ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող «Պալիատիվ բժշկական օգնության ներդրումը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումը համախմբել էր շահագրգիր կառույցներին: 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու այս ոլորտում իրականացվող ծրագրերին: «Ամոքիչ բուժօգնությունը նոր ուղղություն չէ և մենք քաջ գիտակցում ենք, որ չենք կարող չունենալ աշխարհում լայնորեն կիրառվող մոտեցումները»,- նշեց Արմեն Մուրադյանը: Ներկայացնելով ամոքիչ բուժօգնության ներդրման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրենսդրական քայլերը` նախարարը շեշտեց, որ դրանք առաջին հերթին միտված են բժշկական օգնության այս տեսակը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելուն: Արմեն Մուրադյանի գնահատմամբ` նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում գործնական հարթակում անկաշկանդ քննարկել խնդիրները, ուրվագծել ծրագրերը: Նա կոչ արեց միջազգային կազմակերպություններին լինել հետևողական ամոքիչ բուժօգնության ներդրման և զարգացման գործում: 

 

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ամոքիչ բուժօգնության և սպասարկման ներդրումը մեր երկրում կանոնակարգման կարիք ունի: Նրա խոսքով` վերջի տարիներին ակնհայտ է ոչ միայն ՀՀ կառավարության, պատասխանատու կառույցների, այլև հասարակության վերաբերմունքի փոփոխությունը այս հարցի շուրջ: Նա ասաց, որ նոյեմբերի կեսին ՀՀ առողջապահության նախարարի հետ Հռոմ կատարած այցի շրջանակում քննարկվել են մանկական պալիատիվ բուժօգնությանը վերաբերող խնդիրները: Արա Բաբլոյանը դրական քայլ համարեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված և Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագիծը: 

Բաց հասարակության հիմնադիամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ կազմակերպությունը ամոքիչ բուժօգնության ոլորտում աշխատանքներ է իրականացնում 2009 թվականից: Նա շեշտեց, որ ամոքիչ բուժօգնությունը բարեկեցիկ հասարակության և անհատի արժանապատիվ կյանքի գրավականն է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ Սրբազանն էլ նշեց, որ ուրախալի է այն առաջընթացը, որը գրանցվել է այս ոլորտում: Նրա խոսքով` կարևոր է նաև պալիատիվի փոփոխությունը ամոքիչ բառով: Սրբազանն ընդգծեց համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մարդու իրավունքների տեսանկյունից կարևորեց ցավից և տառապանքից զերծ մնալու իրավունքը: Անդրադառնալով կատարված աշխատանքին` փոխնախարարը նշեց, որ տարիներ առաջ ամոքիչ բուժօգնության մասին չէր խոսվում, մինչդեռ այսօր հստակ քայլեր են իրականացվել այս ուղղությամբ: Մասնավորապես` ամոքիչ բուժօգնությունն ընդգրկվել է մասնագիտությունների հիմնական ցանկում, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են կլինիկական չափորոշիչներ: «Առողջապահության նախարարությունը գործընկերների հետ մեծածավալ աշխատանք է կատարել»,- ընդգծեց Սուրեն Քրմոյանը, ում համոզմամբ` համապատասխան փաստաթղթերի հստակեցումն ու փոփոխությունները կնպաստեն բուժօգնության այս տեսակի կանոնակարգմանը, մոտեցումների հստակեցմանը: Սուրեն Քրմոյանը նշեց, որ կարևոր է հակացավային դեղամիջոցների և պալիատիվ օգնության հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում ապահովելը: 

 

Ամփոփելով խորհրդարանական լսումը` Արա Բաբլոյանը նշեց, որ նախարարի հանձնարարությամբ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով և անցել առաջին ընթերցմամբ, ինչը նույնպես առաջընթաց է: Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բուժօգնության այս տեսակի ներդրումը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական, ֆինանսական, հոգևոր խնդիր է, որը պահանջում է առարկայական մոտեցում: «Առողջապահության նախարարության առաջնահերթ նպատակը բնակչությանն առողջ պահելն է, սակայն առողջ ապրելակերպի պահպանմանը, հանրային առողջապահական ծրագրերին զուգահեռ մենք պարտավոր ենք ներդնել և զարգացնել նաև բուժօգնության այս տեսակը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Մարդը, նրա արժանապատվությունը բարձրագույն արժեքներ են, ուստի նա պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ ապրելու նաև կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություններով տառապելու դեպքում` նվազեցնելով հիվանդի և նրա ընտանիքի տառապանքները: Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություններով տառապելու դեպքում, ինչպես նաև մահամերձ հիվանդին և նրա ընտանիքի անդամներին տրամադրվող համալիր օգնություն է, որը ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ հիվանդի և նրա հարազատների տառապանքները մեղմացնող սոցիալ-հոգեբանական և հոգևոր աջակցությունը: Դրա նպատակն է հնարավորինս լավացնել հիվանդի և նրա ընտանիքի անդամներկ կյանքի որակը: Տարեկան մահացության ընդհանուր ցուցանիշը Հայաստանում 27 000 -28 000 է, որի 60-70 տոկոս դեպքերում անհրաժեշտ է տրամադրել պալիատիվ բժշկական օգնություն: Հաշվի առնելով դրա ներդրման և արդյունավետ իրականացման կարևորությունը` անհրաժեշտ է այն քննարկել համակողմանիորեն` ուսումնասիրելով բոլոր խնդիրներն ու հնարավոր լուծումները` սկսած օրենսդրական վերանայումից, ներառյալ դեղերի հասանելիության ապահովումը, անհրաժեշտ կրթական ծրագրերի իրականացումը և հանրային իրազեկումը:

Մասնակիցները շեշտեցին, որ պալիատիվ բուժօգնությունը առողջապահական համակարգի անբաժանելի մասն է: Խորհրդարանական լսումներին ներկա էին ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, առողջապահական կազմակերպությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բուժաշխատողներ:

Աղբյուրը՝ ՀՀ Առողջապահության Նախարարություն