Մահացել է Երևանի պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աղաջանովի  մասին խոսելիս անհնար է չխոսել բժշկական համալսարանի պատմության մասին: Բժշկական համալսարանի, պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների տասնյակ սերունդների համար նրա ներկայությունը, բժիշկ-գիտնականի կերպարը օրինակելի էին:  Նրա դեպքում տարիների իմաստությունն ու երիտասարդական ավյունը, մեծ փորձն ու աշխատասիրությունը մեկտեղվել էին: Ավագ սերնդի հարգարժան ներկայացուցիչը, բժշկագիտության նահապետն իր ներկայությամբ հատուկ մթնոլորտ էր ձևավորում ինչպես ռեկտորատի, այնպես էլ Գիտական խորհրդի նիստերում, բուհական տարատեսակ նախաձեռնություններում ու քննարկումներում, Կարգապահական հանձնաժողովում, որի ղեկավարն էր: Շատ ու շատ գործընկերների, ապագա բժիշկների համար նրա օրինակը, կենսասիրությունը վարակիչ էին:

Միխայիլ Աղաջանովն ավարտել էր բժշկական բուհը 1963 թվականին` վեց տասնամյակ առաջ, և որևէ օր չէր կորցրել կապը հարազատ կրթօջախի հետ` կրթելով սերունդներ, զարգացնելով հայրենի բժշկագիտությունը: ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի՝ երկար տարիների ղեկավարը ողջ կյանքը նվիրել էր գիտությանը, մասնավորապես՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Պրոֆեսորի երկարամյա գործունեությունը մշտապես բարձր էր գնահատվում թե՛ համալսարանի, թե՛ միջազգային գիտական մտքի կողմից:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աղաջանովների ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հանգչեք խաղաղությամբ, սիրելի Միխայիլ Իոսիֆովիչ»։ 

Doctors.am-ի ողջ թիմը ցավակցություն է հայտնում Միքայել Աղաջանովի ընտանիքին։ 

 

Աղբյուրը՝ Doctors.am