Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունը` «ՈՒիգմոր Քլինիք»-ում

Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն կատարելիս ճառագայթաբանը յուրաքանչյուրին պետք է ցուցաբերի այնպիսի մոտեցում,  որը հնարվորություն կտա ախտորոշել՝ չվնասելով հիվանդին: «Ճառագայթաբանական» շաբաթ հանրային իրազեկման ծրագիրն ամփոփելով՝ Doctors.am-ը ներկայացնում է «ՈՒիգմոր Քլինիք»-ի  Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Այստեղ մենք պարզեցինք՝ ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան, և ինչո՞վ են առանձնանում «Ուիգմոր Քլինիք»-ի ՀՏ ախտորոշման մեթոդները:

-Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան և ինչպե՞ս է կատարվում  ճառագայթային ախտորոշումը:

-Համակարգչային տոմոգրաֆիան ճառգայթային ախտորոշման մեթոդ է, որն իր կարևոր տեղն ունի հիվանդությունների կանխարգելման ու բժշկության մեջ: Դա նույն ռենտգեն ճառագայթն է, սակայն, եթե վերջինս տալիս է մեկ պատկեր, ապա համակարգչային տոմոգրաֆիայով ստանում ենք եռաչափ պատկերներ: Ճառագայթային ախտորոշման այս մեթոդը ստեղծվել է 1971 թվականին և առաջին հետազոտությանը պահանջվել է ավելի քան 30 րոպե: Այժմ նոր սերնդի ՀՏ հետազոտությունը տևում է  մի քանի վայրկյաններ: Պատկերները  ստացվում են  հետևյալ եղանակով՝ ճառագայթների աղբյուրը բաց է թողնվում ռենտգենյան խողովակից, հանդիպակած հատվածում տեղադրված են ընկալիչները: Խողովակն ու ընկալիչները պտտվում են հավասար՝ 180 աստիճանի տակ մարմնի շուրջ, արդյունքում ստացվում են մոխրագույն պատկերներ, որոնք կարդացվում են մասնագետի կողմից:

-Առանձին քննարկման են ենթարկվում ներերակային կոնտրաստ նյութով իրականացվող հետազոտությունները: Ի՞նչ է կոնտրաստ նյութը և ինչպե՞ս է կիրառվում ՀՏ հետազոտության ժամանակ:

- Ներերակային կոնտրաստ նյութերը յոդ պարունակող ոչ իոնիզացված միացություններ են: Յոդն ունի ռենտգեն ճառագայթները կլանելու բարձր ունակություն: Կոնտրաստ նյութն օրգանիզմ են ներմուծում ներերակային բոլյուս ինժեկտորի միջոցով, որն ապահովում է մեծ արագությամբ՝ հաշված վարկյանների ընթացքում նյութի ներմուծումն օրգանիզմ:  Համակարգչային տոմոգրաֆիան  բացարձակ հակացուցումներ չունի, սակայն յոդի նկատմամբ ալերգիան համարվում է հարաբերական հակացուցում: Եթե նախկինում կրեատինինի բարձր մակարդակն արյան մեջ հակացուցում էր, ապա վերջին հետազոտություններով հաստատվել է, որ դա նույնպես էական նշանակություն չունի: ՀՏ հնարավոր է կատարել նաև ցանկացած վիճակում գտնվող հիվանդին՝ բացառությամբ գործիքի համար առավելագույն մարմնի քաշի՝ 208 կգ-ի դեպքում:

-Ո՞ր դեպքերում է ընտրվում հետազոտության այս մեթոդը: Համակարգչային տոմոգրաֆիան ի՞նչ տեղ է զբաղեցնում ճառագայթային ախտորոշման մեթոդների շարքում:

- Համակարգչային տոմոգրաֆիան իր կարևոր տեղն ունի բժշկության ու հիվանդությունների կանխարգելման մեջ: Այն կիրառվում է բոլոր օրգանների հետազոտությունների ժամանակ, սակայն չի փոխարինում ճառագայթային ախտորոշման մյուս մեթոդններին, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր տեղն ունի, և մեկը մյուսին լրացնում է: Երբ ռենտգենի կամ ՈւձՀ-ի միջոցով որևէ փոփոխություն է հայտնաբերվում և ավելի մանրամասն հետազոտության անհրաժեշտություն կա, ապա ՀՏ – ն կարող է հասնել օգնության: Առաջնային ախտորոշման համար ՀՏ-ն նախընտրելի միջոց չէ, քանի որ այն  ունի ճառագայթային ազդեցություն և համարվում է թանկարժեք հետազոտություն: Պետք է հստակ ունենալ կլինիկական խնդիր, հարց, տվյալներ՝ ախտորոշման վերջնական հաստատման համար: Բժիշկն, այս ամենի բացակայության պարագայում, կարող է հրաժարվել կատարել ՀՏ: Լինում են դեպքեր, երբ մարդիկ առանց պատճառի ցանկանում են անցնել ՀՏ հետազոտություն: Այսպիսի դեպքերում մենք նրանց «վախեցնում» ենք հակացուցումներով: 
Անհետաձգելի բժշկության մեջ՝ ծանր տրավմաների, արյունազեղման, անոթների վնասման դեպքում՝ անհապաղ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա: Այսպիսի դեպքերում հակացուցումները հաշվի չեն առնվում:

-Համակարգչային տոմոգրաֆիան կարո՞ղ է ճառագայթման վտանգ առաջացնել:

-Անհապաղ ցուցումներով ախտորոշման ժամանակ դա նույնպես հաշվի չի առնվում՝ նույնիսկ երեխաների դեպքում: Այստեղ մեծ դեր ունի ճառագայթաբանը` դոզաները սահմանելու հարցում: Իոնիզացիայի  պատճառով ՀՏ-ի սենյակը ամբողջությամբ պատված է բարիումով, իսկ օդափոխությունն ապահովված բարձր մակարդակով, քանի որ նկարելու ժամանակ իոնիզացացված օդը պետք է շատ արագ դուրս հանել: Բացի հիվանդից կարող է ճառագայթվել նաև բուժանձնակազմը: Պետք է նշեմ, որ ոչ մի բժիշկ այդ օդից չի վախենում՝ այլապես հնարավոր չէ աշխատել: Գոյություն ունի երկու կարգավորում՝ կիլովատ ու միլիամպեր վայրկյան: Այս երկու պարամետրերից է կախված, թե ինչքան դոզա կստանա մարմինը: Իջեցնելով այդ թվերը՝ մենք ունենում ենք վատ որակի պատկերներ, բայց հիվանդն ավելի քիչ է ճառագայթվում: Ամբողջ աշխարհում համակարգչային տոմոգրաֆիան կատարվում է նույն սկզբունքով, սակայն յուրաքանչյուր հիվանդի պետք է անհատական մոտեցում: Օրինակ, եթե  ՀՏ-ն կատարվում է կրկնակի կամ մի քանի անգամ ու բժիշկը գիտի խնդիրը, կարող է նվազեցնել դոզաները, չնայած վատ որակի նկարներով՝ ստանալ հարցերի պատասխանը՝ օգնելով, քիչ ճառագայթելով հիվանդին:
Երեխաներին ՀՏ-ով հետազոտելուց առաջ՝ պետք է համոզվենք, որ կա խնդրի, ինչը հնարավոր չէ ախտորոշել ՈՒՁՀ-ի ու ռենտգենի միջոցով: Երեխաների 99 տոկոսի մոտ դա կատարվում է պաթոլոգիաների ժամանակ՝ ուռուցքներ, թոքային և ոսկրային խնդիրներ:

- Համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշում կատարելիս ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում «Ուիգմոր Քլինիք»-ը:

-Ռադիոլոգիայի զարգացման արդյունքում՝ հիվանդությունների ախտորոշման թիվը մեծ է: Պաթոլոգիաները կարող են երիտասարդանալ, սակայն սխալ է այն կարծիքը, որ նախկինում հիվանդություններն ավելի քիչ են եղել: Պատճառն այն է, որ ախտորոշման եղանակներն էին ավելի թույլ: «Ուիգմոր Քլինիք»-ում հետազոտություններն իրականացվում են ամենացածր ճառագայթային բեռնվածությամբ (CT low-dose protocol ) վերջին սերնդի սարքավորումով, որը պարունակում է 2000-ից ավելի դետեկտոր:  Բոլոր համակարգչային տոմոգրաֆները տալիս են նույն պատկերները, և սխալ է այն կարծիքը, թե դրանց մեջ կարող են տարբերույթուններ լինել: Այստեղ առավելությունը հետազոտության արգության, ճառագայթային բեռնվածության մեջ է, ինչն էլ կախված է ճառագայթաբանից: Մեր կլինիկայում ՀՏ կատարելիս՝ յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով խնդիրն ու ռիսկերը: Իրականացվում է ցանկացած ախտաբանական հետազոտություն, մեջքի ցավերի թերապիաներ՝ ՀՏ- ի տակ, որի արդյունավետությունը ռենտգենի դեպքում 50 տոկոս է, այս միջոցով՝ 88-ից ավելի: Եթե ՈւՁՀ-ով հնարավոր չէ, ապա ՀՏ-ով այստեղ կատարում ենք նաև բիոպսիաներ: 


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Ներկայացրեց՝ «Ուիգմոր Քլինիք»-ի ճառագայթաբան Լևոն Դավթյանը
Աղբյուր՝ Doctors.am
4Դեկտեմբերի, 2017