Բշտիկներն անհանգստություն են պատճառում ոչ միայն դեռահասներին: Դրանք կարող են հայտնվել և երեսունում, և քառասունում, և նույնիսկ՝ ավելի ուշ: Իրականում չափահաս կանանց 15%-ն ունի ակնե: Ինչպես դեռահասության տարիներին, դրա պատճառներն են հորմոնները, սթրեսը, ճարպոտության պատճառով խցանված ծակոտիները և բակտերիաները:
Կան բուժման շատ տարբերակներ՝ դեղատնից մինչև բժիշկ-դերմատոլոգի աշխատասենյակ: Սակայն ողջ այս փնտրտուքի ընթացքում անհրաժեշտ է խուսափել հետևյալ սխալներից:
• Մի՛ լվացվեք հաճախ
Շատերը կարծում են, որ եթե ունեն ակնե, պետք է հաճախակի լվանան դեմքը: Սակայն դա գրգռում է մաշկը և դժվարացնում է ակնեի դեղամիջոցների կիրառումը: Մի՛ օգտագործեք սկրաբներ, որոնք կարող են ավելի շատ բորբոքումներ առաջացնել և զրկել մաշկը բնական ճարպային շերտից:
• Մի՛ սեղմեք բշտիկները
Դժվար է չսեղմել բշտերը, սակայն պետք է գիտակցել, որ դա կարող է առաջացնել սպիներ և ինֆեկցիաներ: Ակնեի բշտերը հասնում են մաշկի ավելի խորքային շերտեր և դրանք սեղմելը կարող է առաջացնել մաշկի երկարատև կարմրություն և ավելի մեծ բշտեր: Ցանկալի է բշտերի վրա դնել տաք (ոչ եռման ջրով) թրջոցներ, ինչը կնպաստի դրանց արագ բուժմանը:
• Օգտագործե՛ք խոնավացնող քսուք
Ակնեով մաշկը կարող է լինել չոր, հատկապես երբ բուժման նպատակով օգտագործում եք ռետինոիդներ: Այնուամենայնիվ, շատերը խուսափում են խոնավացնող քսուքներ օգտագործելուց: Օգտագործե՛ք ոչ կոմեդոգեն խոնավացնող քսուք: Նման քսուքները չեն խցանում ծակոտիները:
• Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք
Անհրաժեշտ է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Կրկին անհրաժեշտ է օգտագործել ոչ կոմեդոգեն արևապաշտպան քսուք, որի վրա պետք է լինի SPF 30 մակնշում:
• Մի՛ դադարեցրեք բուժումը ժամանակից շուտ
Որոշ արտադրանքներ հրաշքներ են խոստանում մեկ գիշերվա ընթացքում: Դա սոսկ գովազդ է: Ակնեի բուժումն անհնար է իրականացնել 24 ժամվա ընթացքում: Վիճակի բարելավման համար պահանջվում է 6-8 շաբաթ: Մասնագետները խորհուրդ են տալիս շարունակել բուժումը՝ հետագա բորբոքումները կանխելու նպատակով: Ձեր բժիշկ-դերմատոլոգն ինքը կասի, թե երբ դադարեցնել բուժումը:
Աղբյուրը՝ WebMD