Սրտամկանի սուր ինֆարկտը անհետաձգելի բուժօգնություն պահանջող հիվանդություն է։
«Սրտամկանի սուր ինֆարկտ» տերմինը պետք է օգտագործվի, երբ առկա է սրտամկանի վնասվածք։
Հիմքում ընկած է սիրտը սնող անոթների խցանումը, որը բերում է սրտամկանի սնուցման դադարեցման, ինչի հետևանքով առաջանում է սրտամկանի որևէ հատվածի մեռուկացում։ Պատճառը հիմնականում աթերոսկլերոզն է։ Առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Կանանց մոտ կլիմաքսից հետո առաջացման հավանականությունը հավասարվում է։

Ռիսկի գործոններն են՝

  • Ժառանգական նախատրամադրվածություն
  • Բարձր զարկերակային ճնշում
  • Շաքարային դիաբետ
  • Ճարպակալում
  • Վնասակար սովորույթներ (ծխել,ալկոհոլի չարաշահում)
  • Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ
  • Նստակյաց կյանք:
     

Սրտամկանի ինֆարկտի նշաններն են՝
1.Ցավ կրծքավանդակում՝ պայմանավորված սրտամկանում արյան և թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Ցավը կարող է լինել այրող, ճնշող, սեղմող բնույթի, ճառագայթել դեպի ձախ ձեռք, ուս, մեջք, պարանոց կամ ստորին ծնոտ:
2.Հևոց,քրտնարտադրություն,սրտխառնոց
3.Ցավի տևողությունը 20 րոպե և ավել
4.Նիտրոգլիցերինի ընդունումից ցավը չի անցնում
5.Նոպան կարող է սկսվել ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ հանգիստ ժամանակ։

Ցավը կարող է լինել շատ տարաբնույթ և նմանվել ուրիշ հիվանդությունների ցավերին, այդ պատճարով կրծքավանդակի ցավերի ժամանակ խորհուրդ կտամ դիմել արաջնահերթ սրտաբանի: Ի դեպ, նշեմ, որ լինում են դեպքեր, երբ հիվանդը ցավ չի զգում, որը հաճախ հանդիպում է տարեցների և շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ։

Շատ կարևոր է՝ ճիշտ ժամանակին կանչել շտապ բժշկական օգնություն: Մինչև շտապ օգնության մոտենալը, եթե առկա է բարձր զարկերակային ճնշում, պետք է նստած դիրքում ընդունել նիտրոգլիցերին՝ 0,5մգ ենթալեզվային, բայց ոչ ավելի քան 3 անգամ, որպեսզի խուսափենք հիպոտենզիայից (զարկերակային ճնշման կտրուկ անկում):

Ցածր ճնշման ժամանակ (≤100 սիստոլիկ, կամ <70 դիաստոլիկ) նիտրոգլիցերինի օգտագործումը հակացուցված է, ճնշման էլ ավելի անկումից խուսափելու համար: Սրտամկանի ինֆարկտի ախտորոշման հիմքում ընկած է ԷՍԳ հետազոտություն, տրոպոնինի անալիզ և կլինիկական պատկեր։ 

Բուժում՝
Ցավի հանումը շատ կարևոր է հիվանդի համար, ցուցված են ներերակային օփիոիդներ (մորֆին)։
Երբ հիվանդի մոտ նկատվում է անհանգիստ վիճակ, ապա կարելի է օգտագործել մեղմ հանգստացնողներ (սովորաբար բենզոդիազեպին):
Հիվանդին ցուցված է թթվածնային թերապիա, երբ արյան մեջ թթվածնի տոկոսային հագեցվածությունը <90% է։
հակաագրեգանտներ՝
ասպիրին ծամելու տարբերակով (150-300մգ) կամ ներերակային (75-250մգ)։
Պրասուգրել, տիկագրելոր (առկա չեն հայաստանում), կլոպիդոգրել։
Հակակոագուլյանտներ՝ հեպարին, էնոքսապարին և այլն։

Բուժման հիմնական նպատակը դեպի սիրտ արյան հոսքի վերականգնումն է։

Կատարվում է կորոնարոգրաֆիա, որը ցանկալի է կատարել ախտորոշման սկզբից մինչև 3 ժամվա ընթացքում՝ հայտնաբերելու համար, թե որ անոթն է խցանված, և անհրաժեշտության դեպքում՝ դրվում է ստենտ:
Այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով չի կատարվել կորոնարոգրաֆիա, ապա հնարավորինս շուտ պետք է սկսել թրոմբոլիտիկ թերապիա՝ թրոմբը լուծելու համար:

Դրանց են պատկանում՝ ալտեպլազան, ռետեպլազան և այլն։

Սրտամկանի սուր ինֆարկտի լիարժեք բուժումը կատարվում է միայն հիվանդանոցային պայմաններում։
Կանխարգելման համար պետք է հրաժարվել վնասակար սովորություններից՝

1.Հրաժարվել ծխախոտից
2.հետևել քաշին
3.Լինել ֆիզիկապես ակտիվ
4.Ճիշտ սնվել
5.Ալկոհոլը չչարաշահել

Նյութը տրամադրեց սրտաբան Լիլի Պետրոսյանը։