին և փոքր տրամաչափի զարկերակներում և ավելի թույլ՝ մանր զարկերակներում: Ենթաէնդոթելային շերտից դեպի դուրս կա նրա հետ սերտ կապված ներքին առաձգական թաղանթ: Մանր զարկերակներում այն շատ բարակ է: Ավելի մեծ զարկերակներում առաձգական թաղանթը լավ արտահայտված է (հյուսվածաբանական պատրաստուկներում այն ունի ոլորուն, փայլուն առաձգական թիթեղի տեսք): Զարկերակի միջին թաղանթը կազմված է հարթ մկանային բջիջներից՝ դասավորված թեք պարույրով, որոնց միջև գտնվում են ոչ մեծ թվով ֆիբրոբլաստների տիպի շարակցահյուսվածքային բջիջներ և թելեր (կոլագենային և առաձգական): Կծկման դեպքում անոթի ծավալի փոքրացումը և արյան մղումը ծայրամասեր պայմանավորված է մկանային բջիջների այդ տիպի դասավորությամբ: Առաձգական թելերը ուղեկցում են մկանային բջիջներին, և արտաքին ու ներքին թաղանթների սահմանին նրանք միաձուլվում են առաձգական տարրերի հետ: Այսպիսով, ստեղծվում է միասնական առաձգական հենք, որը ձգման դեպքում անոթին տալիս էլաստիկություն, իսկ ճնշելու դեպքում՝ առաձգականություն: Առաձգական հենքը խոչընդոտում է զարկերակների սմքումը և պայմանավորում է նրանց անընդհատ բացումն ու արյան հոսքի անընդհատությունը:

Մկանային տիպի զարկերակների միջին թաղանթի հարթ մկանային բջիջներն իրենց կծկմամբ պահպանում են արյան ճնշումը, կարգավորում հոսքը օրգանների արյան շրջանառության մեջ: Միջին և արտաքին թաղանթների սահմանում ընկած է արտաքին առաձգական թաղանթը (membrana elastica externa): Այն կազմված է երկայնական հաստ, խիտ հյուսված առաձգական թելերից, որոնք երբեմն ընդունում են հոծ թիթեղի տեսք: Սովորաբար արտաքին առաձգական թաղանթը ներքինից լինում է բարակ ու ոչ բոլոր զարկերակների մոտ է լավ արտահայտված: Արտաքին թաղանթը կազմված է փուխր թելակազմ շարակցական հյուսվածքից, որտեղ շարակցահյուսվածքային թելերը ունեն թեք ու երկայնական ուղղություն: Այդ թաղանթում կան նյարդեր ու արյունատար անոթներ, որոնք սնում են պատը: Զարկերակների բոլոր թաղանթները բարակում են՝ պայմանավորված տրամագծի փոքրացմամբ: Ներքին թաղանթում միանգամից բարակում են ենթաէնդոթելային շերտը ու ներքին էլաստիկ թաղանթը: Մկանային բջիջների ու առաձգական թելերի քանակը միջին թաղանթում նույնպես աստիճանաբար պակասում է: Արտաքին թաղանթում պակասում են էլաստիկ թելերը, բարակում է արտաքին թաղանթը (տե°ս ստորև):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին