Չափից դուրս շատ կամ քիչ քունը կարող են հավասարապես վնասակար ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա: Այս մասին գրում է Webmd.com-ը՝ հղում անելով HealthDay Reporter-ին:
Փաստն ապացուցվել է վերջերս կանադացի գիտնականների՝ քնի վերաբերյալ իրականացրած ամենամեծ հետազոտության արդյունքում:
Հետազոտությանը մասնակցել է 40 հազար մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք առցանց թեստ են լրացրել, որը մտավոր ունակությունների հետ կապված հարցեր է ներառել, ինչպես օրինակ, մտածողությունը, հիշողությունը եւ վերբալ հմտությունները: Նրանք, ովքեր միջինը 7 կամ 8 ժամ են քնում, ավելի դրական արդյունք են ցույց տվել, քան նրանք, որոնք ավելի պակաս կամ ավելի շատ են քնում: Հարցման մասնակիցների կեսը նշել է, որ սովորաբար 6,3 ժամից քիչ են քնում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ որոնք նշել են, որ 4 ժամ կամ դրանից պակաս են քնում, 9 տարով ավելի մեծ մարդու վարքագիծ են դրսեւորել:
Մտածողությունը եւ վերբալ կարողությունները այն երկու հիմնական գործոններն են, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն քնից, այն դեպքում, երբ կարճ հիշողությունն այդքան էլ կախված չէ քնից:
Ապացուցվել է, որ մեկ օրվա քունն անգամ կարող է ազդեցություն թողնել մարդու մտածողության վրա: Մասնակիցները, որոնք թեստ հանձնելուց մեկ օր առաջ ավելի երկար են քնել, քան սովորաբար, ավելի լավ արդյունք են ցույց տվել, քան նրանք, ովքեր քնել են ավելի քիչ կամ սովորականի պես.
«Մենք իսկապես ցանկանում էինք ունենալ մարդկանց քնի հետ կապված սովորությունները ամբողջ աշխարհից»,- ասել է հետազոտության համահեղինակ, Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտաշխատող Ադրիան Օուենը:
«Հարցման մասնակիցները մեծ քանակի ինֆորմացիա են տվել իրենց անձի մասին: Նրանք պատասխանել են, թե քանի տարեկան են, ինչ դեղորայք են ընդունում, որտեղ են բնակվում եւ ինչ կրթություն են ստացել, որովհետեւ դրանք այն ֆակտորներն են, որոնք կարող էին ազդել հետազոտության որոշ արդյունքների վրա»,- ասել է Օուենը:
Օուենի լաբորատորիայի գիտաշխատող Քոնոր Վայլդն էլ նշել է.
«Մենք գտանք, որ ուղեղի լավագույն աշխատանքի համար մարդը պետք է գիշերը 7-8 ժամ քնի: Սա նաեւ համապատասխանում է այն ռեժիմին է, որը Ձեզ խորհուրդ կտան բժիշկները՝ պահպանելու համար Ձեր առողջ մարմնակազմությունը»:
Աղբյուրը՝ Doctors.am