Արյան բարձր ճնշումը կարող է պատճառ հանդիսանալ դեմենցիայի՝ ձեռքբերովի թուլամտության, առաջացման համար: Մի շարք հետազոտություններ իրականացվել են՝ արյան բարձր ճնշման ու դեմենցիայի միջև կապը գտնելու համար: Հետազոտողները պարզել են, որ 40-50 տարեկան հիպերտոնիկ հիվանդություն ունեցող կանայք ավելի հակված են դեմենցիայի զարգացման: Իսկ տղամարդկանց մոտ հիպերտոնիան, կարծես թե չի հանդիսանում հիվանդության առաջացման ռիսկի գործոն: ԱՄՆ-ում մոտ 75 միլիոն չափահաս մարդիկ ունեն հիպերտոնիա, ինչը բերում է սրտի կաթվածի և ինսուլտի: Հետազոտությունն իրականացրել են «Kaiser Permanente Division» աշխատակիցները (Օքլենդ, Կալիֆորնիա): Արդյունքները հրապարակվել են «Նյարդաբանության ամսագրում»: Ընկերության համանախագահ Ռեյչել Ա. Ուիթմերն ու գործընկերները փորձել են պարզել, թե արդյոք հիպերտոնիայի ու դեմենցիայի ռիսկի միջև կապը տարբերվում է՝ կախված տարիքից ու սեռից: Հետազոտության արդյունքում գնահատվել է 7238 չափահասների տվյալները: 1964-1973թթ, երբ մասնակիցները եղել են միջին տարիքի`33 տարեկան, նրանց բոլորի արյան ճնշումը չափվել է: Գործողությունը կրկնել են 1978-1985թթ, երբ նրանք 44 տարեկան էին: Տղամարկանց 31 ու կանանց 14 տոկոսը 30-40 տարեկանում ունեցել են արյան բարձր ճնշում, իսկ 40-50 տարեկանում տղամարդկանց 25 ու կանանց 18 տոկոսն են ունեցել նման խնդիր:
Հիպերտոնիայի արդյունքում դեմենցիան սպառնում է կանանց, թե՞ տղամարդկանց
Հետազոտողներն ուսումնասիրել են 5646 մասնակիցների տվյալները, ովքեր 1996-2015թթ եղել են «Kaiser Permanente» Հյուսիսային Կալիֆորնիայի առողջապահական համակարգի կազմում: Այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 532 մասնակից ստացել է դեմենցիա ախտորոշումը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 30-40 տարեկանում արյան բարձր ճնշում ունեցած կանանց շրջանում դեմենցիայի ռիսկն ավելի բարձր չէ՝ արյան նորմալ ճնշում ունեցողների համեմատ: Սակայն 40-50 տարեկանում արյան բարձր ճնշումն էականորեն ազդել է դեմենցիայի առաջացման հավանականության վրա՝ 65 տոկոս: Տղամարդկանց շրջանում հետազոտողները ոչ մի ապացույց չեն գտել, որ արյան բարձր ճնշումը կապված է դեմենցիայի առաջացման ռիսկի հետ: Արդյունքներն անփոփոխ են մնացել նույնիսկ այնպիսի գործոններ հաշվի առնելուց հետո, ինչպիսիք են՝ մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), շաքարախտն ու ծխելը:
Մեկնաբանելով արդյունքները՝ հեղինակները գրում են. «Սեռային տարբերությունները դեմենցիայի ռիսկի գործոնների համար կարևոր նշանակություն ունեն»:
Այս ամենը հաշվի առնելով, դոկտոր Ուիթմերը նշում է, որ անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները՝ պարզելու համար «սեռին հատուկ ուղիները, որոնց միջոցով արյան բարձր ճնշումն արագացնում է ուղեղի ծերացումը»:
Աղբյուրը՝ www.medicalnewstoday.com
Թարգմանված նյութի սկզբաղբյուրը՝ Doctors.am