Ի՞նչ պետք է իմանալ վինիրներ տեղադրելուց առաջ.

Հաճախ մեր ընթերցողները մեզ հղում են հարցեր ամենատարբեր ոլորտներից:
Doctors.am–ը որոշել է անդրադառնալ և գտնել  հաճախ տրվող հարցերի պատասխանները: 
Այսօր կներկայացնենք վինիրների մասին հաճախ տրվող տասը հարցերը.  

 

Եվ այսպես. Ի՞նչ պետք է իմանալ վինիրներ տեղադրելուց առաջ.
1. Արդյո՞ք ցավոտ է վինիրների տեղադրումը:

Ճիշտ և զգույշ աշխատանքի դեպքում տեղադրումը ցավոտ չէ:


2. Վնասո՞ւմ են վինիրները ատամների էմալը:
Որոշ չափով հղկվում է, բայց որպես օրենք և՛ եզրերը, և՛ ցանկալի է վինիրի ամբողջ մակերեսը, ավարտվի էմալի մակարդակի վրա:  


3. Պարտադիր է արդյո՞ք վինիրների պատրաստման ժամանակ հեռացնել ատամի կակղանը (նյարդը):
Ոչ պարտադիր չէ: Եթե հիմնարանային ատամը թեքված չէ մեծ անկյան տակ, և օրթոպեդիկ բուժում չի ներառվելու, ապա կակղանազերծում չի իրականացվում: 


4. Որքա՞ն երկար են ծառայում վինիրները:
Բավականին երկար: Իրենք ադհեզիվ կառույցներ են և, եթե օկլուզիոն խնդիրներ չեն առաջանում,  պացիենտը ճիշտ է օգտագործում և բժշկի տված ցուցումներին հետևում է, ուրեմն խնդիր չի ունենա:


5. Կարելի՞ է կոշտ սնունդ (խնձոր, գազար և այլն) ուտել, եթե բերանի խոռոչում կան վինիրներ:
Խնձոր, գազար կարելի է կծել, բայց բոլոր դեպքերում պետք է հիշել, որ ցուցված չէ, օրինակ, լավաշը  կծելու ժամանակ քաշել դեպի առաջ: Այն կարող է մակերեսային շերտը անջատել հիմքի շերտից: Պետք է խուսափել անջատող շարժումներ կատարելուց, որոնք կարող են վերտիկալ ուժի ազդեցությամբ պոկել վինիրը:


6. Կա՞ն վինիրների տեղադրման հակացուցումներ:
Ցանկալի չէ ատամը երեսպատել վինիրով, եթե մեծ է ախտահարման մակերեսը և եթե առկա են գունափոխված ատամներ, վինիրը շատ բարակ և թափանցիկ շերտ է, որով շատ հաճախ հիմքի մուգ գույնը ծածկել չի հաջողվում: 


7. Փոխո՞ւմ են վինիրները ուտելիքի համը:
Ոչ, բացարձակ:


8. Պետք է արդյո՞ք մաքրել վինիրները, եթե այո, ապա ինչպե՞ս:
Իհարկե պետք է մաքրել: Մաքրում ենք նույն սկզբունքով, ինչպես որ մնացած ատամները: Միջատամնային տարածությունները մաքրում ենք ֆլոսերով, եթե մեծ են տարածությունները՝ միջատամնային խոզանակներով, և սովորաբար փոքր աբրազիվության ատամի մածուկով և խոզանակով: 


9. Որքա՞ն է մեկ վինիրի տեղադրման արժեքը:
Վինիրի շուկայական արժեքը մոտ հարյուր հազար դրամ է:


10. Հնարավո՞ր է վինիր տեղադրել միայն մեկ ատամի վրա:
Հնարավոր է տեղադել: Այն մասնագետը, ով իրականացնում է այդ աշխատանքը, պետք է կատարի բարձր վարպետությամբ և պետք է կարողանա վերարտադրել հարևան ատամների գույնը:

 

 

Հարցերին պատասխանեց «Դելյուքս» ստոմատոլոգիական կլինիկայի
օրթոպեդ-ստոմատոլոգ, բ.գ.թ. Կարեն Արմենի Մաշինյանը