Հղիության ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել բերանի խոռոչին առողջությանը: Հղին պետք է առավել ուշադիր լինի բերանի խոռոչի հիգիենիկ պրոցեդուրաների, սննդի նկատմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դիմի ատամնաբույժին: Այս միջոցառումները ոչ միայն կանխարգելում են բերանի խոռոչի պրոբլեմները հղիության ընթացքում, այլև կանխորոշում են դեռևս չծնված երեխայի ընդհանուր առողջական և ատամների վիճակը:

Հղիության ինն ամիսների ընթացքում կինը գոնե մեկ անգամ, իսկ ավելի ճիշտ կլինի յուրաքանչյուր երեք ամիսը մեկ այցելի ատամնաբույժի: Դա կարևոր է նաև այն պատճառով, որ հղիությունը սաստկացնում է գոյություն ունեցող որոշ ստոմատոլոգիական պրոբլեմներ:

Ատամնափութ (կարիես)

Դրա պատճառը թթուների ազդեցությունն է ատամի էմալի վրա: Այդ թթուներն առաջանում են շաքարի կամ ածխաջրերի քայքայումից, բակտերիաների միջոցով, որոնք միշտ ներկա են բերանի խոռոչում: Հետևաբար շաքարի քիչ օգտագործումը և հիգիենիկ միջոցառումները կարևորագույնն են ատամնափութից խուսափելու համար: Կանոնավոր խոզանակով մաքրեք ձեր ատամները չմոռանալով խոզանակել նաև լեզուն, ազատվելու համար բերանի խոռոչի ավելորդ մանրէներից: Սա կօգնի նաև  ունենալ բերանի թարմ հոտ: Եթե տվյալ պահին չունեք այդ հնարավորությունը մինչև ատամները մաքրելը կարող եք ծամել շաքար չպարունակող ծամոն, մի կտոր պանիր կամ արախիս (գետնընկույզ), որոնք ունեն ժամանակավոր մանրէասպան ազդեցություն:

Լնդերի հիվանդություններ

Ատամների վրայի չհեռացված փառը գրգռում է լնդերը, որի հետևանքով նրանք դառնում են կարմրագույն, զգայուն և հաճախ արյունահոսում են: Հղիության ժամանակ հորմոնների ավելացումը օրգանիզմում ավելի զգայուն է դարձնում լնդերը ատամնափառի նկատմամբ: Այս պրոցեսները կանխելու նպատակով դարձյալ անհրաժեշտ է օրը գոնե երկու անգամ խոզանակել ատամները:

Սնունդը

Երեխայի ատամները սկսում են ձևավորվել հղիության երրորդից վեցերրորդ ամիսների ընթացքում ուստի շատ կարևոր է այդ ժամանակահատվածում ընդունել համապատասխան սննդամթերքներ, որոնք պարունակում են A, C, D վիտամիններ, սպիտակուցներ, կալցիում և ֆոսֆոր:Աշխատեք քիչ օգտագործել կամ ընդհանրապես չօգտագործել շաքար կամ քաղցրավենիք և օգտագործեք C վիտամինով հարուստ սնունդ:
Եթե ունեք բերանի խոռոչի որևէ հիվանդություն, մի սպասեք մինչև ատամներն իրենք օգնություն խնդրեն, անմիջապես դիմեք բժշկի:

Հիշեք, որ փչացած և ժամանակին չբուժված  ատամը կարող է լինել վարակի աղբյուր, որը տարածվելով ամբողջ օրգանիզմում վտանգի է ենթարկում և մորը և պտղին: