Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերքում է այն կարծիքը, որ ինքնասպանության հակում ունեցող մարդն այդպիսին է մնում իր ողջ կյանքի ընթացքում: ԱՀԿ-ի՝ այս թեմայով ներկայացված զեկույցում մասնավորապես ասվում է՝ 
 
«Ինքնասպանության բարձր ռիսկը հաճախ կարճաժամկետ է և ներհատուկ որևէ իրավիճակի: Չնայած ինքնասպանության մասին մտքերը կարող են վերադառնալ, սակայն դրանք տևական չեն, իսկ նախկինում ինքնասպանության մտքեր ունեցած և փորձեր կատարած մարդիկ կարող են երկար ապրել»:
 
Մի շարք երկրներից ստացված փաստերը ցույց են տալիս, որ ինքնասպանություն կատարելու համար օգտագործվող միջոցների հասանելիության սահմանափակումը կարող է մարդկանց հետ պահել ինքնասպանություն գործելուց: Ինքնասպանություն կատարելու ամենատարածված միջոցներից են  վնասատուների դեմ օգտագործվող թույները, կախվելը և կրակող զենքի օգտագործումը: 
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության  զեկույցի համաձայն՝  ինքնասպանության միջոցով մահվան դեպքերի նվազեցման կարևոր միջոցներից մեկն էլ համակարգված ազգային գործողությունների ծրագիր ունենալն է, ինչը ներկայումս գործում է ընդամենը 28 երկրներում: Ինքնասպանության արդյունավետ կանխարգելման համար պահանջվում է, որպեսզի կառավարական մարմիններն աշխատեն համատեղ, և մշակեն համապարփակ և համակարգված հակազդում: 
 
«Անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով հանձնառություն ոչ միայն առողջապահության ոլորտում, այլև կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության և դատական մարմիններում» - ասում է ԱՀԿ-ը: 
 
ԱՀԿ-ի Մտավոր առողջության և հոգեմետ նյութերի չարաշահման դեպարտամենտի գիտնական բժիշկ Ալեքսանդրա Ֆլեյշմանն ասում է. 
- Կարևոր չէ, թե ինչ դիրքում է գտնվում որևէ երկիր ինքնասպանության կանխման հարցում. կարելի է ձեռնարկել արդյունավետ միջոցառումներ նույնիսկ սկսելով տեղական մակարդակից և փոքր մասշտաբներով:
 
Զեկույցը պարունակում է նաև լրատվամիջոցներին ուղղված հորդոր ինքնասպանության դեպքերի մասին հաղորդելիս պատասխանատու լինելու վերաբերյալ: Լրատվամիջոցները չպետք է սենսացիոն բնույթ տան ինքնասպանությանը կամ մանրամասնորեն ներկայացնեն ինքնասպանության համար օգտագործված միջոցները:  
 
Ավելի վաղ՝ 2014 թ.-ին, Lancet Psychiatry-ում  ներկայացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԶԼՄ-ում ինքնասպանության դեպքերի հրապարակային լուսաբանումը հանգեցնում է դեռահասների շրջանում դրանց ընդօրինակմանը: