Լուսազգայուն օրգանների և ուղեղի բաժինների ամբողջությունը, որն ապահովում է տեսողական գրգիռների ընդունումը, անալիզը, պատկերների ընկալումը և կերպարի ձևավորումը։ Էվոլյուցիայի ընթացքում Տ. հ. կատարելագործվել է տեսողության օրգանների ու նյարդային համակարգի զարգացման հետ։ Զարգացած տեսողության օրգաններով կենդանիների մոտ լուսաընկալիչները բազմաշերտ նյարդային գոյացության՝ ցանցաթաղանթի մուտքային տարրերն են։ Ցանցաթաղանթի վերջութային նյարդաբջիջների աքսոնները միավորվում են տեսողական նյարդի մեջ և ուղղվում ուղեղային բաժիններ։ Միջատների մոտ տեսողական կենտրոնները գտնվում են գլխուղեղի տեսողական բույթերում։ Ձկների, երկկենցաղների և սողունների հիմնական տեսողական կենտրոնը միջին ուղեղի գագաթային մասն է։ Կաթնասունների տեսողական ազդանշանները ցանցաթաղանթից մեծ կիսագնդեր են անցնում երկու ճանապարհով արտաքին ծնկանման մարմնի և վերին երկգագաթի միջոցով։ Հիմնական տեսողական գոտիները կենտրոնացած են կեղևի ծոծրակային, ինչպես նաև քունքային և այլ հատվածներում։ Բարձրակարգ ողնաշարավորների ցանցաթաղանթի նյարդաբջիջները քիչ մասնագիտացած են. տեսողական ինֆորմացիայի բազմազան և մանրազնին անալիզը իրականանում է գլխավորապես ուղեղի կենտրոններում: Շարժուն աչքերով կենդանիների Տ. հ. աշխատում է աչքը շարժող համակարգի հետ անընդմեջ կապի մեջ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին