Այսօր Առողջության համաշխարհային օրն է. սննդի անվտանգությունը՝ օրվա գլխավոր թեմա

Ապրիլի 7-ին աշխարհը նշում է Առողջության օրը: Հենց 1948 թ.-ի այս օրն է ստեղծվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), և այդ պատմական պահից սկսած՝ կազմակերպության անդամ է դարձել աշխարհի 194 պետություն։ Օրվա այս տարվա գլխավոր թեման է սննդի անվտանգության ապահովումը:

Ոչ անվտանգ սննդամթերքներն ամեն տարի դառնում են 2 մլն մարդու մահվան պատճառ: Պաթոգեն մանրէները, վիրուսները, մակաբույծները կամ քիմիական հավելանյութերը, որոնք առկա են սննդի մեջ,հանդիսանում են շուրջ 200 հիվանդությունների զարգացման պատճառ՝ փորլուծությունից մինչև քաղցկեղ:

Օրեցոր աճում են սննդի անվտանգությանը սպառնացող վտանգները: Սննդի արտադրության տեխնոլոգիաների զարգացումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, մանրէային ռեզիստենտականությունը լուրջ սպառնալիք են սննդի որակի և անվտանգության համար: Մի երկրից մյուսը սննդի տեղափոխման ազատությունը ևս մեծացնում է ոչ անվտանգ մթերքների տարածումը:

 

Սննդի անվտանգությունը՝ որպես Առողջության համաշխարհային օրվա թեմա

Քանի որ սննդի տեղափոխումն օրեցօր առավել մասշտաբային է դառնում, մեծանում է անհրաժեշտությունը ստեղծել հստակ սահմանված չափանիշներ՝ բոլոր պետություններ սննդի ներմուծման համար:

Սննդի անվտանգության 5 հիմնական սկզբունքները

Սննդամթերքի անվտանգությունը համատեղ պատասխանատվություն է: Անվտանգությունը պետք է ապահովել ամբողջ օղակով՝ ֆերմերից և արտադրողից մինչև խանութր վաճառող: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է հետևյալ սկզբունքները՝ մթերքի վաճառակետերում և տանը սննդի անվտանգության ապահովման համար:

  • Սնունդը պահեք մաքուր պայմաններում
  • Հում մթերքները պահպանեք ջերմային մշակում անցած սննդամթերքներից անջատ
  • Մթեքների համար ապահովեք համապատասխան ջերմային պայմաններ
  • Մթերքները ենթարկեք ճիշտ ջերմային մշակման՝ համապատասխան ջերմաստիճանի պարագայում
  • Օգտագործեք անվտանգ ջուր հում մթերքների լվացման և մշակման համար

 

Առողջության համաշխարհային օրը հնարավորություն է ընձեռում սննդի անվտագության կարևոր հարցի վրա կենտրոնացնել սննդի արտադրմամբ, արտահանմամբ, ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների, անձանց, բուժաշխատողների և, ընդհանուր առմամբ, բոլորի ուշադրությունը:

Յուրաքանչյուրիս վերաբերմունքը կարող է ինչ-որ դրական փոփոխության հանգեցնել սննդի անվտանգության պահպանման գործում:

ՀՀ օրենքը «Սննդամթերքի անվտանգության մասին»


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
7 Ապրիլի, 2015