Արդյո՞ք ծեծի միջոցով կարելի է երեխային դաստիարակել, թե՞ դա կբերի հակառակ արդյունքի. Doctors.am-ի զրուցակիցն է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը:
Տիկին Ալեքսանյան, արդյո՞ք ծեծը կարելի է համարել որպես դաստիարակչական մեթոդ:
Ժամանակի ընթացքում մանկավարժությունը եւ հոգեբանությունը ցույց տվեցին, որ ծեծը պարզապես անարդյունավետ մեթոդ է, եւ շատ անբնական կլինի, եթե որեւէ մեկն այսօր ասի, որ ծեծը կարող է դաստիարակչական մեթոդ լինել: Այն դադարեց կիրառվել կամ համարվել արդյունավետ մեթոդ, երբ մարդիկ հասկացան, որ այն ուղղակի արդյունք չի տալիս եւ ավելին՝ հաճախ բացասական հետեւանքներ է ունենում: Այսինքն՝ տվյալ վարքը, որի համար ծեծում են, կարող է նույնիսկ ավելի խորանալ: Շատ հաճախ լինում է, որ այն երեխան, որին ծեծում են, գնալով ավելի վատ վարք է ցուցաբերում, իսկ կողքից նայողները կարող են ասել՝ «Ինչ այլանդակ երեխա է, դրա համար էլ ծնողները ծեծում են», այսինքն՝ արդարացնում են ծեծը՝ տեսնելով երեխայի վարքը:
Այնուամենայնիվ, մեր օրերում հանդիպում են այնպիսի ծնողներ, ովքեր երեխայի նկատմամբ ծեծ են կիրառում՝ պատճառաբանելով, թե այդ կերպ դաստիարակում են նրան: Արդյո՞ք այս պնդումն արդարացված է:
Ծեծը չի կարող երբեւէ արդարացվել, բայց այստեղ կա մի բայց. երբ մենք շատ ծայրահեղ եւ խիստ ենք արտահայտվում այդ երեւույթի մասին, հաճախ ծնողների մոտ սուր վախեր եւ տագնապ ենք առաջացնում: Բոլորս էլ գիտենք, որ շատ ծնողներ եւ շատ լավ ծնողներ պատահում է, որ մի անգամ շատ բարկացան, հունից դուրս եկան եւ ապտակեցին երեխային կամ ձեռքը սեղմեցին: Իհարկե, նույնիսկ դա չի կարելի անել, բայց նաեւ չի կարելի արարքին տալ անհամարժեք գնահատական:
Ես ունեցել եմ ծնողներ, որոնք պարզապես լաց էին լինում, որ մի անգամ իրեց երեխային խփել են: Բայց, իհարկե, լինում են դեպքեր, երբ ծնողները տարիներ շարունակ կարող են բռնություն կիրառել երեխայի նկատմամբ եւ չունենալ մեղքի զգացում:
Ըստ Ձեզ, ինչո՞ւ է ծնողը ծեծում երեխային:
Պետք է կարողանանք հստակ տարբերություն դնել՝ «նյարդերը տեղի տալու» պատճառով մեկ անգամ ապտակելու եւ պարբերաբար ծեծելու միջեւ:
Օրինակ՝ մայրը հետծննդաբերական դեպերսիա է ունեցել, որը երկար ժամանակ չի կարողացել հաղթահարել, եւ դա այլ դրսեւորումներ է ստացել, կամ վատ հարաբերություններ ունի ընտանիքի անդամների հետ, չի կարողանում իրեն տիրապետել եւ ագրեսիվ է լինում երեխայի նկատմամբ: Այս մայրերը սովորաբար սարսափելի մեղքի զգացում են ունենում իրենց արարքի համար, տառապում են: Այստեղ պետք է ոչ թե քննադատել արարքի համար, այլ փորձել հասկանալ եւ աջակցել:
Սակայն լինում են դեպքեր, երբ մարդիկ անպատժելիության պատճառով են նման քայլերի գնում: Այսինքն՝ ոչ թե մեկ անգամ նյարդերը տեղի տվեցին, իրենց անզոր զգացին, այլ գտնվել են այնպիսի հասարակության մեջ, որտեղ թողտվական վերաբեմունք է եղել՝ «իմ երեխան է, ինչ կուզեմ՝ կանեմ»: Այս երևույթը հիմնվում է տվյալ հաարակության մեջ անպատժելիության, անարդարության եւ իշխանության չարաշահման վրա: Նման դեպքերում ծնողները հաճախ առանց պատճառի երեխային ծեծում են: Օրինակ՝ երեխան բակում ընկել, վնասել է իրեն, գալիս է տուն, մայրը ծեծում է դրա համար:
Երբ հենց այնպես ծեծում են երեխային, դա ծնողի իշխանության չարաշահում է: Եթե ընտանիքում կա բռնության մթնոլորտ եւ իշխանության չարաշահում, օրինակ՝ ընտանիքի մեծ անդամները՝ երիտասարդների նկատմամբ, ամուսինը՝ կնոջ նկատմամբ, մայրը կարող է ընդօրինակման մեխանիզմով չարաշահել իր իշխանությունը երեխայի նկատմամբ:
Ծնողի կրթվածությունը որքանո՞վ է դեր խաղում նման հարցերում:
Գիտեք, լինում է, որ ծնողները ծեծում են իրենց երեխաներին ոչ թե քմահաճույքից ելնելով կամ չարաշահելով իշխանությունը, այլ պարզապես վստահ են, որ դա է ճիշտ մեթոդը, եւ դաստիարակելու այլ մեթոդ պարզապես չգիտեն:
Ենթադրենք, գյուղական միջավայրում ապրող մի կին է, որի դաստիարակչական իմացած միակ մեթոդը ծեծն է, եւ նա իր երեխային ծեծում է, երբ դասերը վատ է սովորել կամ չի սովորել: Այս երեխան գիտի, որ եթե դասերը լավ չսովորի, ծեծվելու է, իսկ հենց լավ սովորի՝ գովելու են իրեն, եւ դա իր արդարության կոնցեպտի մեջ տեղավորվում է: Եվ հաճախ այս երեխաները կարող են շատ կիրթ, ազնիվ մեծանալ եւ դառնալ հասարակության լիարժեք անդամ:
Մեր հասարակության շատ մեծ շերտը, եթե ազնիվ խոստովանի, ապա կասի, որ իր կյանքում գոնե մեկ անգամ ծեծի ինչ-որ դեպք եղել է, կամ եթե ծեծ չէ, ապա գոնե ապտակ, ականջը ոլորել եւ այլն: Բայց այդ մարդիկ մեծանում են որպես հասարակության լիարժեք անդամ՝ գիտակցելով, որ ծնողները մարդիկ են, որոնք մեծացել են տվյալ մշակույթում, տվյալ դաստիարակությունն են ստացել եւ հնարավորություն էլ չեն ունեցել այլ մոտեցումներ սովորելու եւ թույլ են տվել այդպիսի բացթողումներ: Մենք մեծանալով սովորում ենք ներել մեր ծնողներին:
Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը