1. Պաշտպանում ենք մաշկը

«Մաշկը օնկոլոգիական հիվանդությունների ամենաթեթեւ նշանակետն է»: Այսպես է կարծում Փենսիլվանիայի համալսարանի մաշկաբան Ջոզեֆ Սոբանկոն: Նա ամեն առավոտ դեմքը պատում է արեւապաշտպան  SPF 30 քսուքով, որը պարունակում է ցինկ կամ տանին:  

2. Սննդակարգում ներառեք սպանախ, ձու եւ ավոկադո

Մոֆիտի օնկոլոգիական կենտրոնի ուռուցքաբան Ֆիլի Շպիսը խորհուրդ է տալիս ամեն առավոտ ձվով սպանախ տապակել, համեմել այն ավոկադոյով եւ ուտել: Ըստ նրա՝ այդ բաղադրատոմսը հանդիսանում է հակաքաղցկեղային լավագույն միջոցներից մեկն աշխարհում:

3. Ասում ենք ոչ պլաստիկին

Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ջուն Չանն առօրյայում երբեք չի օգտագործում պլաստիկից տարաներ, քանի որ դրանք կարող են քիմիկատներ պարունակել: Իսկ քիմիկատները, ինչպես հայտնի է, կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը:

4. Մի՛ մոռացեք ընդեղենի մասին

Ուռուցքաբան Մեթյու Յուրգելոնը խորհուրդ է տալիս օրական ամենաքիչը 20 հատիկ նուշ կամ գետնանուշ ուտել՝ նվազեցնելու համար քաղցկեղի ռիսկը: Եթե դա չօգնի անգամ, ապա հաստատ չի վնասի:

5. Ձուկ կերեք

Կալիֆորնիայի համալսարանի ուռոլոգ Քրիստոֆեր Սեյգալը հրաժարվել է մսից՝ նախապատվությունը տալով ձկնեղենին: Նա խորհուրդ է տալիս շաբաթական գոնե երկու անգամ ընթրիքին ձուկ պատրաստել:

6. Շարժվել, շարժվել, շարժվել

JAMA Internal Medicine-ի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք շաբաթական 30 րոպե ակտիվ մարզվում են կամ 2,5 ժամ այլ ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերում, նվազեցնում են քաղցկեղից մահվան ռիսկը 30 տոկոսով՝ համեմատած նրանց, ովքեր նստակյաց կյանք են վարում: Այդ է պատճառը, որ Քլիվլենդի համալսարանի օնկոլոգ Քիթ Մակքրեն ամեն օր հեծանիվ է վարում: Նա խորհուրդ է տալիս շաբաթական 75 րոպեից ոչ պակաս ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել:


Թարգմանված նյութի սկզբանղբյուրը՝ Men’s Health