Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր նյութերի` տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքով: Շատ կարևոր է դրանք ժամանակին ճանաչելը: Երեխայի մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է պարզել` ինչ է կերել երեխան, որտեղ է գտնվել, ինչին է դիպել:
Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել հիվանդության առաջացման պատճառների մասին: Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն:

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
Տարբեր տեսակի թունավորումների մասին ձեզ կարող են հուշել հետևյալ նշանները.
- հիվանդագին տեսք, ընդհանուր թուլություն,
- որովայնի շրջանում ցավեր, լուծ,
- գունատ, խոնավ մաշկ,
- սրտխառնոց, փսխում,
- դժվարացած շնչառություն,
- քնկոտություն կամ գրգռված վիճակ,
- գլխացավ, գլխապտույտ, երերուն, անհաստատ քայլվածք,
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ իջեցում,
- ցնցումներ,
- գիտակցության խանգարումներ:

Կլլվող թույներ
Կլլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով: Կլլվող թույներից են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն): Անորակ սննդամթերքը նույնպես կարող է դառնալ թունավորման պատճառ:

Ինչ անել
- Մնացեք երեխայի կողքին, պահպանեք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը:
- Եթե երեխան գիտակից վիճակում է և կարող է խմել՝ նրան մեծ քանակով հեղուկներ տվեք: Եթե նա փսխում է, օգնեք նրան` պահելով նրա ճակատը:
- Պահեք թունավորման ենթադրվող պատճառ դարձած սննդամթերքը, դեղորայքը և այլն, ինչպես նաև փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին` հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:
- Հնարավորության դեպքում կատարեք մաքրող հոգնա:
- Ահազանգեք շտապ օգնություն:

Ներծծվող թույներ
Տարբեր թունավոր նյութեր, օրինակ՝ ծառերի սրսկման համար օգտագործվող նյութերը, թափվելով մաշկի վրա, կարող են ներծծվել արյան մեջ և առաջացնել թունավորում: Այդ դեպքում, բացի թունավորման ընդհանուր նշաններից, կարող են նկատվել նաև մաշկի գույնի փոփոխություն, ցան, այտուց, ցավ, քոր և այրոց այդ հատվածում:

Ինչ անել
- Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ: Զգուշորեն հանեք թույնով ներծծված հագուստը: Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով Է, խոզանակի կամ չոր գործվածքի միջոցով հեռացրեք այն մաշկի վրայից:
- Անմիջապես` մինչև շտապ օգնության ժամանումը, թույնի հետ շփված մասը լվացեք հոսող ջրի տակ:
- Ահազանգեք շտապ օգնություն:

Ինչ չի կարելի անել
- Լվանալուց առաջ մի՛ վիրակապեք վնասված մասը:

Ներշնչվող թույներ
Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը օգտագործվում են կենցաղում, կարող են առաջանալ վառելիքի թերայրումից, շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն: Որոշ քիմիական նյութերի գոլորշիներ (ներկեր, լուծիչներ և այլն) նույնպես կարող են առաջացնել շնչառական թունավորումներ:

Ինչ անել
- Օդափոխէք տարածքը և երեխային շտապ տեղափոխեք վտանգավոր գոտուց: Մի՛ մոռացեք նաև ձեր սեփական անվտանգության մասին, ձեր թունավորվելով` դուք չեք օգնի երեխային:
- Ահազանգեք շտապ օգնություն:

Ներարկվող թույներ
Ավելի հաճախ հանդիպող դեպքերն են օձերի կծածները, կարիճների և միջատների խայթոցները:

Ինչ անել
- Սահմանափակեք երեխայի շարժումները: Պահեք մարմի վնասված հատվածը սրտի մակարդակից ցածր:
- Կարիճների կամ միջատների խայթոցների դեպքում զգուշությամբ հեռացրեք խայթը, լվացեք վերքը և սառը թրջոց դրեք:
- Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք:
- Դիմեք բժշկի: Օձի կծելու դեպքում, կամ եթե երեխան ալերգիա ունի, ահազանգեք շտապ օգնություն կամ երեխային անհապաղ տեղափոխեք մոտակա հիվանդանոց:

Թունավորումների կանխարգելում
Երեխաների մոտ թունավորման դեպքերի մեծ մասը ծնողների (մեծահասակների) անզգուշության, անփութության և անուշադրության հետևանք են: Հետևելով մի շարք պարզ կանոնների` կարելի է կանխել թունավորման դեպքերի գերակշռող մեծամասնությունը:
- Կենցաղային թունավոր նյութերը պահեք փակվող պահարաններում, դժվար բացվող տարաներում:
- Թունավոր նյութերի սրվակների կամ տուփերի վրա փակցրեք նախազգուշացնող պիտակներ: Բացատրեք դրանց իմաստը երեխային:
- Մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տարաներում:
- Երեխաների ներկայությամբ մի՛ աշխատեք թունավոր նյութերի հետ:
- Դեղերը պահեք երեխաներին անհասանելի տեղերում, դժվար բացվող տուփերում:
- Երեխային դեղ տալիս երբեք մի՛ ասեք, որ դա կոնֆետ է, բացատրեք, որ դա դեղ է, և այն անհրաժեշտ է խմել:
- Երեխաների ներկայությամբ դեղորայք մի՛ օգտագործեք:
- Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք, սննդամթերք:
- Մի՛ օգտագործեք կասկածելի սննդամթերք:
- Առանց բժշկի խորհրդի երեխային դեղորայք մի՛ տվեք:

Բացատրեք երեխային, որ չի կարելի
- անծանոթ բույսեր, հատապտուղներ քաղել և ուտել,
- ինքնուրույն խմել դեղեր կամ խաղալ դրանցով,
- հնացած սննդամթերք ուտել,
- ծառերը սրսկելուց հետո այգի մտնել,
- չլվացված պտուղներ ուտել:

Բնության գրկում օձերի, կափճնեփ և միջատնեփ խայթոցներից խուսափելու համար
- Երեխային բաց գույնի հագուստ հագցրեք, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները:
- Տաբատի (շալվար) փողքերը մտցրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը` տաբատի մեջ:
- Մի՛ զբոսնեք բարձր խոտերի մեջ:
- Հագեք երկարաճիտ և ամուր կոշիկներ:
- Ժամանակ առ ժամանակ ստուգեք՛ ձեր հագուստի վրա միջատներ կա՞ն, թե՞ ոչ:
- Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը:

Բոտուլիզմ
Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում` բոտուլիզմ:
Բոտուլիզմը կարելի է կանխարգելել, եթե.
- օգտագործեք միայն գործարանային արտադրության պահածոներ,
- տանը պատրաստած պահածոները օգտագործելուց առաջ եռացնեք 15-20 րոպե,
- երբեք չօգտագործեք կասկածելի պահածոներ:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am