Քայլքն առավել առողջարար դարձնելու հիմունքները ներկայացնում է Վարդանուշ Պետրոսյանը. ինչպե՞ս կազմակերպել զբոսանքն՝ առողջ լինելու համար

Քայլքն առավել առողջարար դարձնելու մասին խորհուրդները, դրա օգտակար հատկությունները ներկայացնում է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:
 
Անդադար տանը նստելը կամ միայն մեքենայով տեղաշարժվելը շուտով դառնում են հարմար-ծույլ սովորություն ու աննկատ վնասում մեր առողջությանը, թունավորում մեր կյանքը:
 
Առողջությունը պահպանելու և ամրապնդելու համար հարկավոր է չբացառել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է լինել տարբեր՝ լող, վազք, պար և այլն, ըստ նախասիրության, տարիքի, սեռի, հնարավորությունների: Թվարկված-չթվարկվածներից շատերը կարող են ոմանց վնասել օգնելու փոխարեն, բայց կա մեկը, որ օգտակար ու հասու է բոլորին անկախ տարիքից, առողջական ու ֆինանսական վիճակից՝ ՔԱՅԼՔ:
 
Իմ այցելուների ու ընկերների համար սա, կարծում եմ, հայտնագործություն չէ, իմ էջում նույնպես անդրադարձել եմ այս հարցին բայց ուզում եմ, որ ընթերցողներն ավելի հստակ պատկերացնեն, թե ի՞նչ է հնարավոր ստանալ այս, առաջին հայացքից սովորական թվացող ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
 
Քայլելու օգուտներ և խորհուրդներ
Քայլելն, առաջին հերթին, լավ է լարվածությունը հանելու համար: Հետաքրքիր է, չէ՞, որ հաճախ մարդիկ բնազդաբար սկսում են սենյակում այս ու այն կողմ քայլել, երբ մի փոքր նյարդայնացած են լինում: Միայն թե անհրաժեշտ է ոչ թե սենյակում, այլ մաքուր օդին կազմակերպել քայլելը, որը կօգնի ազատվել նեգատիվից ու լիցքավորվել դրական էներգիայով: 
Քայլելը օգնում է, բարձրացնել տրամադրությունը և սա տեղի է ունենում նրա շնորհիվ, որ քայլելու ընթացքում օրգանիզմում արտադրվում է երջանկության հորմոն՝ էնդորֆին, իսկ եթե քայլելու ընթացքում նաև արեգակն է բարեհաճ, երջանկության հորմոնը կկրկնապատկվի:
 
Քայլելը բարելավում է սրտի աշխատանքը, բարձրացնում է լավ խոլեստերոլի մակարդակը և հակառակը իջեցնում վատ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև ցածր է պահում արյան ճնշումը:
Պակաս էական չէ նաև այն փաստը, որ օրական նույնիսկ 45 րոպեանոց մի փոքր արագ քայլքը կօգնի ճարպերն այրելու գործընթացին: Միայն թե քայլել, անհրաժեշտ է մեքենաների հոսքից հեռու՝ մաքուր օդին, հարմարավետ սպորտային զգեստ և կոշիկ հագած:
 
Քայլելու ընթացքում բթանում է նաև սննդի հանդեպ ունեցած կախվածությունը՝ շոկոլադի, քաղցրեղենի հանդեպ անկառավարելի կիրքը, որը նույնպես կարևոր է:
Քայլելու ընթացքում, ինչպես նաև հետո մի մոռացեք շատ ջուր օգտագործել:
Որպեսզի ռեալ հասկանաք, թե որքան եք քայլել, զինվեք քայլաչափով, որը հիմա ավելի քան հասանելի է, քանի որ կա և I Phone –Nերում և Android - ներում: 10 000 քայլը դրեք օրվա քայլերի նպատակը ր հասեք այս արդյունքին, եթե միանգամից չի ստացվում, կստացվի հետզհետե: Օրական կարելի է ավելացնել նախորդ օրվա արդյունքը:
Հաճելի քայլընկերոջ շնորհիվ քայլելն ավելի արդյունավետ կարող է լինել: Ընկեր կարող է դառնալ, ոչ միայն որևէ անձ, այլև՝ սիրելի և խթանող երաժշտությունը, լավ եղանակը, իսկ եթե հարմար եք գտնում միայնակ քայլելը, լավ առիթ է ու պատեհ ժամ մտքերի մաքրմամբ ու զտմամբ զբաղվու համար: 
 
 
 
 

Սկզբնաղբյուր՝ Doctors.am
06 Մայիսի, 2015