Շատերն արդեն ծանոթ են էքսպրես թեստերին հղիությունն ախտորոշող թեստերի օրինակով: Աշխատանքային սկզբունքի հիմքում օրգանիզմում որոշակի վիճակներում արտադրվող նյութերի հանդեպ պատասխանն է: Արդյունքը երևում է երիզի վրա: էքսպրես թեստերն այսօր գնել դժվար չէ` վաճառվում են դեղատներում և նույնիսկ մասնագիտացված ինտերնետ-խանութներում: Դրանք մի շարք դրական կողմեր ունեն , օգնում են խնայել գումար ու նյարդեր: Սակայն արդյո՞ք արդյունքները վստահելի են: Ըստ արտադրողների՝ ճշգրիտ արդյունք ստացվում է 10-ից 9 դեպքում:
Եկեք ծանոթանանք ամենատարածված էքսպրես թեստերին:
 
Հղիության ախտորոշում
Հղիության էքսպրես թեստի աշխատանքի հիմքում խորիոնային հորմոնի մակարդակի բարձրացումն է, ինչը տեղի է ունենում հղիության ընթացքում: Սակայն, թեստի դրական արդյունք կարող է ստացվել նաև արգանդի որոշակի չարորակ գոյացությունների, չբերության դեմ որոշ դեղամիջոցներ ընդունելիս, վիժումից կամ հղիության արհեստական ընդհատումից հետո: Հղիության դեպքում կեղծ բացասական արդյունք կարող է դիտվել սիրտ-անոթային համակարգի և երիկամների պաթոլոգիայի, նաև առատ պտղաջրերի պատճառով:
 
Ինֆարկտի ախտորոշման էքսպրես թեստ
Այժմ կան թեստեր, որոնք կարող են հայտնաբերել սպեցիֆիկ կարդիոմարկերները, որոնց մակարդակը բարձրանում է օրգանիզմում սրտամկանի ինֆարկտի ժամանակ: Արդյունքը պարզ է դառնում 20 րոպեի ընթացքում:
 
ՄԻԱՎ ի էքսպրես թեստ
Հիմնված Է սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերման վրա: Թեստն անցկացնում են սենյակային ջերմաստիճանում, արդյունքը ստացվում է 15 րոպեից: Կեղծ դրական արդյունք կարող է ստացվել, եթե տառապում եք իմուն համակարգի լուրջ հիվանդություններով: 
 
 
Ալերգիկ կոնտակտային դերմատիտի հայտնաբերում
Այս թեստը կատարում են ալերգիայի ախտադադարի փուլում, սրացումից հետո, հակաալերգիկ դեղերը դադարեցնելուց երեք օր հետո:
Մի քանի երիզների վրա տեղադրված են ամենատարածված 20 ալերգենները:Երիզը մաշկին կրում են երկու օր, այնուհետև հեռացնում են և կես ժամ անց վերլուծում արդյունքը: 
Ալերգիկ ռեակցիայի առաջացման պատճառը կարելի է հասկանալ մաշկին մնացած բնորոշ հետքով,որը ճիշտ վերլուծել կարող է մաշկաբանը: Կարևոր է մի քանի կանոնի հետևելը. թեստը չոր պահել, այսինքն հրաժարվել ցնցուղից ու սպորտային պարապմունքներից: 
 
 
 
 
 
 
 
Նյութի աղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am