Օրեր առաջ, ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել ակնաբույժներ Ռուբեն Գրիգորյանը և Ալան Ռիչարդսը: Մասնագետների այցի նպատակը, Հայաստանում անհասության ռետինոպաթիայի, նորածնային կուրության կանխարգելման մասին իրենց բազմամյա փորձի, գիտելիքների և կարծիքների փոխանակումն է: Ակնաբույժ Ռուբեն Գրիգորյանը նախատեսում է նաև խորհրդատվություն՝ Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում:
 
Բժիշկները հանդիպում ունեցան ՀՀ գլխավոր ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ալեքսանդր Մալայանի հետ:
 
- Անկեղծ ասած, ես զարմացած եմ՝ Հայաստանում տեսնելով անհասության ռետինոպաթիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումների նման բարձր մակարդակ: Ինձ իրավունք եմ վերապահում ոլորտը գնահատել, քանի որ մինչ մեր այցը Հայաստան, նույն նպատակով եղել ենք բազմաթիվ այլ երկրներում նույնպես, և ասեմ, որ Հայաստանում ակնաբուժությունը շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան նույնիսկ Ռուսաստանում և արևելյան Եվրոպայում:
Ուրախ եմ տեսնել, որ անհասության ռետինոպաթիայի , նորածնային կուրության կանխարգելման համար մշակել եք ճիշտ և համակարգային ռազմավարություն, պետական մակարդակով՝ սքրինինգային ծրագիր, - հանդիպման ընթացքում ասաց Ալան Ռիչարդսը:
 
Բժիշկ-ռեթինովիրաբույժ Ռուբեն Գրիգորյանի գնահատմամբ՝ ոլորտը Հայաստանում ահռելի աճ է գրանցել, և շնորհիվ նաև Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի բժշկական անձնակազմի, այսօր Հայաստանում լիարժեք հնարավոր է կանխարգելել նորածնային կուրությունը:
 
- Իմ այցի նպատակը հայաստանյան բժշկական հասարակության հետ փորձի և գիտելիքների փոխանակումն է: Հույս ունեմ իմ հայաստանյան կոլեգաների հետ միասին իրականացնել խորհրդատվություն, լսել հայ պացիենտների խնդիրները, ներկայացնել այս կամ այն հարցին իմ մասնագիտական մոտեցումը… Իմ նախորդ այցի ժամանակ՝ շուրջ 5-6  տարի  առաջ, ես նկատեցի, որ անհասության ռետինոպաթիայի դեպքերը շատ-շատ էին, իսկ բուժումը կազմակերպվում էր միայն արտերկրում: Այս տարիների ընթացքում մեծ զարգացում եմ նկատում՝ սքրինինգային ծրագրի առկայությունը, կիրառվող բարձրակարգ դեղորայքը և այլն:
 
Այս անգամ ինձ հետ Հայաստան եմ հրավիրել փորձառու մի մասնագետի՝ մանկական ակնաբույժ Ա. Ռիչարդսին, ով ևս անշահախնդիր կերպով պատրաստ է իր աջակցությունն առաջարկել ոլորտի առավել զարգացման համար: Մենք միասին շրջեցինք ՀՀ մարզերով, եղանք Գյումրիում, Վանաձորում, Գորիսում: Բացի հիվանդներին զննելը և խորհրդատվություն իրականացնելը, մենք կարևորում ենք նաև տեղի բժիշկների հետ գիտելիքների փոխանակումը, նրանց նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացումը,- ասում է Գրիգորյանը:
 
Հուսանք, որ բժիշկների համագործակցությունը կլինի շարունակական, ինչն, իհարկե, կնպաստի առավելապես առողջ երեխաների լույս աշխարհ գալուն  և այդ առողջության պահմանմանը:

Աղբյուրը՝ Doctors.am
15 Սեպտեմբերի, 2015