Ճարպակալումը համաշխարհային առողջապահական խնդիր է, որը լրջորեն վնասում է մարդու առողջությանը՝ նպաստելով տարատեսակ հիվանդությունների առաջացմանը։  Ժամանակակից աշխարհում այս խնդրի լուծման արդյունավետ տարբերակներից մեկը բարիատրիկ վիրահատությունն է, որի մասին զրուցել ենք ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ, Հայաստանում ճարպակալման վիրաբուժության հիմնադիր Արամ Սեդրակյանի հետ։ 

 

Բժի՛շկ Սեդրակյան, ի՞նչ է բարիատրիկ վիրահատությունը և ինչպե՞ս է այն իրականացվում։ 

Բարիատրիկ  վիրահատությունը ճարպակալման ժամանակակից բուժման ամենաարդյունավետ ու տարածված միջոցներից մեկն է, որն իրականացվում է լապարոսկոպիկ տարբերակով։  Այս վիրահատության ամենահաճախ կիրառվող տեսակներից է ստամոքսի երկայնակի մասնահատումը, երբ իրականացվում է ստամոքսի մեծ կորության հեռացում, որի շրջանում էլ գտնվում է գրիլին (սովի հորմոն) արտադրող բջիջների խումբը։ Հենց այս հորմոնի արտադրումից հետո մարդու մոտ առաջանում է քաղցի զգացում։  Բացի այս, ինչպես հուշում է վիրահատության անունը, այն ունի ծավալը փոքրացնող էֆեկտ։ Ստացվում է, որ մեկ վիրահատությամբ երկու կարևոր խնդիր ենք լուծում՝ թե՛ ստամոքսի չափերի փոքրացում ենք իրականացնում, թե՛ սովի հորմոն արտադրող բջիջների խմբի հեռացում (իհարկե, բջիջներն ամբողջությամբ հեռացնել չենք կարող, քանի որ անհնար է դրանք առանձին-առանձին տեսնել)։  Արդյունքում ստամոքսը դառնում է բանանի չափ և նրա մեջ տեղավորվում է 250-300մլ կերակուր։ 

Ցանկացած վիրահատական միջամտություն որոշակի ռիսկեր և բարդություններ է ենթադրում։ Ո՞րն է այս վիրահատությանը ամենաբնորոշ բարդությունը։ 

Վիրահատության ամենատիպիկ բարդությունը մեխանիկական կարի անբավարարությունն է, որի հետևանքով կարող է նկատվել ինտոքսիկացիա, հաճախասրտություն, ցավ որովայնի խոռոչում։ Այս բարդությունը, սակայն, շատ հազվադեպ է հանդիպում։

Իսկ ինչպիսի՞ն է լինում վերականգնման շրջանը բարիատրիկ վիրահատությունից հետո և ինչպե՞ս է փոխվում այցելուի կյանքը։

Վերականգնման շրջանն անհատական է։ Սովորաբար վիրահատությունից հետո այցելուն երկու-երեք օր մնում է հիվանդանոցում, որից հետո կարող է վերադառնալ տուն։  Վիրահատությունից հետո փոխվում են գաստրոնոմիկ պահանջմունքները։ Օրգանիզմը սկսում է ավելի առողջ սնունդ պահանջել։ Նշեմ, որ մեկ ամսվա ընթացքում վիրահատված անձը հետևում է հատուկ սննդակարգի։  Առաջին 14 օրերի սննդացանկը ներառում է հիմնականում արգանակներ, կեֆիր, յոգուրտներ, տնային չրերից պատրաստված կոմպոտ, երկրորդ 14 օրերին այցելուն ընդունում է  շիլայանման կերակուրներ։ Մեկ ամիս անց կարելի է ընդունել ցանկացած սնունդ բացի գազավորված ըմպելիքներից։  Իհարկե, առողջ սննդացանկին պետք է մշտապես հետևել։  Վիրահատությունից մեկ շաբաթ անց կարելի է նաև որոշակի ֆիզիկական ակտիվություն ունենալ, սակայն ոչ ծանրաբեռնված ձևով, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության կարելի է անցնել միայն երեք ամիս անց։

Սովորաբար ի՞նչ արդյունք կարելի է սպասել բարիատրիկ վիրահատության իրականացումից հետո։ 

Բարիատրիկ վիրահատության շնորհիվ կարելի է կորցնել ավելորդ քաշի 70-80%-ը։ Որպես դրական արդյունք լուծվում են ճարպակալման հետևանքով առաջացած մի շարք առողջական խնդիրներ։ Իհարկե, արդյունքի պահպանման համար անհրաժեշտ է առողջ սնվել և ֆիզիկապես  ակտիվ լինել։