Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություններով տառապելու դեպքում, ինչպես նաև մահամերձ հիվանդին և նրա ընտանիքի անդամներին տրամադրվող համալիր օգնություն է, որը ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ հիվանդի և նրա հարազատների տառապանքները մեղմացնող սոցիալ-հոգեբանական և հոգևոր աջակցությունը: Դրա նպատակն է հնարավորինս բարելավել հիվանդի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը: Պալիատիվ խնամքը նոր երևույթ է Հայաստանում, որը սկիզբ է առել 2003 թվականին, երբ ստեղծվեց Հակացավային և պալիատիվ խնամքի ասոցիացիան։
- Չնայած բժշկության նման ռիթմով զարգացմանը, այսօր աշխարհում դեռևս կան այնպիսի հիվանդություններ, որոնց վերջնական բուժումը, ցավոք, անհնար է: Եվ անկախ նրանից, թե այդ հիվանդությամբ տառապող մարդն ինչքան պետք է ապրի՝ ամիսներ, տարիներ, տասնյակ տարիներ, պետք է լինեն որոշակի բժշկական և հեգաբանասոցիալական ծառայություններ, որպեսզի մարդը կարողանա ապրել արժանապատիվ կերպով, համապատասխան պայմաններում, որ կյանքի այդ տարիներն անցնեն ոչ որպես տառապանք: Անձը պետք է ունենա բոլոր համապատասխան պայմանները, լինելու համար հասարակության լիիրավ անդամ, - ասում է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Պալիատիվ բուժօգնության գաղափարը առաջ է եկել դարեր առաջ և ժամանակի ընթացքում ենթարկվել որոշակի փոփոխությունների: Վիրաբուժության, ուռուցքաբանության մեջ, երբ բժիշկները հանդիպում էին այնպիսի իրավիճակների, հիվանդությունների, որոնց ամբողջական բուժումն անհնար էր, իրականացնում էին ցավամոքիչ բժշկական խնամք, որը հնարավորություն էր տալիս մեղմացնել ցավը կյանքի այդ ժամանակահատվածում:
- Այժմ, մեր առաջնային նպատակներից է օրենքի մեջ փոփոխության իրականացումը, որպեսզի պալիատիվ բժշկական օգնությունը մեր երկրում դառնա բուժօգնության առանձին տեսակ,- ասում է Ա. Բաբլոյանը:
Հայաստանում պալիատիվ բուժօգնության համակարգի ներդրումը հիմնված է լինելու աշխարհի տարբեր երկրների արդեն իսկ բազմամյա փորձի վրա:
Ըստ պրն. Բաբլոյանի՝ ծառայությունը հասանելի է լինելու ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:
Մեծահասակների թվի հաշվարկի մեթոդաբանությունը հետևյալն է՝ քանի մարդ է մահացել տվյալ երկրում որոշակի ախտորոշումներով, սակայն երեխաների դեպքում դիտարկվում է ոչ միայն մահացության ցուցանիշը, այլ նաև հիվանդությունների տարածվածությունը և այդ հիվանդություններով ապրող երեխաների թիվը:
Տարեկան մահացության ընդհանուր ցուցանիշը Հայաստանում 27.000 -28.000 է: Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ պալիատիվ բժշկական օգնության կարիք ունի տարեկան 18.000 մարդ:
- Բաց հասարակության հիմնադրամների հետ համագործակցում ենք արդեն 5 տարի՝ Հայաստանում ներդնելու համար պալիատիվ բուժօգնության համակարգը: Աշխատանքը սկսում ենք կարիքի գնահատումից. թե որքան մարդու է այսօր անհրաժեշտ պալիատիվ բուժօգնություն և այլն: Արդեն իսկ սկսել ենք Հայաստանում կլինիկական պայմաններում տրամադրվելիք ցավամոքիչ բուժօգնության ուղեցույցների մշակման աշխատանքը: Ուրախալի է, որ կա ազգային ռազմավարություն, որը գրեթե պատրաստ է հաստատման: Հայաստանում իրականացվել են 4 հիմնական ծրագրեր՝ Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորմամբ: Պետք է նշեմ, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է մեզ հետ, պարզապես աշխատանքների այս փուլում արդեն պետք է ավելացնենք վերապատրաստված բժիշկների, բուժքույրերի, սոցիալական աշխատողների, հոգեբանների թիվը: Եվ որ չափազանց կարևոր է, պետք է ձևավորենք երեխաների համար ցավամոքիչ խնամքի ներդրումը, որն այսօր, ցավոք, չկա, - ասում է Պալիատիվ օգնության հարցերով ԲՀՀ-ի միջազգային խորհրդատու Ստեֆեն Քոնորը:
Առանցքային խնդիրներից Ս. Քոնորն առանձնացրեց հատկապես այն փաստը, որ Հայաստանում դեռևս առկա են չեն պալիատիվ բուժօգնության իրականացման համար անհրաժեշտ, կարևորագույն դեղամիջոցներից մի քանիսը: Խոսքը վերաբերում է հատկապես հաբերի տեսքով մորֆինին, որն անհրաժեշտ է շատ հիվանդների՝ ցավը վերահսկելու համար:
-Մարդկային ենթագիտակցությունը հակված է կարծել, որ երեխաները չեն մահանում, սակայն ցավոք, երեխաները նույնպես մահանում են, և կարևոր է գոնե ապահովել հարմարավետ և համապատասխան պայմաններ նրանց կյանքի թեկուզ և վերջին տարիների համար,- ասում է Հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնագիտացված հաստատության բժիշկ Անդրեյ Պենկովը (Ուկրաինա):
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ Հայաստանում ամոքիչ բուժօգնության ներդրման կարևորագույն բաղադրիչներից է մասնագետների պատրաստումը նաև բազային մակարդակով: Բուհերում առանձին, թիրախավորված ուսուցումն առավել արդյունավետ և համակարգված կդարձնի աշխատանքը:
- Սա ոլորտ է, որ պահանջում է մասնագիտական լուրջ պատրաստվածություն: Այս ծրագիրը պահանջում է ինչպես պետական կառույցների, այնպես էլ ամբողջ հասարակության ներգրավվածությունը, - ասում է Դ. Ամիրյանը:
Հիշեցնենք, որ պալիատիվ օգնությունը
- մեղմացնում է ցավերը և անհանգստություն պատճառող այլ ախտանիշներ,
- ընդունում է կյանքը և վերաբերվում մահվանը որպես բնական երևույթի,
- չի ձգտում երկարաձգել կամ կարճացնել կյանքի տևողությունը,
- ընդգրկում է հիվանդի խնամքի հոգեբանական և հոգևոր կողմեր,
- հիվանդներին առաջարկում է աջակցման այնպիսի համակարգ, որպեսզի նրանք հնարավորինս ակտիվ կյանքով ապրեն մինչև մահ,
- աջակցում է հիվանդի հարազատներին հիվանդության ընթացքում և սգո շրջանում,
- հիվանդների և նրանց հարազատների կարիքները հոգալիս կիրառվում է թիմային մոտեցում,
- բարձրացնում է կյանքի որակը և նպաստում հիվանդության առավել բարեհաջող ընթացքին,
- կիրառելի է ծանր հիվանդության վաղ շրջանում՝ ի լրումն բուժական այլ միջոցառումների (օրինակ՝ քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա),
- ներառում է հետազոտությունների իրականացում, որոնց նպատակն է կլինիկական ախտանիշների և բարդությունների առավել լավ ըմբռնում և բուժում:
Հայաստանում պալիատիվ բուժօգնության ներդրման աշխատանքներում ներգրավված են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ստեֆեն Քոնորը՝ Պալիատիվ օգնության հարցերով ԲՀՀ-ի միջազգային խորհրդատու ԱՄՆ-ից, Կարինա Վարտանովան՝ Երեխաների պալիատիվ օգնության հիմնադրամի տնօրենը Ռուսաստանից, Միհաելա Դումիթրաք՝ Casa Lumina հոսպիսի տնօրենը, Ռումինիայից, Անդրեյ Պենկով՝ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնագիտացված հաստատության բժիշկ Ուկրաինայից:
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
26 Փետրվարի, 2015