Նորածնի առաջին տարին լի է սպասումներով և հույզերով...

Փոքրիկի խնամքը կարող է ուժասպառ անել ձեզ, բայց այնքա՜ն սպասումներ կան: 
Ահա՛ օգտակար մի ուղեցույց՝ երեխայի առաջին տարվա «քայլերի» մասին:

•  Առաջին ժպիտը:
Երկու ամիս անքուն գիշերներ և երեխայի լա՞ց. 
Ահա՛, ձեր առաջին «մրցանակը»՝ մոտ 2 ամսականում երեխան կժպտա ի պատասխան ձեզ: Ձեր ձայնը կամ դեմքը բավական է՝ երեխայի անուշիկ ժպիտին արժանանալու համար:

 •  Առաջին ծիծաղը:
Եթե երեխայի հաճախակի լացի ձայնն արդեն հոգնեցրել է, ապա պատրաստվեք, 4 ամսականում կարող եք անհամբեր սպասել մեկ այլ ձայնի, հնարավոր է՝ ձեր կյանքի ամենաքնքուշ ձայնին՝ փոքրիկի ծիծաղին: 
Ամենահաճելին տեսնելն է, թե որքա՜ն հեշտ է երեխան ծիծաղում, մի զվարճալի ձայն, դեմք կամ հայացք, և երեխան սկսում է անհոգ ծիծաղել:

•  Նա քնում է ամբողջ գիշեր:
Ոչ մի նոր մանկական իրադարձության ծնողներն այդքան անհամբեր չեն սպասում, ինչպես երեխայի երկար քնին: Թեև դա անհավատալի է, բայց 4-6 ամսականից սկսած նորածինների մեծ մասը ունակ է քնել ամբողջ գիշեր:

•  Նա նստում է:
Որքա՜ն ուրիշ է աշխարհը, երբ դու ոչ թե փորիկի, այլ տուտուզիկի վրա ես: Մոտ 5-6 ամսականում նորածինը կարող է նստել կա՛մ ձեռքերի օգնությամբ, կա՛մ հենվելով բարձերին և կահույքին: Սովորաբար երեխան կարողանում է ինքնուրույն  նստել 7-9 ամսականում:

•  Նա չոչ է անում:
Եթե ունեք 8 ամսական երեխա, կարող եք մոռանալ մարզասրահ գնալու մասին, դրա կարիքն այլևս չկա: 9 ամսականից երեխան արդեն որոշակի ֆիզիկական ակտիվություն է ցուցաբերում, այլ տարիքի նորածինների մեծ մասը չոչ է անում՝ օգտագործելով և՛ ձեռքերը, և՛ ոտքերը:

•  Նա «թաթիկով է անում»:
«Թաթիկով անելը» պարզապես ժեստ չէ, այլ՝ հստակ արտահայտման ձև: 9 ամսականից նորածինների մեծ մասը սկսում է շփվել՝ ձայների և ժեստերի միջոցով: Նրանք արդեն հասկանում են, որ  «թաթիկով անելը» նշանակում է «ցտեսություն»:

•  Նա մատներով ուտում է:
Հենց որ գդալով կերակրումը սկսում է կորցնել իր «հետաքրքրությունը», երեխաները պատրաստ են իրենք իրենց կերակրել: 9-12 ամսականից երեխաները կարողանում են ավելի լավ վերահսկել իրենց ձեռքերի ու մատների շարժումները: Այս տարիքի երեխաները սիրում են ուսումնասիրել ամեն ինչի համը և պարունակությունը, ուստի սնունդը միակ բանը չէ, որ նրանք կփորձեն խցկել իրենց բերանը: Այս տարիքում անվտանգությունը ծնողների համար առաջնային է:

•  Նա կարողանում է կանգնել:
12 ամսականում նորածինների մեծ մասը սկսում է ինքնուրույն կանգնել: Նրանք սկսում են փոքրիկ քայլեր անել՝ կահույքից կամ այլ առարկաներից բռնվելով:

•  Ուռա՜, նա քայլում է:
Սա կարելի է համարել մանկության առաջին կարևոր ձեռքբերումը: Թերևս, ոչ մի այլ բանի այսքան անհամբեր չեք սպասում: Բայց ոչ բոլոր նորածիններն են քայլում մինչև իրենց առաջին ծննդյան օրը: Նորմայում նորածինների մեծ մասը առնվազն մի քանի քայլ է կատարում մոտ 13 ամսականում:

•  Նրա առաջինը բառը:
- Մամա:
- Պապա:
Չկա որևէ այլ զգացում, որը կարելի է համեմատել այն զգացման հետ, երբ լսում եք երեխայի առաջին բառը՝ ուղղված ձեզ: Սա, հիմնականում, տեղի է ունենում մոտ 1 տարեկանում: Այս պահից սկսած, նորածինների մեծ մասը կարող է հստակ արտասանել առնվազն մեկ բառ և ակտիվորեն փորձել կրկնել մյուսների բառերը:


 

Նյութի աղբյուրը՝ WebMD.com