Հոկտեմբերի 10-ին աշխարհը նշում է հոգեկան առողջության օրը: Սկսած 1992 թվականից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, այս օրն ամբողջ աշխարհում կազմակերպվում են գիտաժողովներ, կոնֆերանսներ, տարբեր միջոցառումներ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բարձրաձայնման, հասարակության մոտ այս խնդիրների մասին իրազեկության, հիվանդությունների կանխարգելման և բուժման մասին:
Այս տարի Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան , որպես Հոգեկան առողջության օրվա հիմնական թեմա սահմանել է «շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությունը՝ նպատակ ունենալով համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այս հիվանդությունը կրող մարդկանց խնդիրների և հիվանդության կանխարգելմանն ուղղված աշխատանքների կարևորության վրա:
«Ապրել շիզոֆրենիայի հետ»՝ այս խորագրով ներկա օրերին բազմաթիվ միջոցառումներ և քննարկումներ են ծավալվում աշխարհի տարբեր երկրներում:
-Շիզոֆրենիայի բուժման անբաժանելի մասն է կազմոմ ոչ միայն դեղորայքային բուժումը, այլ նաև հոգեսոցիալական վերականգնումը: Վերականգնելով անձի կենցաղային և հաղորդակցման հմտությունները, նպաստելով նրա սոցիալական ինտեգրացիային՝ հնարավոր է կանխել հետագա վատացումները և կայուն պահել հոգեկան վիճակը, - ասում է հոգեբան, հոգեթերապևտ, հ.գ.թ. Լիլիթ Բաղդասարյանը:
Աշխարհում կան հոգեսոցիալական , վերականգնողական կենտրոններ, ինչպես օրինակ՝ ակումբային տները, ցերեկային կենտրոնները, աշխատանքային արհեստանոցները, ինչպես նաև ժամանակավոր կացարաններ ՝ այս անձանց կեցության և զբաղվածության ապահովման համար: Հոգեբանը ցավով է նշում, որ Հայաստանում գրեթե չկան պետական վերականգնողական կենտրոններ, և շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց օգնությունը սահմանափակվում է ստացիոնար և դեղորայքային բուժմամբ:
-Սա այն եզակի հիվանդություններից է, որ սահմանակից է հանճարեղության հետ: Պատմությունը տաղանդավոր և հանճարեղ մարդկանց շատ անուններ է ճանաչում, ովքեր տառապել են շիզոֆրենիայով: Մեր հոգեբանական մոտեցումը շիզոֆրենիայի նկատմամբ հետևյալն է՝ անձի մոտ ստեղծել դիրքորոշում, որ ինքը հիվանդ չէ, այլ ունի հիվանդություն, այսինքն՝ վերհանել անձի մոտ պահպանված ուժեղ կողմերը, ընդունակությունները, ներքին և արտաքին ռեսուրսները, ինչը կօգնի պահել հիվանդության դրսևորումները ինքնահսկողության տակ, - ասում է Լ. Բաղդասարյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան այս կամ այն հվանդությամբ, և ցավալի է փաստը, որ նրանց ճնշող մեծամասնությունը չունի անհրաժեշտ բուժման հասանելիություն:
Աղբյուրը՝ Doctors.am