Աննախադեպ վիրահատություն ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում

 
2015թ.-ի նոյեմբերին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում իրականացվել է Հայաստանում նախադեպը չունեցող վիրահատություն: 14-ամյա հիվանդը ընդունվել է հիվանդանոց հետևյալ ախտորոշմամբ` «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, ներուղեղային մեծ չափերի հեմատոմա` պատռումով փորոքային համակարգ, սուբարախնոիդալ արյունազեղում` պայմանավորված աջ ճակատային շրջանի արտերիո-վենոզ մալֆորմացիայի պատռումով»: Վերջինս հանդիսանում է գլխուղեղի անոթային համակարգի բնածին արատ, որի բուժումը պահանջում է փուլային մոտեցում` կրկնակի վիրահատություններ երեք ամիս ընդմիջումներով:
 
Սակայն այս դեպքը տարբերվում է մյուսներից. անհրաժեշտ էր հրատապ վիրահատություն` ներուղեղային արյան կուտակումը հեռացնելու և գլխուղեղը ճնշումից ազատելու նպատակով: Ուստի որոշում կայացվեց կատարել միաժամանակյա, այսպես կոչված «հիբիրդ» վիրահատություն, երբ մեկ ընդհանուր անզգայացման ընթացքում իրականացվում է և՛ ներանոթային «փակ» և՛ բաց վիրահատություններ` արտերիո-վենոզ մալֆորմացիան վնասազերծելու, այնուհետև արյան կուտակման հետ միասին հեռացնելու նպատակով: Ավելի քան 10 ժամ տևած բարդագույն վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի և նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանի կողմից:
 
Պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի խոսքերով՝ արտերիո-վենոզ մալֆորմացիաների դեպքում միաժամանակյա բաց և ներանոթային վիրահատություն Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Դատելով գրականության մեջ առկա տվյալներից` նման վիրահատությունները խիստ հազվադեպ են իրականացվում նույնիսկ արտասահմանյան զարգացած երկրներում, ուստի սա կարելի է համարել հայրենական նյարդավիրաբուժության առաջընթաց քայլերից մեկը:
 
Հիվանդի վիճակը հետվիրահատական շրջանում զգալիորեն բարելավվել է: Այժմ նա դուրս է գրվել հիվանդանոցից առանց որևէ նյարդաբանական խանգարումների:
 
Աղբյուրը՝ http://www.ysmu.am/
26.01.2016