Հաճախ, որպես մսամթերք, գնում ենք ոչ թե զուտ միս, ինչն ինքնին կարող է կասկած առաջացնել իր որակային հատկություններով, այլ երշիկեղեն, կիսաֆաբրիկատներ և այլն:
Քանի որ միսն արագ փչացող ու թանկ մթերք է, ուստի նրանից պատրաստված ապրանքները զերծ չեն սննդային հավելումներից: Իսկ ի՞նչ են սննդային հավելումները և ինչի՞ համար են:
Կոնսերվանտները քիմիական նյութեր են, որոնք կանխում են միկրոօրգանիզմների զարգացումը մթերքում: Քանի որ մսամթերքը հնարավոր է երկարատև փոխադրումների և պահեստում որոշ ժամանակ մնալու պատճառով փչանա, օգտագործում են կոնսերվանտներ, որոնք երկարացնում են մթերքի «կյանքը» և կանխում տհաճ հոտի առաջացումը: Իսկ երկարում է մթերքի կյանքը այն բանի հաշվին, որ այս նյութը չի թողնում միկրոօրգանիզմների սպիտակուցային սինթեզը: Իսկ վնասում է մեր օրգանիզմին հենց այդ նույն պատճառով, որ խանգարում է սպիտակուցային սինթեզին ու կարող է առաջացնել հիվանդություններ: Սրանք փաթեթի վրա նշվում են E200-E299 համարներով:
Ներկանյութերը օգտագործվում են մսին ախորժելի տեսք հաղորդելու և վերամշակման արդյունքում գույնի կորուստը վերականգնելու համար: Սրանցից շատերը քաղցկեղածին են: Ներկանյութերը փաթեթի վրա նշվում են E100-ից E190 համարներով:
Կայունացուցիչներից(Стабилизаторы) մի մասը թեև անվնաս են, սակայն մի որոշ քանակ համարվում է վնասակար: Մասնավորապես E430-ը համարվում է քաղցկեղածին, իսկ E451, E452, E461, E462, E463, E465, E466 համարներով նշվող կարգավորիչները առաջացնում են ստամոքսի խանգարումներ: Կարգավորիչների հիմնական ֆունկցիան մթերքի թթվայնությունը, ձևը, խոնավությունը պահպանելու համար է, որոշ դեպքերում նաև քաշ ավելացնելու համար են օգտագործում: Կարգավորիչները, խտացուցիչները նշվում են E400-E499 համարներով:
Էմուլգատորներից առողջության համար վնասակար են E503-ը և E576-ը: Վերջինս կարող է առաջացնել կախվածություն: Իսկ E520-ը ընդհանրապես համարվում է արգելված հավելում: Սրանք նշվում են որպես E500-599:
Ուժեղացուցիչները նշվում են E600-E699 համարներով, և նրանք ունեն ինչպես համի ու հոտի ուժեղացնելու, այնպես էլ տհաճ հոտերը ճնշելու «կոչում»: Ինչով և բթացնում են համային զգայարանների նորմալ գործունեութունը: E627-E635 համարների բոլոր հավելումները ունեն զարկերակային նորմալ ճնշումը խաթարելու հատկություն:
Հրուշակեղենի արտադրության մեջ էլ շատ են սննդային հավելումները , որոնք խիստ վնասակար են առողջության համար: Դրանք ավելացվում են քաղցրացնելու, համն ուժեղացնելու, ավելի փքուն դարձնելու նպատակներով: E906, E924b, E940, E945, E946, E958 հավելումները ընդհանրապես արգելված են շատ երկրներում: E954-ը ունի քաղցկեղածին հատկություն, իսկ E951-ը (ասպարտամ), որը մոտ 200 անգամ քաղցր է շաքարից, ավելի քան 5000 մթերքներում օգտագործվում է և վնասակար է մաշկի համար:
Հիշեցնենք, որ հատկապես ամռանը խորհուրդ է տրվում խուսափել կասկածելի ծագման սնունդ օգտագործելուց. մշտապես հետևեք սննդային փաթեթի վրա նշված ժամկետին, աշխատեք ուտել առավելապես թարմ բանջարեղեն և մրգեր, մի մոռացեք օգտագործել անհրաժեշտ քանակությամբ ջուր: