Այրոցի առաջացման պատճառը ոչ  միշտ է շատակերությունը, հստակ պատճառը հայտնաբերել կարող է միայն մասնագետը: Հաճախ պատճառը գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունն է: Եթե այրոց առաջանում է միայն չափից շատ կամ արագ ուտելուց հետո, ապա անհանգստանալու կարիք չկա. սա օրգանիզմի բնական ռեակցիան է:Սակայն պարբերաբար այրոցի զգացողությունը, թթվահամ գղտոցը, սեղմող ցավը որովայնի շրջանում, սրտխառնոցը առիթ են բժշկի դիմելու, հատկապես եթե թվարկված ախտանիշերը առաջանում են կռանալիս կամ պառկած դիրքում: 
 
Ո՞րն է վտանգը
 
Հայտնաբերել ԳԷՖՌՀ-ն դժվար է, քանի որ այն հաճախ քողարկվում է այլ հիվանդությունների քողի տակ: Ախտանիշերը երբեմն ստիպում են մտածել վերին շնչառական ուղիների կամ արյան հիվանդությունների մասին: Ախտանիշերը ոչ միայն այրոցն ու թթու համն են, այլ նաև ցավը, որը ճառագայթում է կրծքավանդակից պարանոց, ինչը բնորոշ է նաև նախաինֆարկտային վիճակին:
Այրոցի առաջացման հիմքում կարդիալ սֆինկտրի սխալ աշխատանքն է: Այն  մատանիաձև մկան է՝ տեղակայված ստամոքսի և կերակրափողի միջև: Մկանի ոչ բավարար կծկումը հանգեցնում է սննդի
հետհոսքին ստամոքսից կերակրափող՝  ստամոքսկերակրափողային ռեֆլյուքսի: Սննդի հետ կերակրափողում են հայտնվում նաև ֆերմենտներ,աղաթթու, այլ քիմիական միացություններ:
Աղաթթուն գրգռում է լորձաթաղանթը, ինչն էլ արտահայտվում է վերը թվարկված ախտանիշերով:
 
Ինչպիսի՞ հետազոտություններ են անցկացվում 
 
Ախտորոշման համար դիմում են գաստրոսկոպիայի, որի միջոցով գնահատում են ստամոքսի, տասներկումատնյա աղու, կերակրափողի լորձաթաղանթի վիճակը:
Նաև կարիք կա մանրադիտակային հետազոտության համար նմուշների վերցման: Ռեֆլյուքսը կարող է ախտորոշվել նաև pH մետրիայի միջոցով. հիվանդությունը հաստատում են pH ի ցածր արժեքները: 
 
Ինչպե՞ս սնվել ԳԷՖՌՀ դեպքում
 
Անհրաժեշտ է ուտել ցածր յուղայնությամբ սննդամթերք: Ստիպված կլինեք հրաժարվել խոզի մսից, երշիկներից, պանրից, թթվասերից: Տհաճ զգացողություններ առաջացնում են սուրճը, սպիրտային կամ գազավորված ըմպելիքները, թուրինջի կամ նարնջի հյութը, քացախով ճաշատեսակները, կծու համեմունքները: Ուտել անհրաժեշտ է 3-4 անգամ փոքր չափաբաժիններով, ընթրել քնելուց երեք ժամ առաջ:
 
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am