Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս օրը նշելու որոշումը ընդունվել է Քաղցկեղի վերահսկողության միջազգային միության կողմից:

Յուրաքանչյուր տարի աշխարհում քաղցկեղ է ախտորոշվում 12,7 միլիոն մարդու մոտ: Ավելի քան 7,6 միլիոն մարդ մահանում է այդ հիվանդությունից: Ընդ որում, մահերի 2/3-ը գրանցվում է միջին և ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում: Միլիոնավոր մահերից կարելի է խուսափել, եթե իրականացվեն կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված  միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի քաղցկեղից մահանում է ավելի շատ մարդ, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից և տուբերկուլոզից միասին վերցրած: Ըստ հաշվարկների` մահերի 1/3-ը կարելի է կրճատել կանխարգելման, ևս 1/3-ը` վաղ հայտնաբերման շնորհիվ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` 2020 թ-ին երկրագնդում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ծառայությունը գրանցել է դրական տեղաշարժեր: Սակայն, միևնույն ժամանակ առկա են լուրջ խնդիրներ` հիվանդների դիմելիության, հետևաբար վաղ հայտնաբերման և ընդհանուր ապրելիության առումով:

Աղբյուրը՝ Doctors.am