Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին՝ Ամերիկյան օնկոլոգիական ասոցիացիայի նախաձեռնությամբ, աշխարհում նշվում է որպես ծխելուց հրաժարվելու օր: 

Մեր երկրում ևս տարվում է քարոզչություն՝ հասարակությանը ծխելու վնասակար սովորության, դրա հասցրած վնասների մասին իրազեկման հարցում:

«Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկման» ծրագրի բժիշկ-փորձագետ Աննա Դերենիկի Մարտիրոսյանը ներկայացնում է պասիվ ծխելու ազդեցությունը մարդու և հատկապես երեխաների առողջության վրա:

- Ծխախոտը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն ծխողի, այլ նաև իր հարազատների առողջության վրա: Քանի որ նրանք համարվում են պասիվ ծխողներ և նույնպես ենթարկվում են որոշակի վտանգի: Համաշխարհային վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ հատկապես մեծ է թոքի ուռուցքի առաջացման վտանգը: Բնականաբար, ամենամեծ վտանգի եթարկվում են ծխող անձանց երեխաները: Ծնողներն առանց մտածելու թունավորում են իրենց երեխաներին, քանի որ ստիպում են շնչել ծխախոտի արգասիքներով հագեցած օդը, որն էլ իր հերթին պատճառ է դառնում երեխաների մոտ վերին և ստորին շնչուղիների հիվանդությունների ակտիվացման, նպաստում է բրոնխիալ ասթմայի առաջացմանը կամ սրացմանը, նաև խանգարում է փոքր երեխաների մտավոր զարգացմանը և կարող է պատճառ հանդսիանալ ալերգիկ հիվանդությունների զարգացման:

Պասիվ ծխելն առաջացնում է գրեթե նույն հիվանդությունները` շնչառական համակարգի ուռուցքներ, քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, վերին շնչուղիների բորբոքումներ, կոնյունկտիվիտ:

Մասնագետները հաշվարկել են, որ պասիվ ծխելու դեպքում, 8 ժամվա ընթացքում օրգանիզմին հասցվում է նույն վտանգը, ինչպես ակտիվ ծխելու դեպքում, եթե անձն ամեն 5 ժամը մեկ ծխի մեկ գլանակ: Մյուս կողմից, ներշնչած օդի մեջ ուռուցքածին նյութերի պարունակությունն ավելի մեծ է՝ հատկապես CO գազ, նիկոտին, ալդեհիդ, ակրոլեին և այլ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ վնասակար նյութերն իրենց ազդեցությունն են ունենում պասիվ ծխողների արյան որակի, նյարդային համակարգի և մեզի կազմի վրա: Հատկապես վտանգավոր է CO-ի ազդեցությունը, քանի որ այն կապվում է հեմոգլոբինի հետ՝ առաջացնելով շատ ամուր կապ և ստեղծելով թթվածնային քաղց օրգանիզմում:

Հղի կնոջ համար վտանգը նույնանման է թե՛ պասիվ, թե՛ակտիվ ծխելու դեպքում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն հղիները, ովքեր գտնվում են ծխի ազդեցության ներքո, նրանց մոտ մեծ է մահածնությունը, անհաս և թերհաս երեխաների ծնունդը և վաղաժամ ծննդաբերությունների տոկոսը, ինչպես նաև, ավելի մեծ է արատով ծնված երեխաների թիվը: Այսպիսով, ծխելը հանդիսանում է կրկնակի վտանգ, քանի որ առողջական խնդիրներ առաջանում են ոչ միայն ծխողի, այլ նաև նրան շրջապատող մարդկանց մոտ:

Եկե՛ք լինենք գիտակից, եկե՛ք լինենք մարդասեր, եկե՛ք մեր իսկ ձեռքով չհարվածենք մեզ և մեր սիրելիներին: Եկե՛ք փորձենք ապրել մեր կյանքը վառ և գեղեցիկ գույներով, այլ ոչ ծխի մշուշի մեջ փորձենք գտնել մեզ և մեր հարազատներին: Կյանքը կարճ է, բայց մի հրաշալի հնարավորություն և պարգև՝ տրված յուրաքանչյուրիս ապրել այն վառ, գեղեցիկ և, որ ամենակարևորն է՝ առողջ: Չէ՞ որ այնքան բան ունենք դեռ անելու...

                        

 

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ը «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկման» ծրագրի շրջանակներում կազմակեպում է իրազեկման միջոցառումներ: «Հեռակարային զարգացման կենտրոնի» երիտասարդ թիմը նոյեմբերի17-ին և 18-ին այցելեց Աշտարակ և Գյումրի քաղաքներ, որտեղ մի քանի առևտրի կետրոնում իրականացրեց ակցիաներ՝ նվիրված ծխախոտի օգտագործման վնասակար ազդեցություններին: Ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է, առաջիկա օրերին նախատեսվում է այցելել նաև ՀՀ այլ քաղաքներ: