Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է. օրվա թեման՝ դեպրեսիան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի ապրիլի 7-ը նշում է որպես առողջության համաշխարհային օր: Օրվա ընտրությունը կապված է 1948 թվականի ապրիլի 7-ին` ՄԱԿ-ի 26 անդամ երկրների կողմից ԱՀԿ կանոնադրության հաստատման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստեղծման հետ: 
 
Յուրաքանչյուր տարի առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընտրում է հանրային առողջապահության համար հույժ կարևոր հիմնախնդիր, որպես Առողջության համաշխարհային օրը բնորոշ թեմա, նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը խնդրի վերաբերյալ և ձեռնարկել միջոցառումներ` ուղղված հիմնախնդրի կանխարգելմանը: 
 
2017 թ.-ի Առողջության օրվա թեման դեպրեսիան է, «Արի՛ խոսենք» խորագրով:
 
ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ այսօր աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ ապրում է դեպրեսիայով: Վերջին տասը տարիների ընթացքում այդ թիվն աճել է ավելի քան 18%-ով:
 
Հիշեցնենք, որ դեպրեսիայի ժամանակ տրամադրության և ինքնազգացողության անկումից բացի, դիտվում է նաև մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Կարող են ի հայտ գալ սուիցիդալ մտքեր:
 
Doctors.am-ը հորդորում է հետևողական լինել և նշված ախտանիշները նկատելու դեպքում չհապաղել դիմել համապատասխան մասնագետի:
 
7 ապրիլի, 2017
Աղբյուրը՝ Doctors.am