Գերզգայունություն (ատամների)

Ատամների գերզգայունությունԳերզգայնությունը ատամի հյուսվածքների զգայնության բարձրացումն է ջերմային, մեխանիկական և քիմիական գրգռիչների նկատմամբ: Այս երևույթը կարող է առաջանալ կարիեսի, ոչ կարիեսային ախտահարումների, պարոդոնտի հիվանդությունների, նյարդային, ներզատիչ, մարսողական համակարգերի, դաշտանադադարի, նյութափոխանակության խանգարումների և այլ հիվանդությունների ժամանակ:

Դասակարգում: (Յու. Ֆյոդորով)
Ա. Ըստ տարածվածության՝
1.Սահմանափակ գերզգայնություն (առանձին ատամների գերզգայնություն):
2.Տարածուն գերզգայնություն (ատամների մեծ մասի զգայնության բարձրացում պարոդոնտի հիվանդությունների, ախտաբանական մաշվածության դեպքում և այլն):

Բ. Ըստ ծագման՝
1.Ատամի կարծր հյուսվածքների կորստի հետ կապված գերզգայնություն (կարիես և ոչ կարիեսային ախտահարումներ);
2. Գերզգայնություն առանց ատամների կարծր հյուսվածքների կորստի (պարօդոնտի և մի շարք ընդհանուր հիվանդությունների դեպքում):

Գ. Ըստ կլինիկական ընթացքի՝
1-ին աստիճանի գերզգայնություն - զգայնության բարձրացում ջերմային գրգռիչների նկատմամբ, ԷՕԱ 5- 8մկԱ;
2-րդ աստիճան - զգայնության բարձրացում ջերմային և քիմիական գրգռիչների նկատմամբ, ԷՕԱ 3 - 5մկԱ;
3-րդ աստիճան - զգայնության բարձրացում բոլոր տեսակի գրգռիչների նկատմամբ, ԷՕԱ 1.5 - 3.5մկԱ:

Կլինիկական պատկեր: Գերզգայնությունն ունի զանազան դրսևորումներ: Հիվանդները հիմնականում գանգատվում են ինտենսիվ, բայց արագ անցնող ցավերից, որոնք կարող են առաջանալ ջերմային, քիմիական և մեխանիկական գրգռիչներից: Երբեմն հնարավոր է ցավի ճառագայթում: Զննման ժամանակ հետազոտվում է ատամների կարծր հյուսվածքների և պարոդոնտի վիճակը: Ատամի զգայնությունը որոշելու համար օգտագործում են զոնդ (մեխանիկական գրգռիչ) և տարբեր հեղուկներով թրջված բամբակե գնդիկներ (սառը ջուր, 4%-անոց գլյուկոզա):

Տարբերակիչ ախտորոշում: Գերզգայնությունը անհրաժեշտ է տաբերակել սուր պուլպիտից, քանի որ երկուսի դեպքում էլ հիվանդները նշում են սուր ցավ և դժվարանում են մատնանշել հիվանդ ատամը: Պուլպիտի ժամանակ ցավը երկարատև է, ուժեղանում է գիշերը, ԷՕԱ 20մկԱ և ավելի: Գերզգայնության ժամանակ ԷՕԱ նորմայի սահմաններում է` 2 – 6 մկԱ:

Բուժում: Բուժուման համար կիրառում են ռեմիներալիզացիոն թերապիա: Եթե գերզգայնության պատճառ է հանդիսանում ատամի վզիկի կամ արմատի ցեմենտի մերկացումը, ապա բացի ռեմիներալիզացիոն թերապիայից, կիրառում են դենտինի և ցեմենտի մակերեսները հերմետիզացնող միջոցներ` արմատային հերմետիկներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին