Անոթային համակարգ

Անոթային համակարգԱնոթային համակարգը իր մեջ ընդգրկում է հաջորդաբար իրար հետ կապված արյան մեծ և փոքր շրջանառությունները։ Արյան մեծ շրջանառությունը սկսվում է ձախ փորոքից՝ աորտայով։ Վերջինս ճյուղավորվում է ավելի փոքր տրամաչափի զարկերակների և ապա՝ զարկերակիկների և մազանոթների։ Զարկերակային (թթվածնով հարուստ) արյունը մազանոթներում գազափոխանակություն և նյութափոխանակություն է կատարում հյուսվածքների հետ և վերածվում երակային արյան, որը հոսում է երակիկներով, հետո երակներով և վերին ու ստորին սիներակներով վերադառնում է աջ նախասիրտ։

Արյուն է մատակարարում բոլոր օրգաններին և հյուսվածքներին։ Երակային համակարգի նման կառուցվածքային օրինաչափությունը չի տարածվում լյարդի և փայծաղի արյան շրջանառության վրա, որտեղ ձևավորվում է ևս մեկ մազանոթային ցանց, որից երակային արյունը թափվում է ստորին սիներակի մեջ։ Արյան փոքր շրջանառությունը թոքայինն է։ Փոքր շրջանառություն կատարող արյունը սրտի աջ փորոքից թոքային ցողունով, այնուհետև թոքային զարկերակներով գալիս է թոքերը, անցնում մազանոթներով և թոքային չորս երակներով վերադառնում դեպի սրտի ձախ փորոքը։ Շնորհիվ այդ շրջանառության, երակային արյունը թոքերում գազափոխանակություն է կատարում ալվեոլային օդի հետ և վերածվում զարկերակայինի։ Արյան մեծ և փոքր շրջանառության միջև գոյություն ունի սկզբունքային ֆունկցիոնալ տարբերություն։

Արյան ծավալը, որը որոշակի ժամանակահատվածում մղվում է դեպի մեծ շրջանառություն, պետք է բաժանվի բոլոր օրգանների և հյուսվածքների միջև, որոնց պահանջը արյան մատակարարման նկատմամբ տարբեր է նույնիսկ հանգստի ժամանակ, իսկ կախված օրգանի գործունեության հետ անընդհատ փոփոխվում է։ Այդ բոլոր փոփոխությունները հսկվում և կարգավորվում են մի շարք մեխանիզմներով։ Թոքերի անոթները, որոնց միջով անցնում է արյան նույն քանակությունը, աջ սրտին ներկայացնում են հարաբերականորեն կայուն պահանջներ և հիմնականում կատարում գազափոխանակության և ջերմատվության ֆունկցիաներ։ Ուստի թոքային արյան հոսքի կարգավորումը համեմատաբար պարզ է։ Ողնաշարավորների ու մարդու արյան մեծ և փոքր շրջանառության անոթները սրտի հետ միասին կազմավորում են փակ համակարգ։ Արյան մշտական շրջապտույտի հիմնական նշանակությունը արյան ֆունկցիաների իրականացումն է։ Արյունը բոլոր օրգաններին հասցնում է թթվածին ու սննդարար նյութեր, նրանցից հեռացնում է կենսագործունեության արգասիքները։ Բացի արյունատար անոթների համակարգից, գոյություն ունի նաև ավշային անոթների համակարգ, որը միջբջջային տարածությունից հավաքում է հեղուկն ու սպիտակուցները, դրանք կրկին փոխադրելով արյունատար համակարգ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին