08.07.2020

Կյանքի 70-րդ տարում՝ 2020 թվականի մարտի 27-ին, Մոսկվայում վաղաժամ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, համաճարակաբան, վարակաբան, հայտնի գիտնական, վիրուսային հեպատիտների մասնագետ Արփիկ Աշոտի Հասրաթյանը:  

Արփիկ Հասրաթյանը ծնվել է Երևանում՝ ինժեներների ընտանիքում: Սովորել է Ա. Չեխովի անվան № 55 միջնակարգ դպրոցում: 1973 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և ընդունվել նպատակային ասպիրանտուրա ԽՍՀՄ Ն.Գամալեայի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական ինստիտուտում, որտեղ էլ աշխատել է ամբողջ կյանքի ընթացքում: 1977 թվականին պաշտպանել է իր թեզը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, 1997 թվականին ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1999 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Արփիկ Հասրաթյանը եղել է այնպիսի հայտնի գիտնական-համաճարակաբանների աշակերտուհին, ինչպիսիք են պրոֆեսոր Վեստա Վասիլեվան և ակադեմիկոս, ԱՀԿ փորձագետ, ԽՍՀՄ համաճարակաբանական ծառայության հիմանդիր Հովհաննես Բարոյանը:

Արփիկ Հասրաթյանի գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտը վիրուսային հեպատիտներն էին: 1980-ական թվականներից սկսած՝ Արփիկ Հասրաթյանի գլխավորած գիտական խումբը տարիների ընթացքում անցկացնում էր լայնամասշտաբ հետազոտություններ համաճարակաբանության, վիրուսային հեպատիտների ախտորոշման և պրոֆիլակտիկայի հետ կապված հարցերի վերաբերյալ: Պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի անմիջական մասնակցությամբ առաջարկվել են նոր մոտեցումներ վիրուսային հեպատիտների ախտորոշման վերաբերյալ, ստեղծվել են Ռուսաստանում առաջին ախտորոշիչ սարքավորոմները, մշակվել են վիրուսային հեպատիտներով հիվանդացության կանխատեսող մոդելներ, հայտնաբերվել են տարբեր աշխարհագրական շրջանների առողջ բնակչության շրջանում, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների, տուբերկուլյոզով հիվանդների, երիկամային անբավարարություն ունեցողների, գինեկոլոգիական պաթոլոգիայով, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով հիվանդների շրջանում դրանց տարածման առաձնահատկությունները: Արփիկ Հասրաթյանը հայտնի է նաև սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդությունների վերաբերյալ իր հետազոտական աշխատանքներով: Արփիկ Հասրաթյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների՝ հոդվածների, մեթոդական ձեռնարկների և մենագրությունների հեղինակ է: «Մասնավոր համաճարակաբանություն» երկհատորյա ձեռնարկը, որի գլուխների խմբագիրը և հեղինակը պրոֆեսոր Հասրաթյանն է, դարձել է համաճարակաբանության դասական տեղեկագիր:

Արփիկ Հասրաթյանը մեծ ներդրում ունի պրակտիկ համաճարակաբանության գիտական ​​և բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: Նրա ղեկավարությամբ պատրաստվել են տասնյակ թեկնածուական ատենախոսություններ, նրա ուսանողների թվում են Ռուսաստանի Դաշնության երկու վաստակավոր բժիշկներ:

Արփիկ Հասրաթյանը մեծ հայրենասեր էր: Երկար տարիներ ապրելով Մոսկվայում՝ նա միշտ հիշում էր իր արմատների մասին, շատ էր սիրում և երբեք չէր մոռանում իր հայրենիքի՝ Հայաստանի մասին: Երկար տարիների ընթացքում նա սերտորեն և արդյունավետ կերպով համագործակցել է Ա.Բ. Ալեքսանյանի անվան Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական կենտրոնի հետ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնների հետ: Պրոֆեսոր Հասրաթյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում վիրուսային հեպատիտների խնդրի տարբեր ասպեկտների ուսումնասիրության գործում: Հայ կոլեգաների հետ անցկացված լայնամասշտաբ համատեղ հետազոտությունների արդյունքում ներկայացվել են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական բնութագիրը, էթիոլոգիական կառուցվածքը, հայտնաբերվել են վիրուսային հեպատիտի շրջանառության առանձնահատկությունները:

Արփիկ Հասրաթյանն օգտագործում էր Հայաստանի գիտական և բժշկական համայնքների հետ շփման ցանկացած հնարավոություն: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում գիտական կոնֆերանսներին, հանդես է եկել զեկույցներով և դասախոսություններով, մեծ պատրաստակամությամբ խորհրդատվություն է տրամադրել թեկնածուական աշխատանքների իրականացման վերաբերյալ: Հայկական գիտական համայնքը բարձր է գնահատում պրոֆեսոր Հասրաթյանի ներդրումը Հայաստանի համաճարակաբանության և վիրուսաբանության զարգացման գործում:

Արփիկ Հասրաթյանն ուժեղ ակադեմիական ավանդույթներով հրաշալի ընտանիք ունի: Ամուսինը՝ պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը, աշխարհահռչակ ֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ, ընդամենը 10 օր ավելի է ապրել կնոջից: Միշիկ Ղազարյանը պղնձի գոլորշիների հիմքով ինքնաջեռուցվող լազերի ստեղծողն է, գիտության և տեխնիկայի ասպարեզում  ԽՍՀՄ 1980 թվականի Պետական մրցանակի դափնեկիր է: Միշիկ Ղազարյանը զբաղվում էր նաև լազերային բժշկության համակարգերի և սարքավորումների մշակմամբ: Արփիկ Հասրաթյանի և Միշիկ Ղազարյանի երեխաները՝ բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը և պրոֆեսոր, Նորվեգիայի Օստֆոլդ հիվանդանոցի (Østfold Hospital Trust) աբդոմինալ վիրաբուժության պրոֆեսոր, Եվրոպական Էնդոսկոպիկ վիրաբուժության գիտահետազոտական հանձնաժողովի անդամ, Նորվեգիայի Թագավորական Ոսկե մեդալի դափնեկիր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Հայրազատ Ղազարյանը, ժառանգել են ընտանիքի լավագույն ավանդույթները՝ շարունակելով աշխատել գիտության և բժշկության ասպարեզում: Արփիկ Հասրաթյանի քույրը՝ Հասմիկ Հասրաթյանը, նույնպես բժիշկ է, ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, աշխատում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:  

Աշխատասիրությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, առաջադրված նպատակին հասնելու ձգտումը, իր գիտելիքներով և փորձով կիսվելու ցանկությունը համատեղվում էին Արփիկ Հասրաթյանի մեջ անսպառ լավատեսությամբ, մեծ էներգիայով և բարյացակամությամբ: Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակն ընդմիշտ կմնա մեր սրտերում: