Գիտնականները չեն բացառում, որ Աֆրիկյան Էբոլայի տենդի բռնկումը կարող է վերածվել համաշխարհային համաճարակի: Օրինակ, վերջերս Հոնկոնգի հիվանդանոցում կարանտինի ենթարկեցին մի կնոջ, ով ուներ բնորոշ ախտանիշներ: Հայտնի է, որ նա վերջերս էր վերադարձել Աֆրիկայից, գրում է The Daily Mail-ը: Այժմ կատարվում են մի շարք հետազոտություններ ճշգրիտ ախտորոշում ստանալու համար:
 
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համմոնդը բավականին անհանգստացած է ստեղծված իրավիճակով: Կանցկացվի արտահերթ նիստ՝ նվիրված երկիրն Էբոլայի տենդից պաշտպանելու հարցին: Իսկ բրիտանական ավիաընկերությունները ստուգում են ուղևորներին: Նորմերի նմանօրինակ խստացման պատճառ է հանդիսացել Նիգերիայում մի տղամարդու մահը, ով մինչ այդ եղել է Լիբերիայից մեկնող միջազգային չվերթում: Պարզվել է, որ մահացածը ամերիկացի բժիշկ էր: Այժմ Նիգերիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում են հսկել ավելի քան 30000 մարդու, ովքեր շփում են ունենցել մահացածի հետ, չնայած նրանց ամբողջական ցուցակը գոյություն չունի: 
 
Օրեր առաջ մի բրիտանացի է ընդունվել Բիրմինգեմի հիվանդանոց: Արևմտյան Աֆրիկայից վերադառնալիս նրա մոտ վրա է հասել տենդ: Նա ուղևորվում էր Նիգերիայից՝ Փարիզով: Երկուշաբթի տղամարդը զգացել էր թուլություն: Սակայն անալիզների միջոցով նրա մոտ չի հայտնաբերվել Էբոլայի վիրուսը, որն արդեն 700 մարդու մահվան պատճառ է հանդիսացել: Ստացվող նորանոր տեղեկություններն անընդհատ սրում են իրավիճակը: Օրինակ, ամերիկյան ռազմական ինքնաթիռում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Պենտագոնի ներկայացուցիչների խոսքերով՝ դին հայտնաբերվել է այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել Գերմանիայում: Այդ ինքնաթիռը կանգառներ է ունեցել Սենեգալում, Մալիում, Չադում, Թունիսում և Սիցիլիայում: Ենթադրվում է, որ երիտասարդ տղամարդը ինքնաթիռ է մուտք գործել Մալիում, այսինքն՝ մի երկրում, որը սահմանակից է Գվինեային, որտեղ և գրանցվել է Էբոլայի վիրուսի բռնկման սկիզբը:
 
Վիրուսի հետ կապված հիմնական  խնդիրն այն է, որ այն կարող է երեք շաբաթ զարգանալ  օրգանիզմում առանց որևէ ախտանշանի և սպանել 90% վարակվածներին: Հաճախ վարակը փոխանցվում է կենդանիներից, օրինակ՝ չղջիկներից և կապիկներից: Ախտանիշներն են տենդը, արյունահոսությունը, նյարդային համակարգի ախտահարումը: Էբոլայի դեմ պատվաստանյութ կամ դեղամիջոց գոյություն չունի: Բժիշկների խոսքերով՝ ներկայիս բռնկումը 1976 թվականից ի վեր ամենամասշտաբայինն է: Բացի այդ, այն կառավարելի չէ: Նախկին ռեկորդային բռնկման արդյունքում մահացել է 280 մարդ: 
 
Հիշեցնենք, որ վերջին բռնկումը սկսվել է Գվինեայում փետրվար ամսին: Այնուհետև այն տարածվել է դեպի Լիբերիա և Սիերա-Լեոնե: Ի դեպ, մահացել է Սիերա-Լեոնեի առաջատար բժիշկներից՝ Շեյկ Ումար Կհանը: Այդ կապակցությամբ անցած շաբաթվա վերջում Լիբերիան փակել է սահմանը, իսկ Նիգերայի սահմանում և օդանավակայաններում մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ:

 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ www.newsfiber.com