Երեխայի խոսքի զարգացման հապաղում հաճախ կարող է հանդիպել երկլեզու ընտանիքներում, երբ ծնողներից մեկը խոսում է մի լեզվով, մյուսը՝ մեկ այլ, կամ երբ ընտանիքն ապրում է օտար երկրում:

Լոգոպեդ Շուշան Ավագյանը նշում է, որ երեխայի խոսքի նորմալ զարգացման համար ցանկալի է, որպեսզի ծնողները երկուսով խոսեն մեկ լեզվով կամ էլ մայրը կոնկրետ մեկ լեզվով խոսի, հայրը՝ կոնկրետ մեկ այլ լեզվով, այսինքն՝ ծնողները պետք է խուսափեն իրենց խոսքում միաժամանակ երկու լեզվի գործածումից:

Երկու լեզուների հարաբերակցությունը պետք է լինի 50/50:

Ընդհանրապես, եթե ընտանիքն ապրում է արտերկրում, ապա ցանկալի է, որպեսզի տանը խոսեն տվյալ երկրի լեզվով, որովհետեւ երեխան ապրելու է այդ միջավայրում, գնալու է դպրոց, շփվելու է իր հասակակիցների հետ, եւ եթե տանը խառը լեզուներ հնչեն կամ միայն մայրենի լեզու, երեխան կշփոթվի:

Շատ հաճախ դրսում ապրող հայերը մտավախություն են ունենում, որ երեխան կարող է հայերեն չսովորել, սակայն վստահեցնում եմ, որ հենց երեխան սկսեց խոսել, իր համար որեւէ դժվարություն չի լինի հետագայում երկրորդ կամ երրրոդ լեզու սովորելը:


 

Աղբյուրը՝ Doctors.am