Գոյություն ունի կարևոր պայման, որը  հանգստի մեկնելուց առաջ պետք է հաշվի առնել: Դա ընտրված ժամանակահատվածն է և տևողությունը: Հակառակ դեպքում հանգիստը կամ հետհանգստյան շրջանը կարող է ուղեկցվել ձեռքբերովի հիվանդություններով: Ճամպրուկները կապելուց առաջ գրեթե ոչ ոք չի մտածում այն ռիսկերի մասին, որոնց կարող է բախվել իր կամ երեխայի օրգանիզմը: Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք գիտեն՝ հանգստի մեկնելուց առաջ հարկավոր է պատվաստվել:

Կոլորադոյի (ԱՄՆ) հանրային առողջության դպրոցի գիտնականները տվյալներ են փոխանցում. այն երեխաները, որոնք ունեցել են ծովային հանգիստ, հայտնվել են մաշկային հիվանդություններով, հատկապես մաշկային քաղցկեղով հիվանդանալու ռիսկի տակ:  Ըստ նրանց՝ յուրաքանչյուր ծովափնյա հանգստից հետո այդ ցուցանիշն աճում է 5%-ով: Ուսումնասիրության ղեկավարը՝ Լորի Քրեյնը, կարծում է՝ ծնողները պետք է ավելի պատասխանատու լինեն իրենց երեխաների առողջության համար՝ խուսափելով ծովային ուղևորությունից: Առաջարկում է  երեխաներին ծովափնյա հանգստի տանել ոչ ավելի վաղ, քան 10-12 տարեկանը լրանալը:

Եթե ծովային հանգիստ չեք ընտրել, այլ որոշել եք շրջագայել, ապա կարևոր է իմանալ՝ Եվրոպայում շատ տարածված է  կարմրուկը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ կարմրուկն ամբողջ աշխարհում վաղ հասակի երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկն է:
Առողջապահության համաշխարհային  կազմակերպությունը տվյալներ է փոխանցում այն մասին, որ ամեն  տարի կարմրուկով հիվանդանում է 24-ից 30 միլիոն մարդ։
Համաճարակային վիճակն առավել ծանր է Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։ Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք:

Ամբողջ աշխարհում պարտադիր պատվաստումներից է համարվում է դեղին տենդը, որը  փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով: Նախանշաններն են բարձր ջերմությունը, ուժեղ գլխացավը, մեջքի և վերջույթների մկանների ցավերը, սրտխառնոցը և այլն:

Հայաստանում  շատերը նախնտրում են հանգստի ծովափնյա տարբերակը, բայց քչերն են, որ հետաքրքրվում են զբոսաշրջային մանրամասներով: ՀՀ  Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է՝ հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային վիճակը և իրականացնել կանխարգելիչ պատվաստումներ ու քիմկանխարգելում:

Պետք է հիշել, որ անհրաժեշտ է  մշտապես հետևել անձնական հիգիենայի կանոններին, պարբերաբար լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով, սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում, հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր:

Հանգստի մեկնելիս պատվաստում ստանալու նպատակով պետք է դիմել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն, որտեղ կարող եք համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն  ստանալ պատվաստումների մասին: Զբոսաշրջային հանգստի համար կատարվում են վճարովի պատվաստումներ:

Մանկահասակ երեխաների հետ հանգստի մեկնելիս շատ կարևոր է, որ ճանապարհորդության տևողությունը լինի 15 օրվա սահմանում: Այդ ընթացքում երեխան կհասցնի հարմարվել նոր պայմաններին: Հաճախ օտար միջավայրում շատ կարճ ժամանակ անցկացնելն իր բացասական հետևանքներն է թողնում երեխայի վրա. նա չի հասցնում լիարժեք հարմարվել տվյալ երկրի օդին ու  եղանակին: Հետո, երբ վերադարձ է լինում իր հին միջավայրին, երեխայի մոտ նվազում է դիմադրողականությունը, կարող է նկատվել անգամ մազաթափություն ու այլ խնդիրներ: