«Հանրության և նույնիսկ առողջապահության ոլորտի մասնագետների համար պաթոլոգիան նման է սև արկղի, որտեղ մտնում է նմուշը և մի քանի օր անց հրապարկվում են եզրակացությունները: Մեր սատելիտային սիմպոզիումի նպատակն է բացել այդ սև արկղը և լրացնել գիտելիքների բացը պաթոլոգիայի և առողջապահական այլ մասնագիտությունների միջև»,- նշում է « Հայաստանի կլինիկական ախտաբանների և բջջաբանների ասոցիացիայի » նախագահ, Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի գլխավոր ախտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Մխիթարյանը։

Հուլիսի 7-ին և 8-ին Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակներում տեղի ունեցավ նախադեպը չունեցող  «Ախտաբանություն. միջազգային հմտությունների և փորձի փոխանակում» թեմայով սիմպոզիումը « Հայաստանի կլինիկական ախտաբանների և բջջաբանների ասոցիացիայի » նախաձեռնությամբ և Հիստոջեն պաթոլոգիայի կենտրոնի ու այլ հովանավորների աջակցությամբ։ Սիմպոզիումը նախաձեռնելու և այն կյանքի կոչելու հարցում մեծ ներդրում է ունեցել Արմեն Մխիթարյանը։

Երկօրյա միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան լսել  թիրախային զեկույցներ պաթոլոգիայի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև մասնակցել պանելային քննարկումներին հետազոտողների և պրակտիկ բժիշկների հետ ամբողջ աշխարհում:

Սիմպոզիումի խոսնակների թվում էին նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած ոլորտի փորձառու մասնագետները, որոնք սիրով ընդունել էին այս կարևոր միջոցառմանը իրենց զեկույցներով ներկայանալու առաջարկը։ 

«Մեր դասախոսությունները ներկայացնում են տարբեր երկրների պաթոլոգիայի կրթության ոլորտի առաջատարների համատեղ ջանքերը: Այն ընդգրկում է մասնագիտական թեմաների լայն շրջանակ: Բացի ախտաբաններից և բջջաբաններից մենք հրսվիրել  ենք նաև նյարդավիրաբույժներին, ուռուցքաբաններին, գաստրոէնտերոլոգներին, մաշկաբաններին, գինեկոլոգներին, էնդոկրինոլոգներին, էնդոկրին վիրաբույժներին, նեֆրոլոգներին, էնդոսկոպիստներին, որ միանան մեզ՝ բացահայտելու պաթոլոգիայի հիասքանչ աշխարհը» ,- հավելում է Արմեն Մխիթարյանը։

Ի դեպ, սիմպոզիումը կրեդիտավորված էր ՀՀ ԱՆ կողմից և մասնակիցները ստացան 15 տեսական կրեդիտ: