ԼեզուՄիջաձիգ-զոլավոր մկաններից բաղկացած մկանային օրգան է: Նրա ձևի և դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու և խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան: Լեզուն կազմված է գլխավոր մասից կամ մարմնից (corpus linguae), որը դարձած է դեպի ծայրը(apex), և ստորին-հետին մասից կամ արմատից (radix linguae), որի միջոցով լեզուն կպչում է ստորին ծնոտին և կորճոսկրին: Նրա վերին կորը երեսը դարձած է դեպի քիմքին ու ըմպանը և կոչվում է մեջք (dorsum): Դիակից անջատած լեզուն, եթե նախապես չեն պնդացրել ֆիքսող հեղուկում, կորցնում է իր մեջքի կորությունը և դառնում է տափակ: Լեզվի ստորին երեսը (facies infertor linguae) ազատ է միայն իր առջևի մասում, հետին մասը զբաղեցնում են լեզվի մկանները, որոնք կպչում են ստորին ծնոտին, կորճոսկրին և մախաթ ելունին: Կողքերից լեզուն սահմանվում է կողմնային եզրերով (margo laterals):

Լեզվի մեջքը բաժանում են երկու մասի` առաջային, մեծ(մոտ 2/3), բերանային մաս(pars oralis), որը համարյա հորիզոնական դիրք ունի բերանի խոռոչի հատակում, և հետին` ըմպանային մաս(pars pհaryngea), որը գրեթե ուղղաձիգ է և դարձած է դեպի ըմպանը: Լեզվի առաջային և հետին բաժինների սահմանում միջին գծի վրա գտնվում է մի փոսիկ, որը կոչվում է կույր անցք (foramen cecum linguae): Լեզվի առաջային բաժնի լորձաթաղանթը օժտված է բազմաթիվ պտկիկներով` Լեզվի պտկիկները(papillae linguales) լինում են հետևյալ ձևերի. Թելանման և կոնձև պտկիկներ(papillae filiformes et conicae),Սնկաձև պտկիկներ(papillae fungiformes),Պատնեշավոր(խրամապատ) պտկիկներ(papillae valatea),Թերթաձև պտկիկներ(papillae foliatae): Համազգաց պտկիկներում կան ծայրամասային նյարդային վերջույթներ, որոնք կազմում են համի զգայական համակարգի ընկալիչները: Լեզվի մկաններն առաջացնում են նրա մկանային զանգվածը, որը երկարաձիգ ֆիբրող խտրոցով (septum linguae) բաժանվում է երկու համաչափ կեսերի: Խտրոցի վերին եզրը չի հասնում մինչև լեզվի մեջքը: Լեզվի մկանները բաժանվում են 2 խմբի`արտաքին, կմախքային մկաններ, որոնք ոսկրերի վրա ունեն ամրացման կետ (punctum fixum) և իրենց կծկումներով փոփոխում են լեզվի դիրքը(m. genioglossus, m. hyoglossus և m. styloglossus) ներքին մկաններ, որոնք կպած չեն ոսկրերին, տեղավորված են լեզվի հաստության մեջ և փոփոխում են լեզվի ձևը (mm.longitudinales superaior et inferior. transversus և verticalis):

Ավելի ճիշտ է լեզվի մկանները , ըստ զարգացման, կառուցվածքի և ֆունկցիայի բաժանել 3 խմբի.
I խումբ, որոնք սկսվում են ընդերային աղեղի ածանցյալներից` կզակալեզվային մկան (m. genioglossus):
II խումբ, որոնք սկսվում են ընդերային II աղեղի ածանցյալներից` մախաթ-լեզվային մկան (m. styloglussus), վերին երկայնաձիգ մկան (m. longitudinalis superior), ստորին երկայնաձիգ մկան (m. longitudinalis inferor):
III խումբ, որոնք սկսվում են ընդերային III աղեղի ածանցյալներից` կորճալեզվային մկան(m. hyoglossus), լեզվի լայնական մկան(m. transverses linguae):

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին