Մոնոգամիայի պատճառը

Doctors.am Մոնոգամիայի պատճառը

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են զուգընկերների հավատարմությունը բացատրող կենսաբանական մեխանիզմը: Պարզվում է՝ մշտական զուգընկերուհու տեսքից տղամարդկանց մոտ արտադրվում է օքսիտոցին, որը խթանում է գլխուղեղի հաճույքի կենտրոնը՝ նպաստելով, որ տղամարդու աչքին իր կինն ավելի գրավիչ երևա: Այսպես էլ ձևավորվում է մոնոգամիան:

Կաթնասունների շրջանում մոնոգամիան այդքան տարածված չէ, ըստ վիճակագրական տվյալների, այն կազմում է ընդհամենը 5%: Ընդ որում՝ համեմաբար մեծ թվով մարդիկ ունենում են կայուն հարաբերություններ՝ առանց պատահական կապերի, ինչն իրականում գիտական ֆենոմեն է:

Նախկինում կատարված հետազոտություններն արդեն հայտնաբերել են օքսիտոցինի դրական ազդեցությունը մարդու հոգեհուզական վիճակի վրա: Այնուհետև, Բոնի Համալսարանի բժշկական կենտրոնի մի խումբ գիտնականներ որոշել են ավելի մանրամասն հետազոտել այդ հորմոնը և պարզել վերջինիս դերը հարաբերությունների ամրացման և կայունացման գործում:

Կրկնակի կույր պլացեբո-հսկվող հետազոտությանը մասնակցել են 20 հետերոսեքսուալ կամավորներ: Բոլորին ցույց է տրվել իրենց մշտական զուգընկերուհիների և, համեմատության համար, այլ կանանց նկարներ: Մինչ հետազոտության մեկնարկը մասնակիցների մի մասին տրվել է օքսիտոցին, իսկ մյուսին՝ պլացեբո: Հետազոտության ժամանակ գլխուղեղի ակտիվությունը ստուգվում էր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի  միջոցով:

Ըստ ուսումնասիրության հեղինակ Դիրկ Շիլի՝ տղամարդկանց պլացեբոյի փոխարեն օքսիտոցին տալու դեպքում վերջիններիս գլխուղեղն ակտիվանում էր իրենց զուգընկերուհու նկարը տեսնելիս, որը նրանք ընկալում էին որպես շատ ավելի գրավիչ, քան մյուս կանանց նկարները: Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ օքսիտոցինն ակտիվացնում է գլխուղեղը միայն զուգընկերուհու, ոչ թե պարզապես ծանոթ կանանց նկարներին նայելուց:

Վերոնշյալից գիտնականները եզրակացրեցին, որ նման կապ ստեղծվում է միայն այն դեպքում, երբ կա երկարատև սիրային հարաբերություն:

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ գլխուղեղի նման ակտիվացումը ստեղծում է առավել ամուր կապ զուգընկերների միջև՝ նպաստելով մոնոգամիայի զարգացմանը:

Բոնի Համալսարանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ և հոգեբուժության պրոֆեսոր Ռենե Հուրլեմանը նշում է, որ սիրային հարաբերության ժամանակ ակտիվացող կենսաբանական մեխանիզմը շատ նման է թմրանյութի ազդեցությանը: Երկու դեպքում էլ խթանվում է գլխուղեղի հաճույքի կենտրոնը:

Դոկտոր Հուրլեմանը բացատրում է, թե ինչու են զուգընկերները բաժանումից հետո ընկնում դեպրեսիայի մեջ: Պատճառն այն է, որ ուղեղի հաճույքի կենտրոնն այդ ընթացքում չի խթանվում: Վերջինս իր տեսակով շատ նման է թմրանյութից ձեռնպահ մնալու համախտանիշին:

Կենսաբանական էվոլուցիայի տեսանկյունից մոնոգամիան իմաստ չունի, քանի որ տղամարդիկ ունեն իրենց գեները տարբեր զուգընկերուհիների միջոցով տարածելու առավելություն: Սակայն, ըստ գիտնականների, երբ օքսիտոցինն ամրացնում է զույգի միջև առաջացած կապը, դա հանգեցնում է կայունության, ինչն էլ մեծացնում է կյանքին դիմակայելու հնարավորությունները:


Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am