Այսօր Առողջության համաշխարհային օրն է

1948 թվականից ի վեր ապրիլի 7-ը տոնվում է որպես Առողջության համաշխարհային օր (World Health Day): Օրվա խորհուրդն այն է, որ մարդիկ հասկանան, թե իրականում ինչ գին ունի առողջությունը մարդու կյանքում:

Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է աշխարհի առողջապահության առջև ծառացած համընդհանուր խնդիրներին և ուղեկցվում է կարգախոսներով՝ "Ակտիվությունը՝ երկարակեցության գրավական", "Հղիությունը կյանքում առանձնահատուկ իրադարձություն է: Դարձնենք այն անվտանգ", "Պաշպանենք առողջությունը կլիմայական փոփոխություններից":

2011 թվականին Առողջության համաշխարհային օրվա թեման հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականությունն էր: Բժշկությունն անհանգստացած էր, որ դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականությունը դառնում է հակամանրէային թերապիայի արդյունավետությունը սահմանափակող պատճառներից մեկը:

2012 թվականին  Առողջության համաշխարհային օրվա թեման էր "Ծերացումն ու առողջությունը", իսկ այդ օրվա կարգախոսը՝ "Ամուր առողջությունն ավելացնում է կյանքի տարիները": Շեշտը դրված էր այն փաստի վրա, որ ամուր առողջությունն ամբողջ կյանքի ընթացքում կարող է օգնել տարեց մարդկանց լիարժեք և արդյունավետ կյանք վարել և լինել օգտակար իրենց հարազատների ու հասարակության համար: Անկախ նրանից, թե մենք որտեղ ենք ապրում, ծերացումը վերաբերում է մեզ բոլորիս՝ երիտասարդներին ու տարեցներին, կանանց ու տղամարդկանց, հարուստներին ու աղքատներին...

2013 թվականին, Առողջության համաշխարհային օրվա թեման հիպերթենզիան էր: Հիպերթենզիան կամ արյան բարձր ճնշումը բարձրացնում է ինֆարկտի, ինսուլտի ու երիկամային անբավարարության առաջացման հավանականությունը, ինչպես նաև կարող է լինել կուրության, առիթմիայի ու սրտային անբավարարության պատճառ: Պետք է հիշել, որ այն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Այս տարի՝ 2014 թվականին, օրվա թեման է "Փոքր խայթոց՝ մեծ վտանգ": Հայտնի է, որ հաճախ վարակի փոխանցմա աղբյուր են հանդիսանում մոծակները, մլակները և այլ ոչ մեծ օրգանիզմներ: Այդ պատճառով է, որ այս տարի  Առողջության համաշխարհային օրը նվիրված է տարատեսակ վտանգավոր վարակներ փոխանցող փոքր օրգանիզմներին: Ինչքան շատ տեղեկացված լինենք, այնքան շատ կկարողանանք կանխել բազմաթիվ հիվանդություններ:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը`calend.ru կայքի