Մենք բոլորս, անշուշտ, փոքր տարիքում արտասվել ենք, բայց մեծանալով՝ փորձում ենք զսպել մեր արցունքները: Մարդկանց թվում է, թե լացը աշխատանքի վայրում կամ հասարակական վայրերում թուլության նշան է: Բայց Դուք հավանաբար լսել եք արտասվելու՝ առողջարար լինելու մասին: Արդյոք մի՞ֆ է դա, թե՞ իրականություն:
Որոշ հոգեբաններ կարծում են, որ արցունքները զսպելն այդքան էլ լավ չէ եւ առաջարկում հաճախակի արտասվել ուրախ առիթներով:
«Լացն առողջ եղանակով ակտիվացնում է օրգանիզմը»,- ասում է Raoul Wallenberg Institute of Ethics-ի հոգեբան Ստեֆան Սայդերոֆը:
Լացի տեսակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էմոցիոնալ արցունքներն ավելի շատ սթրեսի հորմոններ են պարունակում, քան ռեֆլեքսային արցունքները, որոնք առաջանում են, օրինակ, երբ աչքի մեջ ինչ-որ բան է ընկնում:
«Սթրեսը ձգում է մկանները եւ բարձրացնում լարվածությունը, եւ երբ Դուք արտասվում եք, այդ լարվածության մի մասը դուրս եք բերում օրգանիզմից»,- նշում է հոգեբանը՝ հավելելով, որ լացն ակտիվացնում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը եւ վերականգնում մարմնի հավասարակշռությունը:
British Psychological Society-ի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ արտասվելուց հետո իրենց ավելի լավ են զգում, այնուամենայնիվ, տղամարդիկ ավելի քիչ են արտասվում:
«Տղամարդիկ հակված են արտասվել ավելի դրական առիթներով, ինչպես օրինակ, սպորտային իրադարձությունները, իսկ կանայք սովորաբար արտասվում են բացասական երեւույթների արդյունքում՝ կորուստ, կոնֆլիկտներ»,- նշում է հետազոտության հեղինակ, England's University of Luton-ի պրոֆեսոր Մոյրա Մագուայերը:
Ըստ այդ հետազոտության՝ կանայք ավելի հակված են լացելու ընթացքում տարբեր զգացմունքներ ապրելուն՝ բարկություն, ինքնախղճահարություն, վախ, հիասթափություն եւ այլն:
Աղբյուրը՝ Webmd.com