30 տարի է անցել 1988-ի երկրաշարժից, որի արդյունքում ավերվեցին Հայաստանի հյուսիսային քաղաքները՝ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան…
Ավելի քան 25 հազար զոհ, 30 հազարից ավելի տուժած, 500 հազարից ավելի անօթեւան: 1988-ի երկրաշարժը, սակայն, միայն վիճակագրական թվերը չեն, այլ մարդկային պատմությունները, աշխարհի տարբեր ծայրերից հասած հումանիտար օգնությունը եւ, իհարկե, իրենց գործի նվիրյալ բժիշկները, որոնք փրկել են հազարավոր կյանքեր…
Այդ ժամանակ Խորհրդային Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերել 113 երկիր՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի եւ բժշկական պարագաների տեսքով: Երկրաշարժի գոտում աշխատել են տարբեր երկրներից ժամանած 900 փրկարար եւ 2000-ից ավելի բուժաշխատող: Փրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներից կենդանի հանվել է 45000 մարդ, հոսպիտալացվել՝ 12500 մարդ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներից առաջին օգնությունը եղավ երկրաշարժից մի քանի օր անց: Վեց վնասվածքաբան, ութ վարժեցրած շուն՝ մարդկանց որոնելու համար, ինչպես նաեւ տարբեր պարագաներ եւ սարքավորումներ՝ ձեռնոցներ, պաշտպանիչ դիմակներ, վրաններ, ռադիոընդունիչներ:
Ֆրանսիայից օգնությունը եւս չէր ուշացել՝ 200 փրկարարներ եւ բժիշկներ, իսկ ֆրանսիական վարժեցված շները առաջին օրերին փլատակների տակ 60 կենդանի մարդ էին գտել: Հնդկաստանից նույնպես բժշկական թիմ էր ժամանել՝ 42 անդամից բաղկացած, Կուբան էլ դոնորային արյուն էր տրամադրել:
Հյուսիսային Օսեթիայից բժիշկ Կազբեկ Կուձաեւը երբեք չի մոռանա 1988-ի ձմեռը: Նա Հայաստան էր ժամանել երկրաշարժից երկու օր անց: 10 օրում բժիշկն ավելի քան 30 վիրահատություն է իրականացրել Երեւանում:
«Դա անտանելի ցավի, տառապանքների, անքուն գիշերների եւ հերոսության օրեր էին: Այդ օրերին ես ռեկորդ սահմանեցի՝ առավոտյան 9-ից մինչ հաջորդ օրն առավոտյան 6-ն իրականացնելով 13 վիրահատություն: Արդյունքում՝ մենք կարողացանք պահպանել երկու պացիենտի վերջույթները: Նրանցից մեկի ոտքն առանձին էր բերվել հիվանդանոց, մյուսի՝ ձեռքը….»,- հիշում է բժիշկը:
Տարբեր պետություններ շարունակել են գնությունը Հայաստանին նաեւ հետագա տարիներին։ Իտալացիները բնակելի թաղամաս են կառուցել Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, որը կրում է Ֆրիտյոֆ Նանսենի անունը։
Անգնահատելի է նաեւ սփյուռքահայության օգնությունը, որոնք ե՛ւ իրենք են օգնել, ե՛ւ կազմակերպել ու համակարգել աշխարհի տարբեր ծայրերից օգնությունները:
Աղբյուրը՝ Doctors.am
Լուսանկարները՝ Sputnik, ТАСС