Ծամոն, օճառ, հացաբուլկեղեն, չրեր ու դեղորայք․ մեր առօրյայի  անբաժանելի այս բոլոր արտադրատեսակների բաղադրության մեջ առկա է գլիցերին։ Գլիցերինը նաև արտադրվում է մեր օրգանիզմի կողմից․ այն ջրի շրջանառության համակարգի անբաժանելի մաս է։ Հոդվածում փորձել ենք բացահայտել գլիցերինի օգտակար հատկություններն ու ներկայացնել կիրառության հիմնական ոլորտները։  
 
Ի՞նչ է գլիցերինը

Գլիցերինի համը գլյուկոզա է հիշեցնում։ Երկու միացություններն էլ ունեն բնական ծագում։ Գլիցերինը չունի գույն ու հոտ։ Գերազանց լուծվում է ջրի մեջ։ Գլիցերին կարելի է գտնել բոլոր ճարպերի մեջ։ Մեր իսկ բջիջներն արտադրում են այսպես կոչված «ներքին» գլիցերին, որը մասնակցում է օրգանիզմում ջրի շրջանառության գործընթացին։  Առողջ օրգանիզմը պետք է ինքնուրույն գլիցերին արտադրի՝ մաշկի խոնավացման բնականոն աշխատանքի համար։ Իր օգտակար հատկություններով պայմանավորված՝ գլիցերինը մեր օրերում հսկայական կիրառություն ունի արդյունաբերության մեջ։
 
Բժշկություն և դեղագործություն

Բժշկության մեջ գլիցերինը լայնորեն օգտագործվում է որպես հակասեպտիկ, օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։ Այն խորհուրդ են տալիս օգտագործել ոչ շաքարային դիաբետի (անշաքար միզահյուծություն) ախտանիշների ժամանակ։ Գլիցերինը նաև լայնորեն կիրառում են թարմ վերքերի մշակման համար, քանի որ այն հակասեպտիկ հատկություն ունի։

Դեղագործության մեջ գլիցերինն օգտագործում են դեղահաբեր արտադրելիս․ գլիցերին պարունակող հաբերն ավելի հեշտ է կուլ տալ։ Ընդ որում, գլիցերինը ստամոքսի պատերի կողմից ներծծվում է, բայց չի ներթափանցում արյան մեջ։ Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ օգտագործվող գլիցերինը բնական ծագում ունենա: Եռատոմ սպիրտը լուծվում է դեղորայքի մեջ ու նպաստում վերջինիս արագ յուրացմանը օրգանիզմի կողմից։ Բացի դրանից, գլիցերինը քսուկները, մածուկներն ու կրեմները պաշտպանում է չորանալուց։ Հիշեք հայտնի վազելինը՝ այն նույնպես պարունակում է գլիցերին։

Գլիցերինը յոդի, բրոմի, ֆենոլի գերազանց լուծիչ է։ Գլիցերինը ջրի փոխարեն օգտագործելիս հնարավոր է պատրաստել բարձր խտացման բժշկական լուծույթ։

Նիկոտինի մատակարարման համակարգեր ու ծխախոտային արդյունաբերություն

Գլիցերինը թութունի տաքացվող համակարգերի գլխավոր բաղկացուցիչն է։ Ծխախոտ արտադրելիս նույնպես գլիցերին են օգտագործում․ նյութը կլանում է թութունի հոտն ու չի թույլ տալիս, որպեսզի թութունը չորանա։ Առանց գլիցերինի թութունի պիտանելիության ժամկետը կարճանում է։
 
Տեքստիլ արդյունաբերություն

Որքան էլ զարմանալի է, տեքստիլ արդյունաբերությունն էլ առանց գլիցերինի չի կարող գոյատևել։ Նյութն ավելացնում են հագուստի կտորին ու օգտագործում կաշին մշակելիս, որպեսզի այն ավելի փափուկ դառնա։
  
Կոսմետիկ միջոցների արտադրություն

Դեռևս անցած դարի սկզբին գլիցերինն օգտագործում էին կոսմետիկ միջոցների արտադրության մեջ։ Քանի որ գլիցերինը չի ներծծվում մաշկի կողմից, այն մակերեսին ձևավորում է պաշտպանիչ շերտ ու օգնում պահպանել մաշկի բնական խոնավությունը։

Արդեն նշվել է, որ գլիցերինը մեր մաշկի մի մասն է։ Առանց գլիցերինի մաշկը կկորցներ իր բնական խոնավությունը։  Հենց այդ պատճառով էլ գլիցերինն ավելացնում են խոնավացնող կրեմների բաղադրության մեջ։

Գլիցերինը հսկայական կիրառություն ունի օճառի արտադրության մեջ․ վերջինս երկար ժամանակ չի չորանում ու փափուկ է մնում։ Նույն նպատակով նյութն ավելացվում է քանդակի կավի մեջ։  

Այլ կիրառություն առօրյայում

Գլիցերինն օգտագործում են տնային պայմաններում պղպջակներ ստանալու համար։ Գլիցերինի օգնությամբ կարելի է սփռոցների վրայից մաքրել սուրճի ու թեյի հետքերը։ Եթե գլիցերինով մաքրեք լաքապատ կահույքը, հայելին կամ պատուհանը, դրանց վրա փոշի չի նստի։ Հին ու մաշված կաշվե իրերին կարելի է թարմություն ու երկրորդ շունչ հաղորդել նույն գլիցերինի միջոցով։

Լամինատե հատակին փայլ հաղորդելու համար կարելի է այն մաքրել ջրի ու գլիցերինի խառնուրդով։ Աման լվանալու վնասակար ազդեցությունից ձեռքերը պաշտպանելու համար գլիցերինը կարելի է ավելացնել լվացող հեղուկների ու հեղուկ օճառի մեջ։

Ձմռանը գլիցերինով կարելի է մշակել ավտոմեքենայի դռները, որպեսզի դրանք չսառչեն։ Ամռանն էլ գլիցերինը կօգնի մոծակի կծած հատվածի քորը վերացնելու համար։