Տարեց մարդկանց մոտ քնի խանգարումը կապված է հիպոթալամուսի միջանկյալ կորիզի արգելակող նեյրոնների կորստի հետ, պարզել են Beth Israel Deaconess Medical Center-ի (Բոստոն, ԱՄՆ) և Տորոնտոյի համալսարանի (Կանադա) հետազոտողները: Աշխատանքը հրապարակվել է Brain ամսագրում:
 
Գիշերային քնի տևողությունը  70-ամյա մարդու մոտ մեկ ժամով ավելի պակաս է, քան 20-ամյա երիտասարդի քնի տևողությունը: Բացի այդ, մեծ տարիքում առաջանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քնելու դժվարությունները, հատվածավորված քունը, վաղ արթնանալը: Այս երևույթի նյարդակենսաբանական հիմքը մինչ այժմ պարզ չէր:
 
Կլիֆորդ Սեյփերի կողմից ղեկավարված խումբը դեռևս 1996 թվականին առնետների վրա կատարված հետազոտությամբ պարզել է, որ հիպոթալամուսի վենտրոլատերալ պրեօպտիկ կորիզի արգելակող նեյրոնների պուլը գործում է որպես քնի ռեժիմի կարգավորիչ՝ արգելակելով գլխուղեղի ակտիվ համակարգերը, որպեսզի կենդանիները կարողանան քնել: Փորձարկումները ցույց են տվել, որ այդ նեյրոնների կորուստը հանգեցնում է անքնության. առնետների քունը կրճատվել է կիսով չափ՝ նորմալ քնի համեմատ, իսկ առկա քունը եղել է ընդհատումներով և անհանգիստ:
Մարդու գլխուղեղում կա մի հատված, որը համապատասխանում է առնետների վետրոմեդիալ պրեօպտիկ կորիզին, որն արգելակում է հիպոթալամուսի միջանկյալ կորիզի նեյրոնները: Այդ շրջանը տեղակայված է գլխուղեղում և նրանում գործում է նույն տիպի արգելակող նեյրոմեդիատոր՝ գալանինը: Հիմնվելով այս տվյալների վրա՝ Սեյփերը և նրա գործընկերները ենթադրել են, որ հիպոթալամուսի միջանկյալ կորիզի արգելակող նեյրոնները կարող են մարդու քնի և արթուն վիճակի ցիկլերում խաղալ նույն կարգավորիչ դերը, ինչ-որ առնետների մոտ:
 
Այս հիպոթեզի հաստատման համար կատարել են այն տվյալների վերլուծությունը, որոնք ստացվել էին 1997 թվականին սկսված ծերացման և դեմենցիայի երկարատև հետազոտման արդյունքում: Հետազոտության մեկնարկին մասնակցել են 65 տարեկան մոտ հազար կին և տղամարդ, ում առողջությունը հսկվել է մինչ նրանց մահը, որից հետո նրանց գլխուղեղներն ուղարկվել են գիտական ուսումնասիրության: Հետազոտվողների մեծ մասը 2005 թվականից սկսած ամեն երկու տարին մեկ անցել են ակտիգրաֆիկ հետազոտություն. մարդիկ շուրջօրյա իրենց վրա կրում էին սարք, որը 15 վայրկյան ընդմիջումով ամրագրում էին նրանց կողմից կատարված բոլոր շարժումները: Այս տեղեկատվությունը Սեյփերի խմբի կողմից օգտագործվել է տարեց մարդկանց քնի որակական և քանակական գնահատման համար: 
Գիտնականները ուսումնասիրել են 45 մահացած մասնակիցների գլխուղեղները (մահվան միջին տարիքը եղել է 89.2 տարեկան և 71% կազմել են կանայք)՝ որոշելով հիպոթալամուսի միջանկյալ կորիզի արգելակող նեյրոնների քանակը և այն համեմատել են մահվանից մեկ տարի առաջ քնի որակի հետ: Արդյունքում հաստատվել է, որ այս տվյալները համապատասխանում են միմյանց՝ որքան քիչ են հիպոթալամուսի արգելակող նեյրոնները, այնքան քնի որակը վատն է: Առավել մեծ քանակությամբ այդ ներյոններն ունեցող մասնակիցները (ավելի քան 6000) գիշերվա կեսից ավելին անց էին կացրել անշարժ վիճակում, ինչ վկայել է խորը քնի մասին: Տարեց մարդիկ, ում հիպոթալամուսի արգելակող նեյրոնները 3000-ից քիչ են եղել, ունեցել են կարճ և ընդհատումներով քուն:
«Մեր ստացած տվյալներն առաջին անգամ վկայում են այն մասին, որ հիպոթալամուսի միջանկյալ կորիզի արգելակող նեյրոնները քնի մեխանիզմում խաղում են կարևոր դեր և ֆունկցիոնալ կատարում են նույն դերը, ինչ առնետների մոտ վենտրոլատերալ պրեօպտիկ կորիզի նեյրոնները,-նշել է Սեյփերը,- տարիքի հետ այս նեյրոնների կորուստը կարող է տարեց մարդկանց քնի խանգարման պատճառ հանդիսանալ: Այս գործընթացի նեյրոկենսաբանական հիմքերի մասին պատկերացումը կարող է հետագայում նպաստել քնի խանգարման բուժման նոր մեթոդների մշակմանը»:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medportal.ru