Բոլորս էլ մեր կյանքի տարբեր փուլերում զգում ենք վախ, անհանգստություն և սթրես: Իհարկե, այս ամենը մեզ ճնշում և ընկճում է: Իսկ ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ չափավոր անհանգստություն ենք զգում, թե՞ ունենք անհանգստության խանգարում: Որտե՞ղ է գտնվում կարմիր գիծը:
Հոգեթերապևտները նշում են, որ ամեն ինչ կախված է անհանգստության հաճախականությունից և աստիճանից:
Ե՞րբ է պետք անհանգստանալ «անհանգստության» մասին։
Մենք որոշակի անհանգստություն ենք զգում, երբ հայտնվում է որևէ սպառնալիք թե՛ իրական (ինչպես, երբ մեքենան սլանում է ձեզ ընդառաջ), թե՛ հոգեբանական (ինչպես կայանալիք կարևոր աշխատանքային հանդիպմանը մասնակցելը): Երկու իրավիճակներն էլ կարող են առաջացնել ադրենալին, որը ֆիզիոլոգիական ռեակցիա է:
Հոգեբանական սպառնալիքները հաճախ կարող են իրական սպառնալիքներ թվալ, թեև իրական վնաս չեն կարող հասցնել: Անկախ նրանից, թե այդ սպառնալիքները հոգեբանական են, թե ոչ, ցանկացած սպառնալիք կարող է բավականին իրական թվալ։
Այս իրավիճակներից որևէ մեկում կարող եք նկատել անհանգստության մի քանի նշաններ: Կարող եք ունենալ ֆիզիկական այնպիսի արձագանքներ, ինչպիսիք են.
- Հաճախակի սրտխփոց
- Անսպասելի քրտնարտադրություն
- Կծկումներ ստամոքսում
- Սրտխառնոց և փսխում
- Մկանային լարվածություն։
Այլ ախտանիշներ, որոնք նույնպես կարող են ի հայտ գալ՝
- Անհանգստություն
- Հոգնածություն
- Կենտրոնանալու դժվարություն
- Դյուրագրգռություն և տրամադրության փոփոխություն
- Քնելու անկարողություն և քնի այլ խանգարումներ:
Անհանգստության ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են, և դրանք խորանում են՝ կախված սթրեսի պատճառներից: Այնումենայնիվ, շատ դեպքերում անհանգստությունն առաջանում է, երբ հոգեբանական սպառնալիքը երկարատև է և խաթարում է առօրյան: Հնարավոր է զգալ անհանգստության ֆիզիկական, մտավոր և հուզական նշաններ, և երբեմն նույնիսկ բոլորը միանգամից:
Հոգեթերապևտները հաճախ օգտագործում են կոգնիտիվ վարքաբանական թերապիան, որն օգնում է անձին ավելի լավ հասկանալ անհանգստության իրական պատճառները և կիրառել դրանք հաղթահարելու ռազմավարություններ։ Անհրաժեշտ է սովորել կառավարել անհանգստությունը, որպեսզի այն լուրջ խնդիրների չհանգեցնի։