Հունիսի 2-ին «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում վերանորոգումից հետո վերաբացվեց վիրաբուժական բաժանմունքը: Օրը նշանավորվեց այն փաստով, որ բաժանմունքն անվանակոչվեց Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիկոս, անվանի վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով:

 
- Այսօր Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայում տոն է, քանի որ այն, կարժճաժամկետ նորոգումից հետո վերաբացվեց, և Արմենիա ԲԿ-ի գլխավոր տնօրեն պրոֆ. Գրիգորյանի որոշմամբ անվանակոչվեց Վիկտոր Ափոյանի անունով:
Նա այս ամբիոնը՝ վիրաբուժական կլինիկան  ղեկավարել է շուրջ 20 տարի: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ գիտական հոդվածներ, դասագրքեր, մենագրություններ:
Պրոֆեսորի դերն անգնահատելի է այն գործում, որ այսօր մեր բաժանմունքում իրականացվում են Հայաստանի համար բացառիկ վիրահատություններ, ներդրվել են նորագույն մեթոդներ: Այսօր մեր վիրահատարանները համալրված են անհրաժեշտ ամբողջ ծավալի տեխնիկայով՝ էլեկտրոկոագուլյացիայի ապարատներ, բիպոլյար դանակ, ուլտրաձայնային դանակ, ռենտգենոսկոպիայի ապարատ, որակյալ լապարոսկոպիայի համակարգ: Այս ամենը մեզ թույլ է տալիս ապահովել բարձրակարգ բուժսպասարկում. – ասում է Ս. Ստեփանյանը:

Նրա գնահատմամբ՝ վերանորոգումից հետո բաժանմունքը դարձել է առավել հարմարավետ ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ հիվանդների համար:

Վիրաբուժական կլինիկայի և վիրաբուժական թիվ 1 ամբիոնի նախաձեռնությամբ նկարահանվել է վավերագրական ֆիլմ՝ «Հուսո լույսը»՝ նվիրված պրոֆ. Վ. Ափոյանի 85 ամյակին, նրա մասնագիտական գործունեությանը և մարդ տեսակին, ինչպես նաև Զարուհի Առաքելյանի հեղինակությամբ հրատարակվել է գիրք՝ «Նշտարի հրաշագործ ասպետը»: Գիրքն ամփոփ կերպով ներկայացնում է անվանի բժշկի գիտական, բուժական և մանկավարժական գործունեությունը:

Բաժանմունքի վերաբացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որ սկզբում շրջայց կատարեց՝ ծանոթանալով բաժանմունքի տեխնիկական կահավորմանը և ձեռքբերումներին, այնուհետ ներկա գտնվեց վավերագրական ֆիլմի ցուցադրմանը և գրքի շնորհանդեսին:

- Ակադեմիական գիտելիքների, վիթխարի կլինիկական փորձի տեր խիզախ վիրաբույժ լինելով` նա երբեք չէր դադարում լինել նաև մարդ»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ Ափոյանը պատրաստակամ էր իր ողջ հեղինակությամբ պատասխանատվություն կրելու յուրաքանչյուր կրտսեր գործընկերոջ համար. - նա բացարձակ ազնվության տեր անձնավորություն էր, որ կարող էր վիրահատությունից հետո հայտնել վիրահատության ոչ դրական ելքի մասին, ինչը յուրաքանչյուր վիրաբույժի համար բավական ծանր է»,- ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ ուսուցչի և գիտնական-վիրաբույժի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում:

Հիշելով ընկերոջը, Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Մկրտչյանն ասում է.

- Նա ռիսկի էր գնում վիրահատելով անհույսներին, վիրահատում էր նրանց, ում ուրիշները գուցե հրաժարվեին վիրահատել: Նման բարձ ինտելեկտի մարդկանց և հանճարեղ բժիշկներին պատմությունը չի մոռանում:

Պրոֆ. Վիկտոր Ափոյանը մահացավ 2013 թվականին, իսկ վիրաբուժական բաժանմունքի վերաբացումն ու անվանակոչումը տեղի ունեցան հենց նրա ծննդյան 85 ամյակի օրը:

Հարկ է հիշեցնել, որ պրոֆեսորը հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատանք: Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության մի շարք մեթոդներ:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան