Մեզանից գրեթե յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ունենում է աչքի թրթռոց, որը, համաձայնեք, այդքան էլ հաճելի երեւույթ չէ, և երբեմն կարող է օրեր տևել:
Աչքերի թրթռոցը բժշկական տերմինաբանությամբ կոչվում է միոկիմիա:
Միոկիմիան ցավով չի ուղեկցվում և սովորաբար առաջանում է սթրեսի կամ գերհոգնածության ֆոնին:
Երբ մենք շատ երկար ենք գտնվում համակարգչի առաջ, շատ ենք կարդում կամ գլուխը չենք բարձրացնում գաջեթներից, աչքի խնձորակը շարժող մկանները հոգնում են, բացի այդ՝ լարվում են ճակատի մկանները: Սրա արդյունքում խախտվում է նեյրոմեդիատորների (սերոտոնին, դոֆամին, ադրենալին եւ այլն) սինթեզը նյարդերում, որոնք պատասխանատու են այդ մկանների համար:
Նեյրոմեդիատորների արտադրության և փոխանակության խանգարումն ուղղակիորեն կապված է սթրեսի և հոգնածության հետ: Ցանկացած մարդ կարող է նկատել՝ չքնեց, արտաժամյա աշխատեց, նյարդայնացավ, և աչքն սկսեց թրթռալ:
Միոկիմիան վայրկյաններ է տեւում եւ կարող է կրկնվել մեկ շաբաթ շարունակ: Կարելի է ասել, որ այդ կերպ օրգանիզմը հուշում է մարդուն, որ ժամանակն է հանգստանալու: Այդ իսկ պատճառով, եթե նկատում եք, որ Ձեր աչքն անընդհատ թրթռում է, նշանակում է՝ պետք է Ձեր ռեժիմում փոփոխություններ անեք: Աշխատեք կրճատել նաև կոֆեին պարունակող ըմպելիքների քանակը (թեյ, սուրճ, էներգետիկ ըմպելիքներ):
Եթե մարդն իրեն առողջ է զգում, ապա աչքի թրթռոցից անհանգստանալ պետք չէ: Սակայն եթե աչքի թրթռոցն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ինքնազգացողության վատացմամբ, ապա պետք է դիմել բժիշկի:
Միոկիմիա կարող է առաջանալ նաև վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման, որոշ վիտամինների դեֆիցիտի արդյունքում:
Կարևոր. Եթե աչքի թրթռոցի հետ մեկտեղ թրթռում է նաև կոպը կամ բերանի մի անկյունը, ապա անպայման պետք է դիմել նյարդաբանի:
Աղբյուրը՝ Doctors.am