Փաստ № 4
Սիրո մասին
Թմրամոլության դեպքում ընթացող նեյրոքիմիական պրոցեսները նման են ռոմանտիկ սիրո և կախվածության ժամանակ տեղի ունեցող պրոցեսներին: Զուգընկերոջ ներկայությամբ ուղեղն արտադրում է մեծ քանակությամբ օքսիտոցին, դոֆամին և վազոպրեսին, ինչի արդյունքում նվազում է անհանգստության մակարդակը, առաջանում է պաշտպանվածության և բավարարվածության զգացողություն: Ուղեղում միանում է դրական ամրապնդման համակարգը, ինչպես թմրամոլության դեպքում: Երբ մարդ բաժանվում է իր սիրեցյալից, նա զգում է այն, ինչ թմրամոլը թմրամիջոցից հրաժարվելու դեպքում:
Ամերիկացի գիտնականները կատարել են հետազոտություն, որի մասնակիցներն էին այն մարդիկ, որոնք վերջերս բաժանվել են իրենց սիրեցյալներից, սակայն շարունակել են սիրել իրենց նախկին զուգընկերներին. հետազոտությամբ պարզվել է, որ սիրեցյալի լուսանկարին նայելիս ակտիվանում են գլխուղեղի նույն ներյրոնային կապերը, ինչ-որ կոկաինի կախվածության դեպքում:
Ըստ հոգեբանների՝ հարաբերություններից և սիրուց կախվածությունը դժվար է ճշգրտորեն սահմանել, քանի որ ինչ-որ իմաստով բոլորն իրականում կախված են սիրուց, փնտրում են այն, և դա նորմալ է: Սակայն որոշ մարդկանց մոտ զուգընկերոջ փնտրտուքը դառնում է խրոնիկ կպչուն միտք, ռոմանտիկ հարաբերություններից դուրս նրանք անիմաստ են համարում իրենց կյանքը, և հենց զգացմունքները մարում են, սկսում են փնտրել նոր սեր: Ամենայն հավանականությամբ դրա պատճառները թաքնված են անձնականում և գալիս են մանկությունից. նման խանգարման հատկապես հաճախ ենթարկվում են այն մարդիկ, որոնք մանկության տարիներին զգացել են ծնողական սիրո անբավարարություն:
Փաստ № 5
Համացանցային կախվածության մասին
Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան չի մտցրել համակարգչային կախվածությունը Հոգեբանական խանգարումների ախտորոշման և վիճակագրության ուղեցույցի վերջին տարբերակի մեջ (DSM-V): Սակայն այդ որոշմանը նախորդել են բուռն վիճաբանություններ: Ներկայումս չեն սահմանվել ախտորոշման միասնական չափանիշներ, սակայն կարելի է ենթադրել, որ, եթե մարդը մտածում է այն մասին, թե ինչպես պետք է ժամանակ անցկացնի համացանցում, եթե նրա մոտ դիտվում է տրամադրության անկում ցանցի հասանելիության բացակայության դեպքում, եթե նա ավելի ու ավելի շատ ժամանակ է ծախսում համացանցում, եթե նա դադարում է հետաքրքրվել այն ամենով, ինչով հետաքրքրվում էր նախկինում, եթե նա օգտվում է համացանցից իր տրամադրությունը բարձրացնելու համար, ապա խոսքը գնում է կախվածության մասին:
Ծանր դեպքերում այդ խանգարումից ազատվելու համար կարող է զգացվել դեղաբուժական թերապիայի կարիք, իսկ ավելի հասարակ դեպքերում առավել արդյունավետ կարող է լինել փորձառու հոգեթերապևտի կողմից իրականացվող կոգնիտիվ-վարքային թերապիան:
Փաստ № 6
Սիրուց, ալկոհոլիզմից և այլ կախվածություններից բուժման մասին
Չնայած մեխանիզմների նմանությանը, սակայն գոյություն չունի կախվածությունների բուժման համար մեկ համընդհանուր թերապիա, և յուրաքանչյուր դեպքում այն պետք է լինի անհատական: Օրինակ՝ թմրամոլության փոխարինող թերապիայի պերպարատները, ինչպիսին է մեթադոնը, տալիս են լավ արդյունքներ օփիատային կախվածության, սակայն բացարձակապես անօգուտ են կոկաինային կախվածության դեպքում: Հետևաբար, անընդհատ շարունակվում է այն միջոցների փնտրտուքը, որոնք կարող են օգնել: Փոխարինող թերապիայում օգտագործվող պրեպարատներն ազդում են ուղեղի նույն համակարգերի վրա, ինչ-որ հենց թմրամիջոցը: Այդ դեղամիջոցները կիրառվում են հերոինային և կոդեինային կախվածությունների դեպքում: Կոկաինային կախվածության դեպքում արդյունավետ է վարքային թերապիայի կիրառումը, քանի որ այժմ գոյություն չունեն դեղամիջոցներ այս տեսակի թմրամոլության բուժման համար:
Ալկոհոլիզմի բուժման համար օգտվում են ավերսիվ թերապիայից, որի իմաստը կայանում է ալկոհոլի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայունակության մեջ: Այդ նպատակով Ռուսաստանում հիմնականում օգտագործում են դիսուլֆիրամ. այն մեծացնում է ացետալդեգիդի կոնցենտրացիան, որն էլ ի վերջո բերում է տհաճ ազդեցությունների (սրտխառնոց, փսխոց, ցավեր սրտում և այլն) ալկոհոլի ընդունման դեպքում:
Մասնագետները մոտավոր պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես պետք է բուժել միակողմանի սերը դեղամիջոցների օգնությամբ: Օրինակ՝ ենթադրվում է, որ սերոտինի հետադարձ կապի սելեկտիվ ինհիբիտորները (հակադեպրեսանտների խումբ) կարող լուծել այս խնդիրը: Սակայն առայժմ, մասնավորապես ելնելով էթիկայի նկատառումներից, այս մեթոդները չեն օգտագործվում:
Մասնագետները նշում են, որ տարբեր կախվածությունների հաջող բուժման համար պահանջվում է ոչ միայն դեղաբուժական թերապիա, այլև հոգեբանների լուրջ աշխատանք: Դրական արդյունքներ են տալիս նաև տարբեր ընկերությունների ժողովներին (անանուն ալկոհոլիկների, թմրամոլների, որկրամոլներ և այլն) հաճախելը:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medportal.ru