Հետտրավմատիկ սթրեսային խանգարում. Եվա Օհանյանը ներկայացնում է խնդրի առաջացման ու լուծման տարբերակները

Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում սթրեսային իրավիճակներին, քանի որ յուրաքանչյուրի նյարդային համակարգը առանձնահատուկ է:  Doctors.am-ը հետտրավմատիկ սթրեսային խանգարումների մասին զրուցեց «Բժիշկներ առանց սահմանների» հոգեբան Եվա Օհանյանի հետ:

-Ամենուր նախատոնական տրամադրություն է: Ինչպե՞ս խուսափել նախատոնկան ու հետտոնական սթրեսային խանգարումներից:

-Ամանորը սթրեսային է միայնակ ու սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց համար, քանի որ տոնական օրերին նրանք ավելի խոցելի են: Մարդկանց հաճախ թվում է, որ ուրիշի կյանքն ավելի լավն է: Այս հարցում իրենց ազդեցությունն ունեն նաև սոցիալական կայքերը:
Հայերն ունեն խնդիր՝ ճոխ սեղան ունենալու հետ կապված, իրենց ամբողջ գումարը ծախելուց հետո ընկնում են հետտոնական սթրեսի մեջ: Թեև հանգստյան օրերը կրճատվել են՝ շատ դժվար է աշխատանքի վերադառնալ: Պետք է ազատվել կարծրատիպերից ու Նոր տարվա կերուխումը փոխարինել՝ ընկերների և հարազատների հետ հանդիպումներով:

-Հիմնականում ի՞նչ խնդիրներով մարդկանց հետ եք աշխատում:

-Ավելի հաճախ հանդիպում են ավտովթարից, դժբախտ պատահարներից, միջանձնային խնդիրներով՝ դավաճանությունից ու ամուսնալուծությունից հետո, տարբեր խանգարումներ ունեցող պացիենտները՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման: Վերջին շրջանում աշխատում ենք նաև ապրիլյան պատերազմի մասնակիցների ու նրանց հարազատների հետ: Շատ տարծված են հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:

-Որո՞նք են հետտրավմատիկ սթրեսային խանգարումների առաջացման պատճառները:

-Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն առաջանում է այն ժամանակ, երբ անձը հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որտեղ իր կամ հարազատի կյանքին վտանգ է սպառնացել, կամ ականատես է եղել ավտովթարի, մահվան կամ այլ դժբախտ պատահարի: Հետտրավմատիկ սթրեսային խանգարում կարող է առաջանալ այն մարդու մոտ, ով ունեցել է հարազատի կորուստ կամ լուրջ վնասվածքներ է ստացել հենց ինքը: Անձի պատասխանը նման իրավիճակներում իր մեջ ներառում է՝ ուժեղ վախ, սարսափ, անօգնականության զգացում:
Հանդիպում են նաև դեպքեր, երբ ավտովթարն ու դրա հետևանքով մահացած անձի կողքին հայտնվելն ազդեցություն չի ունենում հոգեկան ներաշխարհի վրա: Այսպիսի նյարդային համակարգը, իմ կարծիքով, այնքան էլ նորմալ չէ: Մարդիկ ունեն պաշտպանողական ռեակցիա, այս դեպքում, դա այնքան էլ ճիշտ չի գործում, քանի որ իրավիճակից դուրս գալու համար բացասական էմոցիաները նույնպես անհրաժեշտ են:

-Ինչպիսի՞ ախտանշաններ կարող են լինել հետտրավմատիկ սթրեսային խանգարման ժամանակ:

-Հիմնական նշաններն են՝ քնի խանգարումը, մղձավանջները, որոնք կապված են անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձության հետ: Անձն ունենում է կպչուն մտքեր, ծանր հիշողություններ՝ կապված անցյալի հետ: Հետրավմատիկ սթրեսի ժամանակ հիվանդը խուսափում է նույն իրավիճակում հայտնվելուց` մեքենա վարել, շփվել մարդկանց հետ: Որպեսզի կարողանալ հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ պետք է արժևորել իրականությունը: Վախը պետք է այնքան մեծացնել, որ այն դառնա ծիծաղելի: Սա դժվար պրոցես է, քանի որ սկզբում լինում են լաց, հիստերիաներ: Նմանատիպ շոկային իրավիճակները կամ տանում են ներքև՝ մարդը փորձում է հեշտ լուծումներ գտնել՝ թմրամիջոցի, ալկոհոլի և այլ վատ սովորությունների միջոցով՝ սոցիալական կապերը խզվում են, ֆինանսական վիճակը վատանում է, կամ էլ այդ շոկային, ծայրահեղ վիճակն առաջ է տանում՝ մարդը սկսում է կյանքին այլ աչքերով նայել՝ փնտրում է նոր լուծումներ:

-Ինչպես՞  եք ախտորոշում հետտրավմատիկ սթրեսային խանգարումը: Ի՞նչ լուծումներ կան:

-Ախտորոշումը բխում է անհատի բողոքներից, երբ ապագան թվում է անորոշ և վախենալու՝ կորել է ապրելու և կյանքի իմասը: Կախված ախտորոշումից՝ որոշվում է բուժման տարբերակը: Այս դեպքերում շատ լավ ազդեցություն է ունենում օգնության խումբը, երբ նույն խնդրով մարդիկ հավաքվում են՝ արտահայտվում ու կիսվում են իրենց խնդիրներով: Մարդը հասկանում է, որ ինքը մենակ չէ: Հայստանում ցավոք դա այնքան էլ ընդունված չէ, քանի որ մարդկանց համար անսովոր է խմբակային մտածելակերպը: Եթե հիվանդը հավատաց ու գնաց ճիշտ ճանապարհով՝ գտավ իմաստ, վերաարժևորեց կյանքը, իրավիճակին նայեց սթափ հայացքով՝ կկարողանա դուրս գալ ամենածայրահեղ իրավիճակից: Այստեղ շատ կարևոր է ինչպես շրջապատը, այնպես էլ ճիշտ մանասնագետի ընտրություն: ՀՏՍԽ-ով տառապող հիվանդների հետ աշխատում  է ինչպես հոգեբանը, այնպես էլ հոգեբուժը:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
8 հունվար, 2018